Անտիէլիտա

Հասարակության բնականոն կենսագործունեության ու հատկապես զարգացման, առաջընթացի համար չափազանց կարևոր նշանակություն ունեն էտալոնները, օրինակները, այն անհատներն ու անհատների խմբերը, որոնց հաջողության պատմությունները ոգևորում են մարդկանց, դառնում են վերջիններիս համար վարքագծային կողմնորոշիչներ։ Խոսքն այն անհատների մասին է, որոնք հաջողություններ են արձանագրում այս կամ այն ոլորտում՝ քաղաքականությունից մինչև բիզնես, մշակույթից մինչև գիտություն։

Այս առումով Հայաստանում պատկերը չափազանց տխուր է, որովհետև այստեղ հաջողության պատմությունների հիմքում ամենևին ընկած չեն այն ունակություններն ու կարողությունները, որոնք քարոզվում են դպրոցներում ու բուհերում։ Հայաստանում հարստությունը, չնչին բացառություններով գրեթե ուղիղ համեմատական է տգիտությանը և հակադարձ համեմատական է ինտելեկտին։ Որքան ավելի մեծ է տարբեր անհատների կոնֆլիկտը բանականության ու քաղաքակրթության հետ, այնքան ավելի մեծ է նրա կարողությունը, նույն կորելացիան գործում է նաև մականունի հնչեղության պարագային՝ որքան ավելի ցցուն է մականունը, այնքան ավելի շատ են կարողությունը հաշվող զրոները։

Նույն պատկերն է նաև քաղաքականության մեջ։ Հաջողության հասնելու համար պետք է լինել ոչ թե բանիմաց ու մտածող, այլ հնարավորինս շուստրի ու առավելագույնս աֆերիստ։ Համապատասխանաբար նաև՝ քծնող ու անմիտ, պատեհապաշտ ու կոնյունկտուրային։ Ահա այս և անձի մասին ոչ դրական համարվող բազմաթիվ այլ որակների առկայությունն է Հայաստանում հաջողություն ապահովում քաղաքականության մեջ։ Այդ բոլոր որակների խտացված կրողները հասնում են նաև իշխանության գագաթին, ինչպես տեղի է ունեցել 2018 թվականին։

Մշակույթի կամ գիտության պարագային այս սխեմաները չեն գործում կամ գործում են ոչ ամբողջությամբ։ Բայց խնդիրն այն է, որ մշակույթն ու գիտությունը՝ որպես գործունեության տեսակ, Հայաստանում չունեն այն ընկալումն ու նշանակությունը, ինչպես ավելի հասուն հասարակություններում և հայ իրականության մեջ քչերն են ձգտում զբաղվել իրական մշակույթով կամ գիտությամբ, որովհետև դա չի ապահովում պահանջմունքի բավարարում կամ բարեկեցություն։ Այս իրավիճակում հասարակության, հատկապես՝ դրա երիտասարդ հատվածի համար վաղուց Հայաստանում ուղենիշային են դարձել այնպիսի դեմքեր, որոնք որևէ նորմալ հանրությունում լավագույն դեպքում կգտնվեին լուսանցքում և առնվազն կարժանանային հանրային պարսավանքի։

Մեզ մոտ հակառակն է՝ մենք ձգտում ենք նրան, ինչը պարսավում են նորմալ պետություն կառուցածները, և պարսավում ենք այն, առանց որի հնարավոր չէ նորմալ երկիր ունենալ։ Էտալոնների այս դեգրադացիան բացասաբար է ազդում հասարակության արժեքային համակարգի, վարքագծային ուղենիշների ու գործողությունների վրա։ Անորակ էլիտաներն այդպիսին են դարձնում նաև հանրության մյուս շերտերին, որոնց ներկայացուցիչները վաղը հավակնելու են դառնալ էլիտա։

Այս գործընթացն իրականում հիշեցնում է փակ շղթա, որից հնարավոր է դուրս գալ միայն էլիտայի՝ վերնախավի որակի բարձրացման միջոցով։

Բայց ինչի՞ հաշվին պետք է բարձրանա վերնախավի որակը, եթե դրա շարքերում հայտնվելու հավակնություն ունեցողների համար ուղենիշային են այն էտալոնները, որոնք ստեղծված անառողջ իրավիճակի պատճառներն են։ Այդ հարցի պատասխանը տակավին անհայտ է, և քանի դեռ այն չի գտնվել, մենք շարունակելու ենք ապրել այնպիսի էտալոններ ունեցող հասարակությունում, որոնք այդ նույն հասարակության զարգացման ու առաջընթացի գլխավոր խոչընդոտներն են։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս