ԿԳՄՍՆ-ն խնդիր է տեսնում միայն ոչ յուրային ղեկավար ունեցող բուհ–ում

Այս տարվա մարտի 15-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած ռեկտորի ընտրության երկրորդ փուլի արդյունքներով՝ ռեկտոր ընտրվեց Գոռ Վարդանյանը:

Այս ընտրությունից հետո իշխանական շրջանակները սկսեցին շահարկել Գոռ Վարդանյանի կապերը նախկին իշխանությունների հետ, հայտարարել, որ ընտրությունը հարթ չի անցել, մինչդեռ դա ապացուցող որևէ փաստ չներկայացրեցին:

Սակայն դա կառավարությանը չի խանգարում շարունակել միջամտել ներբուհական խնդիրներին՝ փորձելով ներազդել կառավարող մարմնի ընտրության վրա։ Օրինակ, Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության առնչությամբ, որի, ընդգծենք, հարթ և առանց ցնցումների ընթացքը դուր չեկավ իշխանությանը, կարծիք հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

168.am-ը հետևել է Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններին տեղում և արձանագրել, որ թեպետ փորձեր արվեցին ներքին լարվածություններ ստեղծելու, այդուհանդերձ, մարտի 15-ին Գոռ Վարդանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց Պոլիտեխնիկի ռեկտոր։

Քանի որ Վարդանյանն իշխանության «սրտի» թեկնածուն չէր, կայացած ընտրություններից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Ըստ մեր ներկայացուցիչների, որոնք ներկա են եղել խորհրդի նիստին, եղել են որոշակի հարցեր, որոնց պատասխաններն իրենք չեն ստացել»։ Նախարարի նշած հարցերի պատասխանները, բնականաբար, չհնչեցին:

Ակնհայտ է դառնում, որ նախարարությունն իր մոտեցումներում ցուցաբերում է կողմնակալություն՝ փորձելով բուհի ռեկտորներ դարձնել իշխանությանը հարող թեկնածուներին, և չի խորշում կրթօջախներում ներքին լարվածություններ հրահրել, իսկ ուսանողի, բուհի, կրթության շահն առհասարակ չի էլ կարևորվում, և ոչ էլ թաքցնում են դա:

Թերևս, շատերն են հիշում թե՛ ԵՊՀ, թե՛ ՀՊՏՀ շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ Ի տարբերություն վերոհիշյալ դեպքերի՝ անաղմուկ անցան «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Խիթարյանի ընտրությունները, որի արդյունքները 2021թ․ հունվարի 27-ին սեղմ ժամկետում հաստատեց կառավարությունը։

2019 թվականից այս բուհի ֆինանսավարչական գծով պրոռեկտոր է հանդիսանում նախկին ՕԵԿ-ական, ներկայիս իմքայլական Վահան Գևորգյանը, ով 2019-ին պրոռեկտոր նշանակվելուց հետո դատարանի առաջ է կանգնել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ և 137-րդ հոդվածի 1-ին մասով։ Եթե ավելի մատչելի արտահայտվենք, բուհի պրոռեկտորը մարդ է ծեծել և սպանության սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին:

Դատական տեղեկատվական համակարգում այդ մասին ինֆորմացիան բաց է:

Վերջինս 2020 թ․ մայիսին դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել, սակայն այդպես էլ չի ազատվել պրոռեկտորի՝ զբաղեցրած պաշտոնից և շարունակել է պաշտոնավարել նորընտիր ռեկտոր Խիթարյանի ընտրվելուց հետո։

Ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչներն այս բուհի դեպքում լոյալություն են ցուցաբերում և չեն նկատում, թե ինչ խնդիրներ կան այնտեղ, բայց փոխարենը կենտրոնանում են այն բուհերի վրա, որոնց ռեկտորի թեկնածուներն իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել են տվյալ հաստատությունում և ընդունելի են պրոֆեսորադասախոսական կազմի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս