Բաժիններ՝

«Ընտրական պրոցեսում եղել է արհեստական լարվածություն». Պոլիտեխնիկը նոր ռեկտոր ունի

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի ընտրության երկրորդ փուլը։ Հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ ռեկտոր ընտրվեց համալսարանի պրոռեկտոր Գոռ Վարդանյանը։

Հիշեցնենք` երկու շաբաթ առաջ տեղի ունեցած առաջին փուլի արդյունքում ռեկտոր չէր ընտրվել, քանի որ 4 թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել Հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությունը, 16 ձայնով երկրորդ փուլ էր անցել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը։

Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներն այսօր նրան կա՛մ կողմ, կա՛մ դեմ պետք է քվեարկեին։ Նիստի սկզբում ՀԱՊՀ դասախոս Պարգև Բալջյանը, որն առաջին փուլի 6 թեկնածուներից մեկն էր և ինքնաբացարկ էր հայտնել քվեարկությունից առաջ,  իր և իր 30 կոլեգաների անունից հայտարարություն արեց, կոչ արեց իր գործընկերներին չվերարտադրել բուհի անփառունակ կառավարումը:

«Կոչ ենք անում վերցնել պատասխանատվություն և կատարել ընտրություն, այս դեպքում՝ «չընտրություն»: Այս ընտրությունը ոչ թե՝ անձերի, այլ՝ սկզբունքների մեջ է, ոչ թե՝ անփառունակ երեկվա, այլ՝ վաղվա հույսի, ծնկած ապրելո՞ւ, թե՞ արժանապատիվ գործելու համար: Դուք ունեք հնարավորություն կանգնեցնելու վերջին տասնամյակում մեր համալսարանի վարկանիշի շարունակական անկումը, և հնարավորություն տալ վերականգնելու Պոլիտեխնիկի համբավը, կամ դրա փոխարեն՝ վերարտադրել մեր համալսարանի անփառունակ շարունակական կառավարումը»,- ասաց Բալջյանը:

Նա նշեց, որ Հայաստանի տեխնոլոգիական ապագան կախված է իրենց բուհից, ապա իր անունից ավելացրեց ընտրական գործընթացից  ստացած տպավորությունը.

«Ընտրության ժամանակ 6 թեկնածու կար, կարծում եմ, որ 26-ն էլ լինեին, նույն արդյունքը կունենայինք: Կասկածներ  ունեմ, որ, եթե անգամ ցուցակում Նյուտոնն էլ լիներ, էն 16 ձայն ստացողն էլի ստանալու էր իր ձայները»:

Վարդանյանն իր ելույթի ժամանակ պնդեց, որ պետք չէ 88-ամյա բուհի կառավարման միայն բացասական կողմերը նկատել, քանի որ բուհն այս տարիներին ունեցել է նաև ձեռքբերումներ։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում 168.am-ի հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Պարգև Բալջյանի վստահությունը, որ, եթե անգամ Իսահակ Նյուտոնը թեկնածու լիներ, ապա, միևնույն է, Վարդանյանը կընտրվեր, վերջինը պատասխանեց.

«Եթե Իսահակ Նյուտոնը լիներ թեկնածուների ցուցակում, ապա ես անձամբ ինքնաբացարկ կանեի»:

Քվեարկության արդյունքների ամփոփումը երկար տևեց, հաշվիչ հանձնաժողովը չէր կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Հանձնաժողովի նախագահը պնդում էր, որ անվավեր քվեաթերթիկները 3-ն են, ոչ թե՝ մեկը, և հրաժարվում էր ստորագրել արձանագրությունը։ Նրա հետ համաձայն էր հաշվիչ հանձնաժողովի ևս մեկ անդամ, իսկ հանձնաժողովի մյուս 3 անդամները պնդում էին, որ դրանք վավեր են։ Նիստի ավարտին մեզ ևս ցույց տվեցին այդ քվեաթերթիկները և ասացին, որ Հաշվիչ հանձնաժողովի նախագահը դրանք վավեր չէր համարում, քանի որ թռչնանշանի ծայրերը վանդակից դուրս էին։

Լրագրողները Գոռ Վարդանյանից հետաքրքրվեցին, թե գոհացրե՞ց իրեն ընտրությունը:

«Իհարկե ոչ։ Ընտրական պրոցեսում եղել է արհեստական լարվածություն, չեմ ցանկանում հասցեագրել, ունեմ իմ կասկածներն ու մոտեցումները, բայց իմ գործունեությամբ փորձել եմ, կարծում եմ՝ ստացվել է, բուհի ներսում այս պրոցեսները հեռացնել այլ մոտեցումներից, ձևակերպումներից, թվում է, որ լարվածությունն իր գագաթնակետին հասավ, դրա համար ես այս արդյունքից ուրախ չեմ, չեմ կարող ուրախ լինել, բայց սա ինձ ավելի է պարտավորեցնում, որ նպաստեմ՝ նման մթնոլորտ երբևիցե Պոլիտեխնիկում չլինի»,- ասաց Վարդանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս