Բաժիններ՝

ՏՄՊՊՀ-ն՝ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի գների տատանման մասին

Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի գները շարունակում են տատանվել: Խոսքը հատկապես անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցների մասին է: Քաղաքացիների փոխանցմամբ՝ մեկ շաբաթ գները բարձրանում են, մեկ շաբաթ անց՝ որոշ չափով նվազում:

Օրինակ, «Կարդիո մագնիլ»-ի 75 մգ մեկ տուփը, եթե նախորդ շաբաթ 2100 դրամից դարձել էր 2300 դրամ, ապա այս շաբաթ արժե 2150 դրամ: «Տրիպլիկսամ»-ի 10մգ 1 հատիկը 235 դրամի փոխարեն նախորդ շաբաթ 250 դրամ էր, այս շաբաթ 283 դրամ է, իսկ մեկ տուփը նախորդ շաբաթվա 8090 դրամի փոխարեն դարձել է 7659 դրամ է, «Կոնկորի» 2.5մգ 1 տուփը 1940-ի փոխարեն դարձել է 1746 դրամ: «Սոմնա ռիցի» 10 դեղահաբն էլ, եթե մոտ երկու շաբաթ առաջ տատանվում էր 1000-1050 դրամի սահմաններում, այս պահին 1100-1200 դրամ է:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Անի Սմբատյանից 168.amը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ուսումնասիրվում է դեղերի շուկան, ո՞րն է գների տատանման պատճառը, վերջինը պատասխանեց.

«Մենք դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում ենք, ամփոփենք՝ կհրապարակենք»:

Դեղատաներից մեկի սեփականատերը, ում անունն իր խնդրանքով չենք հրապարակում, ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ վերջին 2 տարվա ընթացքում առողջ մրցակցության պայմաններում շատ դեղորայքի գներ բավականին իջել են, իսկ հիմա՝ կապված դոլարի և եվրոյի փոխարժեքի  բարձրացման հետ, որոշ դեղորայք կրկին թանկացել է:

«Ամեն տարի նույն երևույթն է, գարնանը կրկին կիջնեն դեղերի գները: Ի դեպ, կորոնավիրուսի հետ կապված՝ Վիտամին C-ն, Վիտամին D-ն, ցինկը, «Ռիվարոքսաբան» (Քսարելտո), «Ասպիրին կարդիո» դեղերը չեն թանկացել:

Պարզապես մի պահ որոշ դեղորայքի դեֆիցիտ էր, հետո նորից ներկրվեց: Մեծ նշանակություն ուներ արտակարգ իրավիճակում Առողջապահության նախարարության թույլտվությունը՝ զուգահեռ ներմուծման հետ կապված, որի արդյունքում շատ չգրանցված դեղորայք բավականին էժանացավ: Ինչ վերաբերում է վրացական շուկային, որտեղ դեղորայքը համեմատաբար էժան է,  ապա դրա բացատրությունն այն է, որ Վրաստանում չկա ավելացված արժեքի հարկ, դրա համար Հայաստանում ևս օրենքով պետք է հանվի ավելացված արժեքի հարկը»,- մանրամասնել էր մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս