Հայկական շահը բացակայում է․ Ինչ են քննարկում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին Մոսկվայում նախատեսվում էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցական ապաշրջափակման ծրագրերը քննարկելու նպատակով: Փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր: Հունվարյան համաձայնությունների համաձայն՝ եռակողմ աշխատանքային խումբը պետք է ներկայացնի պրոյեկտների ցանկն ու իրագործման գրաֆիկը մինչ մարտի մեկը:
Ի՞նչ հարցեր են ներառված բանակցողների օրակարգում
Ըստ էության, սա նման ձևաչափով փոխվարչապետների առաջին հանդիպումն է: Հանդիպման կայացման փաստի վերաբերյալ դեռ որևէ հրապարակային տեղեկատվություն չի եղել, սակայն շատ աղբյուրներ են հաղորդում, որ հանդիպումը կայացել է: Հայկական կողմից բանակցություններին մասնակցել է Մհեր Գրիգորյանը, ռուսական կողմից՝ Օլեքսեյ Օվելչուկը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը։ Ռուսական РБК-ն օրերս գրել էր, որ քննարկվելու է ՀՀ տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը։ Ուշագրավ է նաև ռուսական այս լրատվամիջոցի շեշտադրությունն այն մասին, որ տնտեսական և հաղորդակցական ապաշրջափակումը հրադադարի հաստատման պայմաններից էր: Տեղեկատվության համաձայն՝ փոխվարչապետները պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագծեր, մասնավորապես՝ ՀՀ տարածքով երկաթուղու կառուցումը, որը կկապի Ադրբեջանը և Նախիջևանը, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ռուսաստանը, փոխարենը՝ Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ։ Հիմա երկրների ցամաքային կապն իրականացվել է Վրաստանի տարածքով։ Բացի այդ, օրակարգում է եղել նաև, ըստ ռուսական մամուլի, Հայաստանը և Իրանը Նախիջևանով երկաթուղով կապելու առաջարկը:
Ադրբեջանը պայմաններ է առաջ քաշում
Հարկ է նաև նշել, որ ադրբեջանական մամուլը, ինչպես նաև փորձագիտական հանրությունն ակտիվորեն քննարկում են տարածաշրջանում տնտեսական և հաղորդակցական ապաշրջափակման հարցը՝ շարունակելով պայմաններ առաջ քաշել Հայաստանին և ուժի դիրքերից խոսել: Այստեղ կարևոր է արձանագրել, որ, թեև Փաշինյանը ստորագրել է թե նոյեմբերի 9-ի, և թե հունվարի 11-ի հայտարարությունները, որոնք ենթադրում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում, դրանք հայաստանյան օրակարգ չեն, այլ ադրբեջանական՝ առաջ քաշված Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական քաղաքական և փորձագիտական շրջանակները մեծ ոգևորությամբ են խոսում հատկապես Նախիջևանի հետ կապող երկաթուղային հաղորդակցության մասին և ապաշրջափակման կոնտեքստում խոսվող այլ մի շարք հայանպաստ պրոյեկտների իրագործումը դնելով կասկածի տակ, ՀՀ-ին պայմաններ առաջադրելով կամ դրանց իրագործումը պայմանավորելով Թուրքիայի դիրքորոշմամբ: Խոսքը հատկապես Նախիջևանի միջոցով Հայաստան-Իրան երկաթուղային կապի, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով Ռուսաստան-Հայաստան կապի մասին է: Ադրբեջանում այն կարծիքին են, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանին և Թուրքիային ուղղված բոլոր տեսակի պահանջներից՝ սկսելով իրագործել այս պրոյեկտները:
Արագ են համաձայնություններ ձեռք բերելու
«168 Ժամ»-ի հետ զրույցում «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը պարզաբանեց, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ այս բանակցություններից և ապաշրջափակման տնտեսական հեռանկարներից: Ըստ նրա, տրամադրվածություն՝ նախատեսված ծրագրերը ստորագրելու, կա երեք կողմերից, այդ թվում՝ ՀՀ իշխանություններից: Ուստի, Միքայելյանի համոզմամբ, առաջընթաց լինելու է: «Համոզված չեմ, որ հիմա մենք դա կտեսնենք, թե ինչպես այդ ամենը կզարգանա, բայց հավանաբար բավականին արագ այդ ամենը տեղի է ունենալու, և բավականին արագ ունենալու ենք ստորագրված համաձայնագրեր»,- ասաց վերլուծաբանը:
Հարցին, թե ի՞նչ է Հայաստանը ստանալու այդ պրոյեկտներից տնտեսապես և ո՞րն է քննարկվող ապաշրջափակման ծրագրերում հայկական շահն ու հետաքրքրությունը, նա պատասխանեց, որ ՀՀ–ի համար կոնկրետ հետաքրքրություններ չի տեսնում: Նրա խոսքով՝ կան անորոշ հույսեր, որ կարող են լինել օգուտներ: «Սակայն, եթե լրջորեն ուսումնասիրենք այդ հարցը, ապա կտեսնենք, որ նման հեռանկարներ չկան: Ավելին, կան ռիսկեր այն դեպքում, եթե ամբողջությամբ բացենք մեր շուկան թուրքական և ադրբեջանական ապրանքների համար, պետք է հասկանանք, որ թուրքական գերիշխումն է լինելու շուկայում, և դա պետք է առավելապես վտանգ դիտարկել»,- ասաց տնտեսագետը՝ շարունակելով, որ այդ շուկաները հայկական կողմի համար բաց չեն լինելու և ցանկացած քաղաքական անկայունության դեպքում կարող են հեշտությամբ փակվել, որպես քաղաքական ճնշում՝ զուգահեռաբար գրավելով հայկական շուկան, հատկապես, երբ Թուրքիան ունի նմանատիպ փորձ:
Հ․ Միքայելյանը նույնիսկ տնտեսական աճ չի կանխատեսում:
Նրա կարծիքով՝ այս բանակցությունների ընթացքում Իրան-Հայաստան, ՀՀ-ՌԴ հաղորդակցությունների հարցը զուգահեռ է քննարկվելու և լուծվելու, բայց ոչ արագ, քանի որ նոր երկաթգիծ պետք է կառուցվի բավականին երկար տարածքում:
«Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչը կլիներ հայանպաստ, ապա հայանպաստ կլիներ այդ ենթակառուցվածքների զարգացումները՝ Վրաստանի-Աբխազիայի միջոցով կապը դեպի Ռուսաստան, դա կլիներ հայանպաստ: Իսկ Ադրբեջանի միջոցով այդ ենթակառուցվածքները Հայաստանին որևէ օգուտ չեն բերելու, որովհետև Ադրբեջանը չի վերանայել իր հայատյաց քաղաքականությունը և կարող է հետագայում ցանկացած պահի նաև փակել այդ ճանապարհները: Ադրբեջանի հետ մենք հիմա ունենք ոչ հավասար պայմանագիր՝ եռակողմ հայտարարություն, որտեղ Հայաստանով անցնող հատվածը վերահսկվելու է երրորդ ուժի՝ ՌԴ-ի կողմից, իսկ Ադրբեջանով անցնող հատվածները չեն վերահսկվելու Ռուսաստանի կողմից, և այսպիսով Ադրբեջանն ունենալու է վերահսկողություն իր տարածքի նկատմամբ, իսկ Հայաստանը չի ունենալու, և այդպիսով այստեղ գործ ունենք անհավասարության հետ: Բացի այդ, ցանկացած ճանապարհ կարող է օգտագործվել Հայաստանի դեմ, սա պետք է շատ լավ գիտակցել, եկեք չմոռանանք, թե ինչ կատարվեց մի քանի ամիս առաջ, նկատի ունեմ պատերազմը»,- ասաց Միքայելյանը:
Նախիջևանի հետ երկաթուղին ֆինանսավորելու գումար Ադրբեջանն ունի
Վերլուծաբանը համամիտ չէ շրջանառվող այն կարծիքներին, որ Մեղրիով Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցության ձևավորումը երկարաժամկետ և ծախսատար ծրագիր է: Նրա կանխատեսումների համաձայն՝ գործընթացը, բնականաբար, մի քանի տարի տևելու է: «Այն, որ շատ ծախսատար է, չէի ասի, քանի որ Ադրբեջանն ունի մոտավորապես 45 մլն դոլարի չափով պահուստներ և կարող է նման պրոյեկտներ ֆինանսավորել: Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում այդ գումարները կան, և ենթակառուցվածքները կկառուցվեն: Իսկ ժամկետները կախված են քաղաքականությունից, ներդրումներից, ամեն դեպքում, կարծում եմ, որ դրա հնարավորությունն Ադրբեջանն ունի»,- ասաց Միքայելյանը՝ ամփոփելով իր խոսքը, որ այս ամենում բացակայում է հայկական շահը, քանի որ ավելի շատ են ռիսկերը:
Հավելենք, որ Ադրբեջանն արդեն սկսել է, ըստ որոշ աղբյուրների, երկաթուղու իր հատվածի շինարարությունը: Դեկտեմբերի վերջին Իլհամ Ալիևն ասել էր, որ երկու տարի կպահանջվի, որպեսզի Ադրբեջանը կառուցի ճյուղ Հորադիզից Կովսական՝ մինչ ՀՀ սահմաններ: