ՄԻՊ-ն արձանագրել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը. Ոստիկանությունն իրավունք չուներ արգելել նրան սահմանը հատել
Հունիսի 20-ին մամուլում լուրեր հայտնվեցին, թե ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել երկրից դուրս գալ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս իր մոտ ունեցել է դատարանի համապատասխան թույլտվությունը։
Ավելի ուշ վերջինիս շահերը ներկայացնող Էրիկ Ալեքսանյանն ասել էր, որ իրոք, Արմեն Գևորգյանը, համաձայն առաջին ատյանի դատարանի թույլտվության, պետք է 3 օրով մեկներ երկրից՝ պայմանավորված աշխատանքային անհրաժեշտությամբ։ Սահմանային հսկողության կետում, սակայն, հայտարարվել է, որ համակարգում երկրից նրա ելքի համար արգելք կա դրված, և տվյալ պարագայում դատարանի թույլտվությունը ոչ մի նշանակություն չունի:
Նա նշել էր, որ Արմեն Գևորգյանը պետք է մեկներ Ռուսաստանի Դաշնություն՝ Նիժնի Նովգորոդ, որտեղ գտնվում են կազմակերպություններ, որոնք մտնում են այն ընկերության կազմի մեջ, որի վարչության նախագահն է ինքը։ Այնտեղ պետք է տեղի ունենային աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ կապված կազմակերպության գործունեության և զարգացման ծրագրերի հետ, այդ թվում՝ Հայաստանի մասով։
168.am-ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանը նշել էր, որ իր պաշտպանյալին ՌԴ մեկնելու արգելքի պատճառները չեն ներկայացրել, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակից իրեն հայտնել են, որ Ոստիկանությունն իրենց էլ տվել է նույն պատասխանը, ինչ Յուրի Խաչատուրովի դեպքում։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին էլ հունիսի սկզբին թույլ չէին տվել հատել հայ-վրացական սահմանը։
Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ «Յուրի Խաչատուրովն անձնապես իր մոտ ունեցել է դատարանի հանձնարարականն այն մասին, որ առաջին հերթին նրան թույլատրվում է որոշակի ժամանակահատվածով մեկնել ՀՀ-ից, և երկրորդը, որ, եթե առկա է սահմանահատումների արգելք, ապա դա ենթակա է վերացման, սակայն այդ փաստաթղթի ներկայացումն էլ ոչինչ չի փոխել. կարճ քննարկումներ են եղել, բայց իրավիճակը որևէ կերպ չի փոխվել: Սահմանապահները չեն թույլատրել նրան հատել սահմանը»։
Ոստիկանությունն այդ առիթով տարածած իր մեկնաբանության մեջ մասնավորապես նշել էր, որ «մեղադրյալը, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, այլ տեղանք կարող է մեկնել բացառապես վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ: Մինչդեռ տվյալ դեպքում նման որևէ որոշում կայացված չի եղել, և դատարանի կողմից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանն ուղղված գրությունը հիմնված չի եղել նման դատավարական որոշման վրա»։
Փաստորեն, նույն պատճառաբանությամբ էլ Արմեն Գևորգյանին թույլ չէին տվել դուրս գալ երկրից:
«ՄԻՊ-ը մեզ գրավոր պատասխանել էր, որ մեր բողոքը վարույթ են ընդունել ու նույն օրը դիմել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը։ Վերջիններս նույն պատասխանն են տվել, ինչ Յուրի Խաչատուրովի դեպքում»,- ասել էր նախկին փոխվարչապետի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին երկրից դուրս գալ չթողնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ընդունել էր վարույթ։
«Բանավոր կարգով տեղեկացրել են, որ միջոցներ են ձեռնարկում, մասնավորապես՝ դիմել են Քրեական հետախուզական վարչությանը, որտեղից պատասխանել էին, որ գրությունը հիմք չէ սահմանը հատել չթույլատրելու համար, պետք է լինի դատարանի որոշում»,- ասել էր Արմեն Գևորգյանի պաշտպանը։ Նույնաբովանդակ որոշում նա ստացել էր նաև Ոստիկանությունից:
168.am-ը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք որոշում ՄԻՊ-ի դիմումի հետ կապված, իրավաչա՞փ էին արդյոք ոստիկանության գործողությունները սահմանահատման արգելք ներկայացնելու ժամանակ, և առհասարակ՝ ինչպե՞ս է լուծվելու Արմեն Գևորգյանի` սահմանը հատելու հարցը:
Նա հիշեցման կարգով նշեց, որ իրենք վարույթն իրականացնող մարմնին Արմեն Գևորգյանի` սահմանը հատելու թույլտվության համար դիմել էին դեռևս այն ժամանակ, երբ գործի վարույթը գտնվում էր դատավոր Դավիթ Գրիգորյանի մոտ: Այդ ժամանակ նա գրությամբ բավարարել էր իրենց միջնորդությունը և թույլատրել էր, որ նախկին փոխվարչապետը մեկնի ՌԴ, սակայն հունիսի 19-ին օդանավակայանում սահմանապահները չէին թույլատրել, որ նա սահմանը հատի առանց լիարժեք պատճառաբանություն ներկայացնելու. միայն ասել են, որ սահմանափակումը Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից է ներկայացված:
«Մենք փորձեցինք կապ հաստատել վերջիններիս հետ, քանի որ պետք է որ նրանց հետ ևս խնդիրներ չունենայինք, որովհետև մեզ տված գրության նման մի գրություն էլ Դավիթ Գրիգորյանը ոստիկանություն էր ուղարկել: Այդ օրը ոստիկանության հետ կապ հաստատել չհաջողվեց, ահազանգեցինք ՄԻՊ արագ արձագանքման բաժին: Իրենք նույնպես չկարողացան կապ հաստատել Քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ, քանի որ կիրակի օր էր: Հաջորդ օրը դիմում ուղարկեցինք ՄԻՊ Արման Թաթոյանին` ներկայացնելով ողջ խնդիրը` հայցելով նրա աջակցությունը, քանի որ այստեղ ակնհայտ տեսնում էինք ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը, որ այն վերացվի հետագայում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը` հավելելով, որ թե իրենց, թե ՄԻՊ-ին ոստիկանությունից պատասխանել են, որ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ:
«Մենք նրանց ասացինք, որ դա ֆորմալիզմ է, քանի որ նախ՝ օրենքը որևէ կերպ չի պարտադրում դատարանին որոշման ձևով տալ թույլտվություն սահմանն անցնելու, քանի որ այն պարտադիր է միայն միջնորդության հետաձգման կամ մերժման պարագայում, և, բացի դրանից, սա ակնհայտ տարբերակված մոտեցում է: Ես թե ոստիկանությանը, և թե ՄԻՊ-ին ուղարկել էի իմ այլ, Մարտի 1-ի հետ բոլորովին կապ չունեցող գործերով նույնատիպ դատարանի գրություններ, որոնց պարագայում որևէ սահմանափակում չի եղել` դրանով իսկ ցույց տալով քրեական հետախուզության գլխավոր վարչության տարբերակված մոտեցումը»,- նշեց Արմեն Գևորգյանի պաշտպանը, ապա ասաց, որ իրենց դիմումի պատասխանն առհասարակ չեն ստացել ոստիկանությունից, իսկ ՄԻՊ-ին փաստորեն պատասխանում են, որ իրենց մոտ դա միատեսակ պրակտիկա է, և դատարանի որոշման առկայությունը նման պարագայում պարտադիր է;
Վերջինս նշում է, որ ՄԻՊ-ը, իրենց դիմումը վարույթ ընդունելով, իր լիազորությունների շրջանակում համապատասխան վարույթ է սկսում, ու արդյունքում` մեկ շաբաթ առաջ իրենք ստանում են ՄԻՊ որոշումը, որի մեջ արձանագրված է, որ չի կարող նման պրակտիկա լինել, քանի որ Պաշտպանը ներկայացնում է այլ գործերով ապացույցներ, որոնց պարագայում ոստիկանությունն այլ մոտեցում է ցուցաբերել: Այսինքն` ՄԻՊ-ը ևս արձանագրում է կոնկրետ գործով ոստիկանության տարբերակված մոտեցումը:
«Վերջում ՄԻՊ-ն արձանագրել է այն, որ տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքի խախտում»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Պաշտպանը նշում է, որ, երբ խնդիր ունենան Սահմանադրական դատարանում, ՄԻՊ-ի այս որոշումից հետո այլ մարմին դիմելու, քան, օրինակ, հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ընթացակարգ չկա:
«Այսինքն` փաստացի մենք այս որոշմամբ արգելափակեցինք ոստիկանության կողմից որդեգրած նոր, անհասկանալի պրակտիկան, որն իրենք ուզում են ձևավորել: Այսուհետ ոստիկանությունն այլևս չի կարող նման բան անել, քանի որ, եթե շարունակեն իրենց այս պրակտիկան, դա արդեն կարող է որպես հանցագործություն որակվել: Չնայած միևնույն է, ես այնուամենայնիվ այս պրոցեսի մեջ հանցագործության տարրեր տեսնում եմ, քանի որ ակնհայտ էր տարբերակված մոտեցումը, բայց այս որոշումից հետո սա միանշանակ պաշտոնեական հանցագործության հատկանիշներ կպարունակի»,- նկատեց Արմեն Գևորգյանի պաշտպանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք հաջորդ անգամ, երբ Արմեն Գևորգյանը կցանկանա սահման հատել, խնդիր այլևս չի լինի, Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց, որ ենթադրում են, որ չպետք է խնդիր լինի, որովհետև եթե իրենք դիմեն, ու դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարի իրենց միջնորդությունը գրությամբ, ու ոստիկանությունը կրկին խնդիրներ առաջացնի, այդ ժամանակ կվկայակոչվի ՄԻՊ որոշումը, ու հաստատ որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափելու:
Գոհար Սավզյան