ՄԻՊ ֆինանսական անկախությունը վերացնելու իրական նպատակը

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին սահմանադրական օրենքում այնպիսի փոփոխություն կատարելու հարցը, որով Պաշտպանի աշխատակազմին տրամադրվող բյուջեի առաջարկվող չափն այսուհետ կախված կլինի Կառավարության հայեցողությունից։

Հարցը կառավարության նիստի օրակարգում թվով 17-րդն է, օրակարգում ընդգրկվել և ընդունվել է՝ որպես չզեկուցվող, չքննարկվող հարց, այսինքն՝ թաքուն, գաղտագողի, Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային առարկություններով:

Օրակարգից երևում է, որ այս փոփոխությունները նախաձեռնել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Գործող օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի հաստատության համար պետական բյուջեով ֆինանսավորման չափը չի կարող լինել պակաս, քան նախորդ տարի պետական բյուջեով նախատեսված հատկացման չափն է:

Կառավարության առաջարկած փոփոխությամբ՝ այդ երաշխիքը վերացվում է, և ստացվում է, որ հաջորդ տարվա բյուջեն կարող է կրճատվել՝ ցանկացած հիմնավորմամբ, ցանկացած մարդու կամայականության արդյունքում։ Ասենք՝ կարող է մի օր ՄԻՊ որևէ հայտարարություն կամ զեկույց Նիկոլ Փաշինյանին կամ Ատոմ Ջանջուղազյանին դուր չգալ, ու որոշեն այդ կերպ պատժել ՄԻՊ ինստիտուտին:

Այս փոփոխություններն ուղղակի խոչընդոտ են ՄԻՊ աշխատանքին, քանի որ սրա արդյունքում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարող են կրճատվել՝ ինչպես աշխատողների թիվը, այնպես էլ՝ այցերը տարբեր հաստատություններ, մարզեր, սահմանային գոտիներ, սահմանափակվել բողոքների քննարկումները, ինչպես նաև՝ դադարել արագ արձագանքման հնարավորությունը, տեխնիկական միջոցներ ձեռք բերելու հնարավորությունը և այլն:

Փոփոխությունն ուղղակիորեն խաթարելու է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, վտանգելու է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի բացարձակ սահմանադրական իրավունքը:

Որպես հիմնավորում՝ կառավարությունը նշել է. «Կառավարությունը որդեգրելու է այնպիսի մոտեցում, որն անաչառ կերպով գնալու է պետական մեքենայի վրա ծախսվող յուրաքանչյուր դրամի հասցեականության և արդյունավետության հետևից։ Պետական կառավարման համակարգում հստակ ամրագրվելու է գործառույթ-մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան՝ կառավարման համակարգին հատուկ է լինելու համընդհանուր, ստանդարտացված, օբյեկտիվ մոտեցումների և ծախսարդյունավետ լուծումների սկզբունքը»։

Ծիծաղելի այս հիմնավորման հեղինակները, չգիտես ինչու, համարում են, որ իրենց ուսապարկային Ազգային ժողովի պատգամավորներին ոչինչ չանելու ու միայն Նիկոլ Փաշինյանի կամքը կատարելու՝ կոճակ սեղմելու համար տրվող ահռելի պարգևավճարներն ավելի նպատակային են, քան, օրինակ, ՄԻՊ աշխատակազմին տրվող ֆինանսավորումը:

24/7 ռեժիմով աշխատող այս կառույցին նման կացության մեջ դնելու նպատակը միակն է՝ քաղաքական: Իշխանությունները, տեսնելով, որ որևէ կերպ, չնայած իրենց կողմից գործադրվող ջանքերին, ֆեյքային հարձակումներին, չեն կարողանում սահմանափակել ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը, և վերջինս իր բոլոր հնարավորությունները գործի է դնում ՀՀ-ում այս պահին միակ աշխատող կառույցը կենսունակ պահելու համար, հիմա էլ որոշել են այսպես «խեղճացնել» նրան: Չկա ֆինանսավորում, չկա ողջ ծավալով գործունեություն ծավալելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարությունը նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից վերցրեց 3 մեքենա՝ հիմնավորելով՝ 2020թ. նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ու պատերազմի հետևանքով «ՀՀ-ում առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու, տնտեսությունում ֆինանսական ներարկումներ իրականացնելու հրատապ անհրաժեշտությամբ։

Կառավարությունն իր այս քայլով ՄԻՊ-ին իրենից ֆինանսական կախվածության մեջ դնելով՝ ուղղակիորեն ասում է՝ տես, Արման Թաթոյան, իշխող ուժի, ֆինանսների նախարարի, կառավարության այլ կամակատարների հետ լավ կլինես՝ կտանք ֆինանսավորում, չէ՝ ուրեմն չէ:

Իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ցուցիչը և գնահատականը ադրբեջանական իշխանությունների վայրահաչոցներն են նրա հասցեին, որովհետև չի կարող թշնամիդ քեզ գովաբանել, և եթե տարբեր տրամաչափի թշնամական քաղաքական ու հասարակական գործիչներ քեզ առավոտից երեկո քննադատում են, ուրեմն դու ամեն ինչ ճիշտ ես անում:

Տեսանյութեր

Լրահոս