Կառավարությունից այդպես էլ չստացվեց պատասխան՝ ինչո՞ւ են ԱԺ-ից հետ կանչել ՄԻՊ-ին առնչվող խայտառակ նախագիծը
Երեկ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Մարդու իրավունքների պաշտպանի անկախության սահմանադրաիրավական երաշխիքները վերացնող օրենքի նախագիծը Կառավարությունը հետ է կանչել ԱԺ-ից։ Անպայման պետք է դրսից էլ ճնշում լիներ, որ հասկանային՝ չի կարելի քանդել պետության միակ կայացած ինստիտուտը»:
Հիշեցնենք, որ Կառավարության մարտի 11-ի նիստում հավանության էր արժանացել «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին սահմանադրական օրենքում այնպիսի փոփոխություն կատարելու հարցը, որով Պաշտպանի աշխատակազմին տրամադրվող բյուջեի առաջարկվող չափն այսուհետ կախված կլինի Կառավարության հայեցողությունից: Հարցը կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել և ընդունվել էր՝ որպես չզեկուցվող, չքննարկվող հարց, այսինքն՝ թաքուն, գաղտագողի, Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային առարկություններով:
Գործող օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի հաստատության համար պետական բյուջեով ֆինանսավորման չափը չի կարող լինել պակաս, քան նախորդ տարի պետական բյուջեով նախատեսված հատկացման չափն է:
Կառավարության առաջարկած փոփոխությամբ՝ այդ երաշխիքը վերացվում էր, և ստացվում էր, որ հաջորդ տարվա բյուջեն կարող է կրճատվել՝ ցանկացած հիմնավորմամբ, ցանկացած մարդու կամայականության արդյունքում։ Ասենք՝ կարող է մի օր ՄԻՊ որևէ հայտարարություն կամ զեկույց Նիկոլ Փաշինյանին կամ Ատոմ Ջանջուղազյանին դուր չգալ, ու որոշեն այդ կերպ պատժել ՄԻՊ ինստիտուտին:
Այդ օրերին մամուլը, հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ շատ գրեցին, որ այս փոփոխություններն ուղղակի խոչընդոտ են ՄԻՊ աշխատանքին, քանի որ սրա արդյունքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարող են կրճատվել՝ ինչպես աշխատողների թիվը, այնպես էլ՝ այցերը տարբեր հաստատություններ, մարզեր, սահմանային գոտիներ, սահմանափակվել բողոքների քննարկումները, ինչպես նաև՝ դադարել արագ արձագանքման հնարավորությունը, տեխնիկական միջոցներ ձեռք բերելու հնարավորությունը և այլն:
24/7 ռեժիմով աշխատող այս կառույցին նման կացության մեջ դնելու նպատակը միակն էր՝ քաղաքական: Իշխանությունները, տեսնելով, որ որևէ կերպ, չնայած իրենց կողմից գործադրվող ջանքերին, ֆեյքային հարձակումներին, չեն կարողանում սահմանափակել ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը, և վերջինս իր բոլոր հնարավորությունները գործի է դնում ՀՀ-ում այս պահին միակ աշխատող կառույցը կենսունակ պահելու, Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության դեմ պայքարելու, հետպատերազմյան Հայաստանի դարդն ու ցավը միջազգային հանրության ականջներին լսելի դարձնելու համար, հիմա էլ որոշել են այսպես «խեղճացնել» նրան: Չկա ֆինանսավորում, չկա ողջ ծավալով գործունեություն ծավալելու հնարավորություն:
Ասուլիսով հանդես եկավ նաև ինքը՝ Արման Թաթոյանը՝ նշելով, որ նախագիծն ընդունվելու դեպքում ինքն անպայման դիմելու է Սահմանադրական դատարան՝ կասեցնելու դրա գործողությունը՝ որպես ակնհայտ հակասահմանադրական նախագիծ:
Այս նախագծի առնչությամբ իրենց մտահոգությունն արտահայտեցին նաև տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: Մարդու իրավունքների եվրոպական հաստատությունների ցանցի նախագահը հանդես եկավ բաց նամակով, Խոշտանգումների կանխարգելման Ժնևի ասոցիացիայի գլխավոր քարտուղարը, «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ նույնպես, իսկ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը նշել էր, որ ուսումնասիրության է վերցրել հարցը:
Ըստ էության կառավարության նկատմամբ անհամաչափ ճնշում գործադրվեց, որովհետև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս նշել էին, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքային փորձը գնահատվում է՝ որպես լավագույն փորձ, և ՄԻՊ ֆինանսական անկախության երաշխիքի վերացումն իր հետ տարատեսակ խնդիրներ բերելուց բացի՝ կարող է հանգեցնել A կարգավիճակի կորստին:
168.am-ն այսօր առավոտյան կառավարության լրատվական ծառայությունից հարցրեց, թե որն է եղել այս նախագծի՝ կառավարության կողմից հետկանչի պատճառն ԱԺ-ից: Մեզ խոստացան ճշտել ու պատասխանել, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտն այդպես էլ չպատասխանեցին: Ավելին, մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան:
Փաստորեն, ողջ օրվա ընթացքում կառավարությունում այդպես էլ մի խելամիտ «պատասխան» չգտան՝ հիմնավորելու համար նախագծի հետկանչը, մինչդեռ այնքան խրոխտ կերպով էին պաշտպանում այդ նախագիծն ընդունելու «հիմնավորումները»: