«Հաշվի առնելով ծնողների զայրույթը, Փաշինյանն Ադրբեջանի պահանջները շատ մեծ հաճույքով կկատարի». Ադրբեջանի հարցերով փորձագետ
Ապրիլի 8-ի երեկոյան որոշ իշխանամերձ լրատվամիջոցներ լուրեր տարածեցին, որ մեկ ժամից Բաքվից Երևան կժամանի հայ ռազմագերիների մի խումբ տեղափոխող ինքնաթիռը։ Այս տեղեկությունը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անմիջապես հաստատել էր նաև Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։
Մինչ ծնողները սրտատրոփ շտապել էին «Էրեբունի» օդանավակայան՝ դիմավորելու ամիսներ շարունակ ադրբեջանական գերության մեջ գտնվող իրենց զավակներին, տեղեկություն տարածվեց, որ Բաքվից ինքնաթիռը դատարկ է վերադարձել, որևէ հայ ռազմագերի չի բերել։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանի խոսնակը լրատվամիջոցներից պահանջել էր հեռացնել իր իսկ տված տեղեկատվությունը։
Ինչո՞ւ իշխանությունը հերթական անգամ, այն էլ՝ գերիների խնդրի հետ կապված, ստեց հայ հասարակությանը, առհասարակ դրանով ի՞նչ նպատակ է հետապնդում։
168.am–ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը պատասխանելով այս հարցերին և անդրադառնալով ընդհանուր թեմային, նշեց, որ Հայաստանի իշխանությունը փորձում է ցանկալին իրականության փոխարեն անցկացնել։
«Հավանաբար ինչ-որ խոսակցություն եղել է և կա՛մ իրար ճիշտ չեն հասկացել, կա՛մ սրանք առաջ են ընկել ու տվել են խոստում, որի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերված չեն եղել։ Երկրորդը՝ իմ ընկալմամբ, սա Ալիևի հերթական ապտակն է Փաշինյանին, որովհետև Ալիևը վերջին 30 տարվա իր նվաստ ու ճղճիմ կարգավիճակն ինչ-որ մեկի վրայից պետք է հանի և գտել է իրենից էլ ավելի նվաստին ու ճղճիմին։ Նա փորձում է ինքնահաստատվել Փաշինյանի հաշվին, սա նորմալ է, և դա այսուհետև լինելու է մեր իրողությունը»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։
Նա ընդգծեց, որ հայ ռազմագերիներն Ադրբեջանին պետք են, որպեսզի թշնամին Հայաստանից ավելի շատ «համաձայնություններ պոկի», օրինակ, Մեղրիի ճանապարհի հարցը, հրաժարվել ևս մի քանի բնակավայրերից, և այլն։
«Հաշվի առնելով հայ ռազմագերիների ծնողների զայրույթը, Փաշինյանը, իհարկե, Ադրբեջանի պահանջները շատ մեծ հաճույքով կկատարի»,- հավելեց փորձագետը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, և այդ հարցը փակված է, Արմիեն Ադիբեկյանը նկատեց՝ նման հայտարարություն արվում է մոտավորապես դեկտեմբեր ամսից սկսած, Ալիևի օգնական Հաջիևն է շարունակ նման բան ասել, նաև՝ Ալիևը։ Հետևաբար՝ բնական է, որ Ադրբեջանի արտգործնախարարը պետք է կրկնի այն դիրքորոշումը, որն ընդունված է Ադրբեջանում, և սա արտգործնախարարը չի հորինել, նա կրկնել է իր ղեկավարության մոտեցումը։
«Հիմա գերիների հարցի շուրջ Ադրբեջանը շատ արագ կկարգավորի Սյունիքի հարցը՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Այսուհետ հօգուտ Հայաստանի ոչ մի զարգացում չի լինելու, սա նկատի ունեցեք, հայանպաստ ցանկացած զարգացում ավարտվեց»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։