Երևանն ու Անկարան նույն խաղն են խաղում. ի՞նչ կփոխի Վաշինգտոնը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեմայի ակտիվացումն իրարանցում է առաջացրել Երևանում, Անկարայում և Վաշինգտոնում: Ապրիլի 24-ին ընդառաջ, ըստ մի շարք ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցների և փորձագետների, Վաշինգտոնը չափազանց մոտ է Ցեղասպանության ճանաչմանը: Երևանում ՀՀ իշխանություններն անակնկալ կերպով որոշել են քարոզել Թուրքիայի հետ թշնամություն չանել և կառուցողական դիրքորոշում ստանձնել, Վաշինգտոնում ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ները գրեթե ամեն օր անդրադառնում են ճանաչման թեմային, իսկ Անկարան դիվանագիտական խողովակներով փորձում է ազդել Վաշինգտոնի որոշման վրա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից: Թուրքիայում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հնարավոր է, ապրիլի 24-ին կիրառի Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Ըստ թուրքական կայքի՝ նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները: Քալընի պնդմամբ՝ կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա. դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որպիսիք եղել են Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքում: Նա երկրորդ կետով Սալիվանին հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ` ակնարկելով, որ այդ տերմինն ամրագրած ՄԱԿ-ի կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ:
Թուրքիայի մյուս մտավախությունը ներկայացնելիս՝ Էրդողանի խոսնակը շեշտել է, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: ԱՄՆ-ին այդ քայլից ետ պահելու համար Թուրքիան վերջին հույսի փրփուրներից է կառչում: Կայքի փոխանցմամբ, Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում, հետևյալ ուղերձն է փոխանցել. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք. «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք, մենք էլ անգամ դարպասները կբացենք»: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»:
Եվ կարծես ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի, Լենա Նազարյանի և այլոց, սկսել են ազդակներ հղել արտաքին և ներքին լսարանին այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերություններում շտկումներ են հարկավոր, ինչպես նաև կառուցողական դիրքորոշում: Ըստ Լենա Նազարյանի՝ գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի: Եվ այս առումով թվում է, որ Երևանն ու Անկարան նույն դաշտում են խաղում: Սակայն, ի տարբերություն Երևանի, Անկարայի ուղերձները և սահմանը միակողմանիորեն ու նախապայմաններով փակած երկրի տեսանկյունից՝ խնդրահարույց են, քանի որ համեմված են սպառնալիքներով, հոխորտանքներով: Ավելին՝ հասկանալի չէ, թե ինչո՞ւ Անկարան չի բացում սահմանը, եթե, ինչպես Ալիևն է պնդում, Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, որը Անկարայի նախապայմանն էր: Ակնհայտ է, որ Անկարայի նախապայմանները միայն Արցախով չեն սահմանափակվում և վերաբերում են Ցեղասպանության միջազգային ճանաչման թեմային, որը, ըստ Թուրքիայի իշխանությունների, հայկական կողմն ընդհանրապես պետք է մոռանա և խոսի միայն հաշտության մասին: Ուշագրավ է, որ Անկարան սպասում է Երևանի գլխիկոր քայլերին: ՀՀ իշխանություններից միայն ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն է խոսում այն մասին, որ ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է Ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը: «Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես Ցեղասպանության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների պայքարի կանխարգելման օրակարգի առաջամարտիկ»,- օրերս ԱԺ-ում ասել էր նախարար Այվազյանը:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը մեզ հետ զրույցում ասաց, որ Վաշինգտոնն առաջնորդվում է բացառապես սեփական օրակարգով և, բնականաբար, ճանաչման հարցում նոր վարչակազմի հետ Երևանը որևէ աշխատանք չի իրականացրել: Ըստ նրա, նախագահի մակարդակով ճանաչում կարող է լինել կսմթելու համար Թուրքիային, որը համարձակ քաղաքականություն է վարում տարածաշրջանում, համագործակցում Ռուսաստանի հետ, խնդիրներ ստեղծում Արևմուտքի և ԱՄՆ-ի համար: Սկակովի խոսքով, դա հնարավոր է՝ հաշվի առնելով Բայդենի աշխատակազմի բնույթը և վերջին բոլոր աղմկահարույց քայլերը:
«Դատելով ամերիկյան տրամադրություններից, թուրք-ամերիկյան, ռուս-ամերիկյան շփումներից, ճանաչում կարող է լինել, սակայն կրկնեմ, ինչպես նախկինում, այս անգամ էլ դա չի լինելու հայկական օրակարգը հատկապես ներկայումս, երբ վարչակազմը նոր է սկսել աշխատել, և ճանաչումը միայն նախընտրական խոստում է եղել: Այստեղ էականը, ըստ իս, այն հանգամանքն է, որ շատ կոնգրեսմեններ են միավորվել և նամակ հղել Բայդենին կոչով՝ ճանաչել Ցեղասպանությունը, միավորվել են երկու կուսակցությունները, ինչը բացառիկ երևույթ է կարծես, և գուցե դա դառնա որոշիչ հանգամանք: Սակայն եկեք հասկանանք, թե դա ինչ է փոխելու և տարածաշրջանում ինչ իրավիճակ է փոխելու, եթե պատերազմից հետո տարածաշրջանում շատ տրամադրություններ են փոխվել ու շարունակում են փոխվել: Սա կարծես լինելու է քայլ, որն այս պահին որևէ մեկին հարկավոր չի լինելու, և կարծում եմ՝ հետևանքը լինելու է խնդիրը թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիայի համար սա չափազանց ցավոտ հարց է հատկապես ներկայումս, երբ հույսեր ունեն, որ կկարողանան շրջանցել պատմական այս էջը, և հանկարծ Միացյալ Նահանգները այն կրկին վեր է հանում, կրկին միջամտում տարածաշրջանային թեմաներին այն ժամանակ, երբ թվում էր, թե Արևմուտքը որևէ լծակ չունի ազդելու այստեղ զարգացումների վրա: Այնուամենայնիվ կարծում եմ՝ այդ քայլը ոչինչ չի փոխելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում, դրանք այսօր ազդվում են լիովին այլ հանգամանքներից, որոնք կապված են Ղարաբաղի հարցի հետ»,- ասաց Սկակովը: