ՄԻՊ-ն իր տարեկան զեկույցում Արմեն Գևորգյանի՝ սահմանը հատելու՝ ոստիկանության արգելքի օրինակով անդրադարձել է ՍԷԿՏ համակարգում տվյալներ չմուտքագրելու ոչ իրավաչափ պրակտիկային

Դեռևս 2019թ. հունիսի 20-ին տեղեկատվություն տարածվեց, որ  ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել երկրից դուրս գալ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս իր մոտ ունեցել է դատարանի համապատասխան թույլտվությունը։

Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշել էր, որ իր պաշտպանյալին ՌԴ մեկնելու արգելքի խնդրով դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:

Էրիկ Ալեքսանյանը հետևողական եղավ և ի վերջո, հասավ նրան, որ Արմեն Գևորգյանի՝ սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ քրեական վարույթ կիրականացվի:

Երեկ հրապարակած իր տարեկան զեկույցում ՄԻՊ-ը նույնպես անդրադարձել է թեմային, ավլոի ստույգ՝ դատարանի կողմից մեղադրյալի ելքը ՀՀ-ից թույլատրելու դեպքում սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվության (ՍԷԿՏ) համակարգում տվյալներ չմուտքագրելու ոչ իրավաչափ պրակտիկային:

Զեկույցում նշված է, որ այս հարցով Էրիկ Ալեքսանյանի՝ ՄԻՊ-ին գրված բողոքի քննարկման շրջանակում Ոստիկանությունը պարզաբանել է, որ դատարանի գրությունը սկզբունքորեն որևէ տեղեկություն չի պարունակել համապատասխան ձևի պահպանմամբ ընդունված որոշման մասին: Ուստի, դատարանի գրությունը ՀՀ պետական սահմանը հատելու վերաբերյալ առկա սահմանափակումը ժամանակավորապես դադարեցնելու պատշաճ հիմք չի համարվել և թողնվել է առանց կատարման:

«Նախատեսվող դրույթների ուսումնասիրության արդյունքում պարզ չէ, սակայն, թե անձի ելքի արգելքի մասին որոշումը իրավասու մարմնի կողմից կայացված խափանման միջոցի կիրառման մասին որոշման բաղկացուցիչ մա՞ս է կազմելու, թե՝ ոչ: Պարզ չէ նաև դրա հիմնավորվածության և բողոքարկման հնարավորության հարցը: Այս հարցերը վտանգում են անձի իրավունքների իրացումը: Պաշտպանի դիրքորոշմամբ՝ անձը պետք է իրավունք ունենածանոթանալ ՍԷԿՏ համակարգով հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակման վերաբերյալ որոշմանը, որի անհրաժեշտությունը պետք է պատշաճ հիմնավորված լինի, ինչպես նաև քաղաքացուն պետք է պարզաբանվի իր իրավունքներն ու պարտականությունները և հնարավորություն ընձեռվի բողոքարկել այդ որոշումը»,-նշել է ՄԻՊ-ը:

Տարեկան զեկույցում նշված է, որ որոշմամբ բոլոր հարցերին անդրադարձերը կատարվել են բացառապես Պաշտպանի իրավասության տեսանկյունից: Քրեական վարույթի ընթացակարգերը ռիսկային են մարդու իրավունքների տեսանկյունից և պարունակում են այդ իրավունքներին միջամտության հնարավորություններ:

Ազատ տեղաշարժվելու իրավունքը Սահմանադրությամբ և ստանձնած միջազգային պայմանագրերով երաշխավորված հիմնական իրավունքներից է, և ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները ոչ միայն պետք է ծառայեն Սահմանադրությամբ ու միջազգային պայմանագրերով սահմանված իրավաչափ նպատակներին, այլև անհրաժեշտ և բավարար լինեն այդ նպատակներին հասնելու համար:

Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի իրավաչափության նշված պայմանը ենթադրում է, որ խախտում չի համարվի, եթե մեղադրյալն այլ տեղանք մեկնի հիշյալ մարմիններից որևէ մեկի թույլտվությամբ՝ պայմանավորված այն հանգամանքով, թե նրանցից ում վարույթում է գտնվում գործը և ով է պատասխանատու դատավարության կոնկրետ փուլում գործով վարույթի համար: Դա նաև նշանակում է, որ այդ թույլտվությունը պատշաճ իրավական հիմք է այն մարմինների համար, ում համար առաջանում է քրեական վարույթն իրականացնող մարմնի այդ ակտի պահանջի կատարման պարտականություն: Ընդ որում, օրենքը չի կոնկրետացնում, թե ինչ կոնկրետ ձև կամ ինչ բովանդակային բաղադրիչներ պետք է ունենա այդ թույլտվությունը: Ավելին, օրենքը վերջիններիս չի վերապահում այդ ակտը վիճարկելու կամ կասկածի տակ դնելու հնարավորություն:

Կոնկրետ իրավիճակում վարույթն իրականացնող մարմինը եղել է դատարանը, որը մեղադրյալի ելքի սահմանափակումը ժամանակավորապես վերացնելու հարցով գրություն է հասցեագրել Ոստիկանության իրավասու ստորաբաժանմանը՝ վերջինիս վրա, ըստ էության, դնելով իր ակտի պահանջի կատարումը: Չնայած դատարանի այդ գրությանը՝ Ոստիկանությունը հրաժարվել է կատարել այն մարմնի, կոնկրետ դեպքում՝ դատարանի գրության մեջ ձևակերպված դիրքորոշումը՝ թույլատրելու մեղադրյալի ելքը ՀՀ-ից որոշակի ժամանակահատվածով, որի վարույթում գտնվում է քրեական գործը՝ պատճառաբանելով, որ գրությունը սկզբունքորեն որևէ տեղեկություն չի պարունակել ՀՀ պետական սահմանը հատելու վերաբերյալ առկա սահմանափակումը վերացնելու մասին համապատասխան ձևի պահպանմամբ ընդունված որոշման վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանը գտել է, որ ընդունելի չի համարվել Ոստիկանության պարզաբանումն առ այն, որ դատարանի գրությունը «տեղեկություն չի պարունակել» ընդունված որոշման մասին և իրավակիրառ պրակտիկայում չի բարձրացվում դատարանի որոշման պատճենի առկայության հարց, այլ բավական է միայն որոշման առկայության մասին նշումը գրության մեջ:

Ոստիկանության այս պարզաբանումն ընդունելի չէ հատկապես այն պատճառով, որ եթե անգամ Ոստիկանությունը նման պահանջ առաջադրելով փորձում է պարզել, իր բնորոշմամբ, «համապատասխան ձևի պահպանմամբ որոշում կայացված լինելու փաստը», ապա «որոշում» եզրույթի հիշատակումը գրության մեջ անպայմանորեն չի վկայում առանձին փաստաթղթի ձևով այդպիսի առանձին գրավոր որոշման առկայության մասին:

Ոստիկանության իրավասությունն այս դեպքում պետք է սահմանափակվեր վարույթն իրականացնող մարմնի դիրքորոշումը կամ կամքն արտահայտող՝ կոնկրետ դեպքում դատարանի կազմած ակտում (օրինակ՝ պաշտոնական ձևաթղթի վրա, ստորագրված և կնքված փաստաթուղթ) ձևակերպված հանձնարարության կատարմամբ: Ոստիկանությունը տվյալ դեպքում պետք է միայն հավաստիանար, որ առկա է վարույթն իրականացնող մարմնի թույլտվություն և այն առերևույթ անօրինական չէ:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը հանգել է նրան, որ Ոստիկանությունը, չլինելով քրեական դատավարության մասնակից, կոնկրետ իրավիճակի պայմաններում չէր կարող գնահատել վարույթն իրականացնող մարմնի գործողությունների համապատասխանությունը Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին՝ պատճառաբանելով այն, թե արդյոք վարույթն իրականացնող, այսինքն՝ դատավարության կոնկրետ փուլի ու քրեական հետապնդման ենթարկվող անձի վարքագծի համար պատասխանատու մարմինը որոշման ֆորմալ առկայության մասին հավաստիացում անում է Ոստիկանությանը: Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարել նաև անդրադառնալ քննարկվող կոնկրետ հարցի առնչությամբ դատարանի կողմից գրությամբ, այլ ոչ թե որոշմամբ անդրադառնալուն ու դրա հետ կապված դատական պրակտիկային:

Պաշտպանը նկատել է, որ չնայած օրենսդրական կարգավորումների բացակայությանը՝ հաշվի առնելով, որ կոնկրետ իրավիճակում խոսքը գնում է մարդու հիմնարար, այն է՝ ազատ տեղաշարժման իրավունքի մասին, դատարանը` որպես քրեական դատավարությունում մարդու իրավունքների գլխավոր երաշխավոր, պետք է հարցը վեր դիտարկի ֆորմալ ընթացակարգերի մակարդակից և այն լուծի որոշում կայացնելու միջոցով:

Պաշտպանը նաև նշել է, որ անհրաժեշտ է պրակտիկան զարգացնել այնպես, որ բոլոր այն իրավիճակներում, երբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմաններում առկա է որոշակի վարքագիծ թույլատրելու մասին վարույթն իրականացնող դատարանի գրավոր դիրքորոշում, որն առերևույթ անօրինական չէ, կատարվի առանց տվյալ մարմնի վարքագծի համապատասխանությունը քրեադատավարական օրենսդրության պահանջներին ոչ իրավաչափորեն գնահատելու:

Պաշտպանի մանրամասն դիտարկումներին խնդրի վերաբերյալ կարող եք ծանոթանալ ՄԻՊ տարեկան զեկույցի 448-449, 563, 569, 624 էջերում:

Զեկույցի հղումը՝ այստեղ․

Տեսանյութեր

Լրահոս