2011 թվականից միջազգային հանրությունը Հայաստանի առաջ ավելի շատ զիջումներ անելու, Արցախի միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից հրաժարվելու խնդիր է դրել. Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատերազմի վերաբերյալ «մի շարք շահարկումների, մի շարք ապատեղեկատվությունների և մի շարք հարցերի պատասխանը տալու պատեհ առիթ» ունենալով, ասաց, թե հետպատերազմական շրջանում նախկինում Հայաստանը ղեկավարած անձինք հանդես են եկել հայտարարություններով, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է հստակ պարզաբանվեն:

«Մեր իրականության մեջ ստեղծվել է, այդ թվում՝ իմ ասած շրջանակի կողմից, մի այսպիսի ըմբռնում, թե այն կողմը, որը բանակցություններում, այսպես ասած, ցուցաբերում է ոչ կառուցողական մոտեցում, այդ կողմի նկատմամբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում` նրան կառուցողական դաշտ բերելու համար:

Սա ուղղակի պարզ մոլորություն է, ժողովրդին և բոլորին մոլորության մեջ գցելու փորձ, որովհետև մի իքս պահից սկսած, առնվազն 2011 թվից սկսած, երբ որ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշումներ, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է, որ՝ արի կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ դրել է խնդիր, որ՝ «գիտես, ավելի շատ զիջումներ արա, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ»: Եվ, ընդ որում, այն պնդումները, որ հանրաքվեի շուրջ պայմանավորվածություններ կան, ովքեր պիտի մասնակցեին հանրաքվեին, ես ուզում եմ պարզաբանել, որ սա նույնպես մեր ժողովրդին մոլորության մեջ գցելու փորձ է:

Այո, բանակցային փաթեթներում, այդ թվում՝ 2015-16 թվականներից քննարկվող, եղել է հանրաքվեի դրույթ և ասվել է, որ այդ հանրաքվեն պետք է արտահայտի Լեռնային Ղարաբաղի, խնդրում եմ ձևակերպումներին ուշադրություն դարձրեք, որովհետև առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան այդ ձևակերպումներում չեք գտնելու, որ հանրաքվեն պետք է արտահայտի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց չկա ընդգծում` իսկ որտե՞ղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, հանրաքվեի արեալը նկարագրված չէ, և սա սկզբունքային կարևոր հարց է, որովհետև Ադրբեջանը միշտ ունեցել է այն դիրքորոշումը, որ իր Սահմանադրության համաձայն և իր տրամաբանության համաձայն՝ իր, միջազգայնորեն իր տարածքի մաս համարվող որևէ հատվածի կարգավիճակի հարց կարող է ճշգրտվել միայն այնպիսի հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Եվ սա եղել է բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը:

Երբ որ հարց է ծագել` ո՞նց ենք մեկնաբանելու այս դրույթը, այդ թվում՝ համանախագահներին է այդպիսի հարց առաջադրվել, պատասխանը եղել է` այն մեկնաբանությունը, որի շուրջ կհամաձայնեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ահա այն մեկնաբանությունը ընդունելի է մեզ համար:

Հաջորդ հարց` իսկ ի՞նչ է նշանակում՝ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն, իսկ ի՞նչ է դա նշանակում: Ադրբեջանի մեկնաբանմամբ՝ դա նշանակում է՝ ներքին տեղահանվածներ, այդ թվում՝ տեղահանումից հետո նրանց ընտանիքի անդամներ, որոնք ծնվել են դրանից հետո: Եվ եկեք արձանագրենք, որ ըստ համենայն դեպս եղած տվյալների, հայտնի իրադարձությունների բերումով Արցախյան առաջին պատերազմի համատեքստում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքից հեռացել է շուրջ 40.000 ադրբեջանցի, շուրջ, եթե ոչ ավել: Գոնե պաշտոնական տվյալներով:

Հաջորդ հարցը` իսկ ի՞նչ կոնկրետ հարց է դրվելու հանրաքվեի, ո՞վ է ձևակերպելու այդ հարցը: Այս հարցին նույնպես հստակ պատասխաններ չեն եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` Ադրբեջանը 2011-ից հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներով միջանկյալ կարգավիճակի քննարկումից, ու Ադրբեջանի այս դիրքորոշումը 2014-2015թթ.-ից արժանացել է միջնորդների աջակցությանը, ու «2016թ․ ապրիլյան պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ միջնորդների կողմից հայկական կողմին առաջարկվել է, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից»:

«2016 թվականի ապրիլից երկու ամիս առաջ միջնորդների կողմից եղել է հստակ առաջարկ, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից: Հայկական կողմը հրաժարվել է, և դրանից երկու ամիս անց սկսել է ապրիլյան պատերազմը, որը տարածքային կորուստներից հետո կանգնեցնելու հանգամանքով ըստ էության դառնում է, պիտի դառնար իմ նշած օրակարգի, այսինքն՝ միջանկյալ կարգավիճակից հրաժարումի պարտադրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս