Ընդդիմության ուղերձը Մոսկվային

Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների  հարաբերությունները  Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, որքան էլ որ տարօրինակ է հնչում, կանխորոշում են  Մոսկվայի վախերը: Ռուսաստանը Հայաստանի հետ անկախությունից ի վեր ունեցել է սերտ և դինամիկ կապեր, ընդ որում, գրեթե բոլոր բնագավառներում և ոլորտներում, քաղաքական վստահության բարձր մակարդակ նախկին բոլոր ղեկավարների օրոք: Հայ-ռուսական  հարաբերությունները, դրանց որակը, քաղաքական տոնայնությունը, մակարդակը  սովորաբար ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մի մեծ հատվածն են զբաղեցրել՝ հաշվի առնելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում և հատկապես հայ-ռուսական  հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը: Թեև այդ հարաբերություններն իրենց որոշակի փուլերում ունեցել են նաև սուր խնդիրներ, տարաձայնություններ, սակայն երբեք դուրս չեն եկել դաշնակցային փաթեթավորումից:

Գաղտնիք չէ, թե ինչպես  ՀՀ ներկայիս իշխանությունները քայքայեցին հայ-ռուսական հարաբերությունների հիմքերն ու վստահությունը՝ 3 տարի շարունակ: Ակնհայտորեն փաշինյանական իշխանության օրոք հայ-ռուսական խզումն էլ ավելի խորացավ հատկապես պատերազմի ընթացքում, երբ թվացյալ ինտենսիվ բարձր մակարդակով շփումների ֆոնին ՌԴ իշխանությունների տված հարցազրույցների տողատակերում նկատվում էին ՀՀ իշխանությունների քայլերի վերաբերյալ բազմաթիվ հարցականներ: Ամենավառը, իհարկե, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղարաբաղյան պատերազմին նվիրված հարցազրույցն էր ռուսական ջանքերի վերաբերյալ, որում ՌԴ նախագահը մի շարք խնդիրներ է բարձրացնում, թե ինչպես են պատերազմի ընթացքում ՀՀ իշխանությունները հրաժարվել ռուսական առաջարկից, ինչպես չեն ճանաչել ԼՂ անկախությունը, և այլն:

Սակայն ուշագրավն այն հանգամանքն է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարությունից հետո ռուս-ադրբեջանական մեդիափորձագիտական օրակարգում հայտնվեց ռևանշիզմի թեման և վախերը, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո իշխանության ղեկին կհայտնվեն ուժեր, որոնք կչեղարկեն նոյեմբերի 10-ի հայտարարությունը, որը Մոսկվան դիվանագիտական հաջողություն է համարում և ռուս-թուրքական բանակցությունների կարևորագույն բաղադրիչ: Բնականաբար, Հայաստանում որևէ մեկը չի կարող հաշտ լինել այն հայտարարության հետ, որը ստորագրվեց Փաշինյանի  կողմից նոյեմբերի 10-ին, և ըստ էության իրենից ներկայացնում է հայկական կողմերի  կապիտուլյացիոն փաստաթուղթ: Պատմության ընթացքում  գրեթե չեն եղել երկրներ, որոնք  հեշտությամբ համակերպվել են պարտության, առավել ևս՝ նմանօրինակ  կապիտուլյացիոն հայտարարության հետ՝ հատկապես Ղարաբաղյան առաջին պատերազմում հերոսական հաղթանակներից հետո:

Սա, թերևս, Ռուսաստանում ևս հիանալի հասկանում են, քանի որ ապրել են 1918 թվականի մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի խայտառակ պարտվողական պայմանագիրը։

Այս մասին օրերս «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում հստակորեն խոսել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հռետորական հարց հղելով, թե կա՞ նման ռուս, որ չէր ցանկանում  Բրեստ-Լիտովսկի 1918 թվականի  համաձայնագրի վերանայում: «Բոլորս էլ ցանկանում ենք վերանայում: Ե՞րբ ենք պատրաստ լինելու դրան: Այ, այդ ժամանակ  կխոսենք: Այսինքն՝ մտահոգություններն այն մասին, որ այդ հայտարարությունը կարող է վերանայվել, եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, առնվազն լուրջ չեն, իրատեսական չեն, որովհետև իշխանափոխությունը չէ, որ տալու է հայկական կողմին վերանայման համար հիմք, այլ իշխանափոխության արդյունքում Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր որակի, խորության, մակարդակի շնորհիվ վերածնված Հայաստանն է, որ կարող է մտածել  այդ հայտարարությամբ ամրագրված իրողությունը փոխելու մասին»,- նշել էր քաղաքական գործիչը: Աշոտյանը նույնիսկ ավելի պարզ  և ուղիղ էր ներկայացրել ՀՀԿ ուղերձը՝ ասելով, որ  առանց Մոսկվայի հետ  հարաբերությունների՝ Հայաստանը և Արցախը  տարածաշրջանում նոր հավակնություններ ունենալ չեն կարող:

Հետևաբար, նրա խոսքով, եթե Ռուսաստանում կան մարդիկ, որոնք մտահոգված են վերանայման  հեռանկարով, պետք է  հանգիստ լինեն, որովհետև առանց իրենց համաձայնության  և աջակության, դա չի կարող վերանայվել: «Ցավոք սրտի, այդպես է:  Հայաստանը չունի այդ պոտենցիալը և չի ունենալու մոտ ապագայում այդ պոտենցիալը, որ  ինքնուրույն, սեփական քաղաքական  ցանկություններն ու երազանքները  վերածի կոնկրետ ռեալ պոլիտիկի, քաղաքական  օրակարգի: Դա կարող է անել միայն այն դեպքում, երբ Մոսկվան իրեն օգնի, երբ Մոսկվան  օգնի սպիացնել Հայաստանի անվտանգային վերքերը, արտաքին քաղաքական վերքերը, Արցախի վերքերը, ուժեղացնի Հայաստանը ու այդ ժամանակ պատմական հորիզոնում, չգիտեմ՝ 5 տարի, 7 տարի, ելնելով աշխարհաքաղաքական  նոր զարգացումների պտուտակից, Երևանի հետ միասին անել դա»,- նման դիրքորոշում էր ներկայացրել ՀՀԿ փոխնախագահը՝ ընդգծելով, որ  գալու է ժամանակը, երբ  Մոսկվան ինքն է շահագրգիռ լինելու, որ այդ եռակողմ հայտարարությամբ ամրագրված  նոր քաղաքական իրողությունները Երևանի ու Ստեփանակերտի հետ  միասին վերանայվեն:

Այսինքն՝  պատերազմից հետո Հայաստանում կա նաև  երկրի հետպատերազմյան ռեսուրսների, քաղաքական հնարավորությունների ու իրավիճակի  ռեալ գնահատում, թե մարդկային, թե տարածքային կորուստները ստիպում են «Հաղթելու ենք» կարգախոսից այն կողմ դիտարկել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ փխրուն հրադադարն ու անվտանգային միջավայրը, ինչպես նաև Հայաստանի հետպատերազմյան հնարավորությունները, որոնք չափազանց սահմանափակ են:

Եվ պատահական չէ, որ հայաստանյան ընդդիմադիր գործիչներն այս պատերազմից հետո ավելի հաճախ խոսում  են ոչ թե վրեժխնդրության, նոյեմբերյան խայտառակ հայտարարության չեղարկման, այլ  Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու, բնականոն հուն վերադարձնելու, հայ-ռուսական հարաբերությունների ավանդական ռազմավարական դաշնակցային բնույթը վերականգնելու և խորացնելու անհրաժեշտության մասին: Ստացվել է այնպես, որ պատմական այս հանգրվանում Հայաստանի պետականության պահպանումը կախված է Ռուսաստանի Դաշնությունից և ՌԴ-ի հետ հարաբերությունների որակից: Բոլորի համար է պարզ, թե ինչ է լինելու Հայաստանի հետ, եթե Հայաստանը Ռուսաստանին փոխարինի Թուրքիայով, որի ճանապարհով ընթանում են ՀՀ ներկայիս իշխանությունները, և նույնիսկ Ռուսաստանին այլևս առաջարկելու ոչինչ չունեն զրոյական լեգիտիմության պայմաններում: Նոյեմբերյան կապիտուլյացիան, թերևս, այս իշխանության վերջին գործողությունն էր:

Ուստի ընդդիմությունը տարբեր ձևաչափերով Ռուսաստանին ուղերձներ է հղում, որ մտահոգությունները, թե  հայտարարությունը կարող է վերանայվել, եթե ՀՀ-ում իշխանություն փոխվի,  անհիմն են: Հայաստանյան ընդդիմության ուղերձը շատ հստակ է՝ Ռուսաստանի  հետ խորը, վստահելի ու ամուր դաշնակցության վերականգնում, ներհայաստանյան խնդիրների լուծում, ապա  միայն ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հստակեցում: Իսկ ռևանշիզմը կեղծ օրակարգ է, որը, չգիտես՝ ինչու, վերագրվում է ընդդիմությանը, սակայն իրականում արտացոլում է Ադրբեջանի և Թուրքիայի վախերը: Ավելորդ չի լինի նշել, որ Արևմուտքի «հարձակումների» և Ռուսաստանին բոլոր կողմերից «ճնշելու» քաղաքականության ֆոնին հետսովետական տարածքում, մասնավորապես՝ Հայաստանում, Ռուսաստանին հարկավոր են վստահելի քաղաքական գործընկերներ և Հայաստանի Հանրապետությանն անմնացորդ նվիրված գործիչներ:

Տեսանյութեր

Լրահոս