Խաղաղության վերաբերյալ ամբողջ տեսարաններից հետո վերադառնում ենք իրականություն՝ գերիների շինծու դատավարությանը. հարցն իշխանությունները դուրս են դրել գործընթացից. Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր իր միջազգային փաստաբանից՝ հայտարարելով, որ Բաքվի դատարանում նա առհասարակ հնարավորություն չունի իրականացնելու իր շահերի պաշտպանությունը։

Օրեր անց Ռուբեն Վարդանյանի շահերի պաշտպան է նշանակվել Էմիլ Բաբաշևը։ Այս անձի վերաբերյալ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը հրապարակում էր արել՝ շեշտելով, որ նրա հայատյացությունը տեսնելու համար բավական է բացել այս փաստաբանի ինստագրամյան ալիքը։ Նա ունի գրառումներ Խոջալուի, «Մարտի 31-ի ցեղասպանության» մասին։ Բացի այդ, նա ունի հեգնական տեսանյութեր, որտեղ Շուշիից ասում են՝ «ի՞նչ եղավ, Փաշինյան»։

«Մեր գերիներին պետք է հնարավորինս արագ դուրս բերել Բաքվից։ Դրա իրական հնարավորությունը կա»,- գրել էր Տաթևիկ Հայրապետյանը։

Կարդացեք նաև

Փորձագետից այսօր հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրական հնարավորություններ կան այսօր Բաքվի բանտերում գտնվող հայ պատանդներին ու գերիներին հայրենիք վերադարձնելու համար։

Տաթևիկ Հայրապետյանը նախ ասաց՝ ի սկզբանե, երբ գերիների հարցը դուրս է բերվել ընդհանուր գործընթացից, խնդիրը բավականին բարդացել է։ Եթե հարցը փաթեթային դրվեր գործընթացի մեջ՝ որպես կարևոր հարց, որը պետք է լուծվեր, ապա այլ կլիներ իրավիճակը։

«Երբ օգոստոսին իրենք Վաշինգտոնում խոսում էին խաղաղությունից, հարցը պետք է հստակ դրվեր, օրինակ, պայմանական մեկ ամսից գերիները պետք է լինեն իրենց տանը, ինչը խաղաղության կարևոր բաղադրիչն է։ Բայց մեր իշխանություններն այս հարցը դուրս են դրել գործընթացից, ասում են՝ դրա մասին խոսում են, բայց թե ինչպե՞ս են խոսում, առաջ մղում, դրա մասին որևէ բարձրաձայնում չեն անում»,- 168.am հետ զրույցում նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Այս համատեքստում մեր զրուցակիցն առաջարկում է առաջնորդվել փաստերով ու հրապարակային տեղեկությամբ։ Ըստ այդմ, երբ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Թրամփն էր խոսել այդ մասին՝ ասելով, որ գիտի՝ հայերի համար խնդիր է այն, որ 23 հայ քրիստոնյա գերիներ պահվում են Բաքվում, և եթե ինքն Ալիևն խնդրի, վերջինս իր խնդրանքը չի մերժի։

Հետևաբար՝ այստեղ հարցն այն է, որ այդ հայտարարությունից անցել է փաստացի 3 ամիս, և հիմա ի՞նչ է արվել ու ի՞նչ է արվում այդ խնդիրը լուծելու համար։

«Փաստացի տեսնում ենք, որ այդ ամբողջ խաղաղության վերաբերյալ տեսարաններից հետո, որ ամեն ինչ ընտիր է, Ալիևն էլ հանդես եկավ՝ որպես «խաղաղության աղավնի», մենք վերադառնում ենք հետ իրականություն, և այդ իրականության մեջ գերիների նկատմամբ շինծու դատավարությունը շարունակվում է։ Այդ գործընթացն օգտագործում են հայատյացության, Հայաստանի դեմ քարոզչության նպատակով, նույնիսկ վերնագրերը եթե նայեք, արդեն բավարար է այս ամենը հասկանալու համար»,- հավելեց փորձագետը։

Շարունակելով, Տաթևիկ Հայրապետյանը նաև շեշտեց, որ Բաքվում ընթացող այդ գործընթացում Ռուբեն Վարդանյանն առանձնակի թիրախ է, այդ ամենը հստակ ցույց է տալիս տեղեկատվական դաշտի վերլուծությունը։

«Այս պայմաններում, երբ կա Թրամփի խոսքը, կա այդ միջնորդությունը, կա նաև Ալիևի նկատմամբ Թրամփի ազդեցության գործոնը, արդյոք հնարավոր չէ՞, իսկ ես վստահ եմ, որ հնարավոր է դնել այդ խնդիրը, որ մինչև Սուրբ Ծնունդ գերիները լինեն իրենց տանը, քան որ այստեղ այդ մարդկանց քրիստոնյա լինելու հանգամանքը նկատի է առնվում։ Դրանից հետո փակվեն այդ գործընթացները, ուղղակի փակվի Հայաստանի դեմ թշնամանքի մի կարևոր ճակատ»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս