«Սպառողական զամբյուղը գնալով ավելի նվազում է, հնարավորությունները՝ փոքրանում». Մելիտա Հակոբյան
Դեռ դեկտեմբերից սպառողները դժգոհում էին, որ խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են: Ոմանք դա պայմանավորում էին նրանով, որ առջևում տոներ են, որոնք այս տարի, իհարկե, նույն շուքով չանցան, ինչ նախորդող տարիներին, սակայն այդ օրերից հետո էլ գների նվազման միտում չկա, դեռ հակառակը, շարունակում են աճել:
«Բրինձը 540-ից դարձել է 640 դրամ, հացը 200-ից դարձել է 220 դրամ, 40-50 դրամանոց ձուն դարձել է 70-80 դրամ, ալյուրն է թանկացել, հետևաբար՝ նաև խանութում վաճառվող խմորները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մի սպառող:
«Հացից սկսած՝ ամեն ինչ թանկացել է: Կոնկրետ հացը 10-20 դրամ է թանկացել, ձուն՝ 20-30, թանկացել է կաթնամթերքը, ալյուրը»,- ասաց մեկ այլ սպառող:
«Առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքները թանկացել են դեկտեմբերի կեսերից: Թթվասեր, կաթ, կարագ, հաց, ալյուր, շաքարավազ, ամեն ինչ թանկացել է, ձեթի գինը միանգամից 150-200 դրամ է ավելացել, իսկ մնացածը՝ 20-50 դրամ»,- ասաց սպառողներից մեկը:
«Անգամ բանանն է թանկացել, 1 կգ-ը 560 դրամից դարձել է 720 դրամ»,- ասաց մեկ այլ սպառող:
168.am-ը Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանից հետաքրքրվեց, թե ըստ իրենց հետազոտությունների՝ ո՞ր ապրանքներն են թանկացել, որքա՞ն և ինչպե՞ս է սա ազդել սպառողական զամբյուղի վրա:
«Բավականաչափ ապրանքներ մինչև 7, 8, 10 տոկոս թանկացել են, նույնիսկ ավելին: Առաջնային սպառման ապրանքները թանկացել են, հաց, ալյուր, սմետան, մածուն, շաքարավազ, ամեն ինչն էլ թանկացել է, ձեթն ավելի շատ է թանկացել, օրինակ՝ 800 դրամանոցը դարձել է 1050, 1070 և այլն: Տարբեր տեղերում տարբեր է թանկացումը, կենտրոնում ավելի շատ է թանկացել, քան ծայրամասերում, նույնը և՝ մարզերում, մարզերում էլ բավականաչափ թանկացումներ եղել են, կարելի է ասել՝ անհամաչափ թանկացումներ են: Ամեն տարի տոներից առաջ, իհարկե, սա տոն չէր, բայց ամեն դեպքում, դրանից առաջ թանկացումներ լինում էր ավելի մեծ տոկոսներով ու միանգամից իջնում էր, դեկտեմբերի 31-ի երեկոյից սկսած իջնում էր, բայց այս անգամ թանկացումներ բավականին շատ եղան ու ոչ մի իջեցում չկա»,- ասաց Հակոբյանը:
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը նշեց, որ թանկացումները մի շարք պատճառներ ունեն:
«Գները բարձրանում են տարբեր պատճառներից, ոմանք կապում են դա դոլարի կուրսի բարձրացման հետ, արտադրողների մոտ էլեկտրաէներգիայի, գազի թանկացումների պատճառով արտադրանքի ինքնարժեքն է բարձրանում: Տեղի-անտեղի թանկացումներ կան»,- ասաց Հակոբյանը:
Մեր հարցին, թե հացի, ալյուրի թանկացումը հնարավո՞ր է՝ պայմանավորված լինի պատերազմով, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո մենք կորցրինք մի շարք տարածքներ, որտեղ մեծ քանակությամբ ցորեն էր աճեցվում:
«Հնարավոր է, ներկրողների հետ հանդիպում չենք ունեցել, որ հարցնեինք, թե ինչո՞ւ է թանկացել, հնարավոր է և՝ դրանից, հնարավոր է, որ որոշակի ժամանակահատվածով Լարսի ճանապարհը փակվում է, դրանից է: Ամբողջ աշխարհում կան թանկացումներ և աղքատության բարձր ցուցանիշների արձանագրում: Մեզ մոտ էլ նույնն է, ինչպես միշտ, Հայաստանն առաջին տեղում է, թանկացումները մեզ մոտ անհամաչափ են, ավելի շատ են, քան պետք է լինեին»,- ասաց Հակոբյանը:
Մեր հարցին, թե եղե՚՞լ են դեպքեր, որ սուպերմարկետները, օգտվելով գերիշխող դիրքից, անհարկի թանկացումներ են արել, Մելիտա Հակոբյանը պատասխանեց, որ թանկացումներ եղել են և՛ փոքր, և՛ միջին, և՛ մեծ մարկետներում:
«Իսկ ընդհանուր առմամբ մեզ մոտ կարծես սուպերմարկետը մինչև հիմա չեն հասկացել, թե ի՞նչ է: Օրինակ, արտերկրում սուպերմարկետներն ավելի շատ քաղաքից դուրս են լինում, մարդիկ գնում են, մեկ շաբաթվա, 10 օրվա, մեկ ամսվա առևտուր են անում, այն ապրանքները, որոնք չեն փչանում, հատկապես լայն սպառման ապրանքները, գնում են ավելի էժան գներով և գալիս են տուն: Մեզ մոտ սուպերմարկետները մտածում են, որ, եթե սուպերմարկետ է, ապա սուպերգներ պետք է լինեն: Պարզ է, որ ավելի թանկ է մեզ մոտ: Ես եղել եմ տարբեր երկրներում և հատուկ գնացել եմ սուպերմարկետներ, տեղի քաղաքի խանութները, աշխարհի բոլոր երկրների սուպերմարկետների հետ եթե համեմատենք, ապա այնտեղ բավականաչափ էժան է, իսկ մեզ մոտ հակառակն է»,- ասաց Հակոբյանը:
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահի կարծիքով՝ գների առավել բարձրացումը ոչ միայն սպառողի, այլև ներկրողի, վաճառողի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ:
«Իմ կարծիքով, ընդհանուր առմամբ, եթե գնալով աղքատությունը բարձրանում է, ապա գների ավելի բարձրացումը ձեռք չի տա ոչ մի ներկրողի, ոչ մի գործարարի, որովհետև եթե սպառում չկա, ազգաբնակչությունն ավելի է աղքատանում, պարզ է, որ ավելի քիչ սպառում կլինի: Եթե նախկինում գնել է, օրինակ, 3 հաց, աշխատում է 2 հացով բավարարվել, հետագայում կարող է 1 հացով բավարարվել ընտանիքը, կամ եթե մարդիկ առաջ գնել են և՛ կարագ, և՛ սմետան, և՛ տվորոգ, և՛ տարբեր այդպիսի առաջին անհրաժեշտության ապրանքներ, այսօր, վաղը և հետագայում, եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ մարդիկ հնարավորություն չունենան և ավելի շատ կարտոֆիլ ու հաց գնեն, ինչպես 90-ականներին էր՝ պատերազմի ժամանակ, սկսում են ավելի շատ ածխաջրատային ապրանքներ գնել, և իրենց կալորիան լրացնել դրանով, իհարկե, դա օրգանիզմի համար շատ վտանգավոր է, որովհետև նյութափոխանակության խանգարումներ են տեղի ունենում, և տարբեր հիվանդություններ են ի հայտ գալիս, բայց ամեն դեպքում մարդիկ մի բան պետք է ուտեն, չէ՞, և հնարավոր է, որ իրենց բալանսը, կալորիան լրացնեն այդ ձևով: Սմետան, տվորոգ, կարագ, միս կարող է ավելի քիչ գնեն, հազվադեպ, այսինքն՝ ավելի թանկ ապրանքները ավելի քիչ գնեն, ամիսը մեկ-երկու անգամ իրենց թույլ տան, կամ թույլ չտան: Այդ պարագայում ավելի շատ թանկացումը չի համապատախանում ընդհանուր ստանդատներին, ինձ թվում է՝ չի լինի, բայց եթե լինի ապրանքների սուղ վիճակ, հնարավոր է՝ էլ ավելի թանկանա, իրավիճակից դատելով՝ հնարավոր է»,- ասաց Հակոբյանը:
Նա նշեց, որ թանկացումներ կան նաև մրգի և բանջարեղենի շուկայում, այն վայրերում, որտեղ մեծածախ վաճառք է, թանկացումն ավելի քիչ նկատելի է:
«Սպառողական զամբյուղին խփում է, քանի որ չկա թոշակի, աշխատավարձի բարձրացում, ընդհակառակը, շատ տեղերում կրճատումներ են գնում, քանի որ, եթե մարդն արտադրել է օրական 8 տոննա կաթնամթերք, հիմա արտադրում է 4 կամ 2 տոննա, ապա դրա հետ մեկտեղ՝ պետք է աշխատողների կրճատում լինի: Պարզ է, որ սպառողական զամբյուղը գնալով ավելի նվազում է, հնարավորությունները՝ փոքրանում»:
Մեր հարցին ի պատասխան, անդրադառնալով ծխախոտի 230 դրամով թանկացմանը, Մելիտա Հակոբյանը նշեց, որ այս կերպ իշխանությունը հույս ունի, թե կկրճատվի ծխողների թիվը:
«Հունվարի 1-ից ծխախոտի թանկացման նախապայման կար դեռ 1-2 տարի առաջ, որ 2021թ.-ից պետք է ծխախոտը թանկացնել, իբր, որ մարդիկ ավելի քիչ ծխեին, բայց հետո, որքան գիտեմ, ԱԺ-ն դա հետաձգեց՝ մտածելով, որ տեղական արտադրողների աշխատանքին կխոչընդոտեն: Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է, անկանխատեսելի վիճակ է այսօր: Օրինակ՝ Կենտրոնի տունը, որ մարդիկ պապական ժառանգություն են ստացել, դժբախտաբար թե բարեբախտաբար, կենտրոնում են ապրում, եթե նրանց գույքահարկը բարձրացնում են մինչև 100 տոկոս, իհարկե, մի քանի տարում են իբր բարձրացնում, ինչի՞ մասին կարող է խոսքը գնալ, անկանխատեսելի երկրում ենք ապրում, ամեն ինչ էլ կլինի»,- եզրափակեց Մելիտա Հակոբյանը: