«Այդ հանձնաժողովը շատ հեռու է կառավարում գնահատելուց»․ Մովսես Հակոբյան
Քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի հրապարակվի. խորհրդարանում պահվող փաստաթղթին ծանոթանալու իրավունք կստանան այն պաշտոնյաները, որոնք գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեն, նաև նրանք, ում ԱԱԾ-ն հատուկ թույլտվություն կտա: Տեղեկությունը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում փոխանցել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Ամփոփելով հանձնաժողովի աշխատանքները՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է․ «Մենք ունեցել ենք կառավարման պրոբլեմ, և 44-օրյա պատերազմում ևս երևաց, որ մենք ունեցել ենք զորքերի կառավարման պրոբլեմ»:
Արցախի Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս գնահատականին՝ ասաց․ «Այդ հանձնաժողովը շատ հեռու է կառավարում գնահատելուց»։
Բուն հանձնաժողովի գործունեության մասին էլ Մ․ Հակոբյանը հակիրճ եղավ․ «Ընդհանրապես չպետք է հանձնաժողով ստեղծեին»։
Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, որը առիթ ունեցել էր մասնակցելու քննիչ հանձնաժողովի նիստին, նկատեց․
«Ինքս հանձնաժողովում եղել եմ և, իհարկե, այն ժամանակ արտահայտվել եմ, որ ես այդ հանձնաժողովը չէի կազմի, որովհետև բավականին ծավալուն աշխատանք ՊՆ-ն 2016 թ․ նախաձեռնել և իրականացրել էր, որից հետո համապատասխան միջոցառումների ցանկ էր նախատեսել և սկսել աշխատել՝ և՛զորքերի պատրաստության, և՛սպառազինության-ռազմական տեխնիկայի համալրման առումով»։
Պաշտպանության նախկին նախարարի կարծիքով, վերջին պատերազմական գործողություններից հետո Ապրիլյանի մասին խոսելու անհաժեշտություն չկա, իսկ այդ զեկույցը պետք է տրամադրել Պաշտպանության նախարարությանը և այդ ուղղությամբ աշխատել։
«Հիմա պետք է քննիչ հանձնաժողով, և այդ քննիչ հանձնաժողովը պետք է ամբողջությամբ վերլուծի այս վերջին պատերազմը, որի բացթողումները բազմաթիվ անգամ շատ են»,- հավելեց նա։
Անդրադառնալով կառավարման թերությունների մասին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ Պաշտպանության նախկին նախարարը վստահեցրեց․ «Ապրիլյան պատերազմի ժամանակ այդ թերությունները եղել են ավելի ցածր օղակներում, հենց մարտավարական օղակում, որովհետև ռազմավարական օղակում, պետական և քաղաքական հարթություններում փորձառության պակաս չի եղել, և այդ փորձառության շնորհիվ է, որ 2016 թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմն արագ կանգնեցվեց, ու հետագայում նաև բանակցային գործընթացում մենք ավելի շահեկան դիրքերում էինք։ Այսինքն՝ մենք կարողացանք ուժի չկիրառման և նաև վերահսկողական մեխանիզմների անպայման ներդրման գործընթացն ամրապնդել և միջազգային հարթությունում դա ներկայացնել՝ ընդ որում, հասնել հաջողությունների։
Իսկ ինչ վերաբերում է այս՝ 44-օրյա պատերազմին, ապա այստեղ կառավարման բացթողումներն ակնհայտ էին բոլոր հարթություններում՝ հատկապես պետական կառավարման մակարդակում»։