Պետականություն և ժողովրդավարություն

Վերջերս «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը մոտավորապես այսպիսի միտք հայտնեց․ «Ինչպե՞ս անել, որ այլևս փողոցի մարդը չգա իշխանության»։

Իսկապես, լուրջ հարց է։ Չէ՞ որ, ինչպես Հայաստանի Սահմանադրությունն է ամրագրել, «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», այնպես էլ մեր «գերազանցիկ» արևմտամետներն են հայտարարում․ «Հայաստանում իշխանությունը բացառապես պետք է ձևավորվի ընտրությունների միջոցով», և այլ անգիր արած  ֆրազներ։

Նախ, մեր «գերազանցիկները», չգիտես ինչու, «մոռանում» են, որ ժամանակակից ժողովրդավարությունը միայն ընտրությունը չէ, այլ նաև երկրի քաղաքական համակարգը՝ պետական կառույցների հստակ տարանջատմամբ, իրենց լիազորությունների ինքնուրույն, առանց ցուցումների իրականացմամբ։

«Գերազանցիկները» աչք են փակում իրենց պաշտելի ղեկավարի կամայական ցուցումներով ԱԱԾ, Ոստիկանության, ՀՔԾ, ՔԿ, Դատախազության կողմից կատարվող, ասֆալտին փռելու, քրեական շինծու գործեր հարուցելու և այլ ապօրինությունների վրա։

Ժողովրդավարությունը նաև տվյալ երկրի պետական համակարգն է, որն էլ Հայաստանում աղավաղված է և հանձնված է մեկ անձի քմահաճույքին։

Սակայն ժողովրդավարությունը ոչ միայն երկրի  պետական համակարգն է, այլև քաղաքական։

Քաղաքական համակարգը տվյալ երկրին բնորոշ քաղաքական կուսակցություններն են։ Այո, շեշտում եմ՝ տվյալ երկրին բնորոշ։ Մեր «առաջադեմների» իդեալական  ժողորդավար ԱՄՆ-ում, իհարկե, գործում է բազմակուսակցական համակարգ, և հավանաբար կան գրանցված բազմաթիվ կուսակցություններ։ Բայց ԱՄՆ-ում անհնար է, որ ինչ-որ «Քաղաքացիական պայմանագիր»՝  նոր գրանցված կուսակցություն, ընտրություններին մասնակցի, դեռ մի բան էլ հաղթի։ Բացի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից, և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո  ոչ մի այլ կուսակցություն շանս չունի իշխանության գալու։ Եվրոպական կայացած ժողովրդավարական երկրներում գործում են ավելի շատ, բայց նույնպես ավանդական կուսակցություններ։ Եվ եթե որևէ անձ ցանկանում է մասնակցել երկրի քաղաքական կյանքին, հասնել իշխանության, նա պետք է անդամագրվի այդ կուսակցություններից որևէ մեկին, աճի,  թրծվի, մշակվի, զտվի կուսակցական կյանքում  և միայն հետո հավակնի կուսակցական ցուցակում ընդգրկվել և հավակնել պատգամավորի մանդատի կամ պետական պաշտոնի։

Իհարկե, ժամանակ առ ժամանակ  Եվրոպայում ստեղծվում են նաև նոր կուսակցություններ, օրինակ, տասնամյակներ առաջ՝ բնապահպանական, ձախակողմյան «Կանաչների» կուսակցությունը։ Բայց եվրոպական ժողովուրդները թերահավատորեն  ընդունեցին այդ չփորձված քաղաքական ուժին, և այն տարիներ ի վեր տոկոս առ տոկոս բարձրացնում է իր վարկանիշը։

Այո, ժողովրդավարական երկրներում քաղաքացիները նույնպես գիտակից են և երբեք այլևս չեն կրկնի 1930-ական թվականների սխալները և թույլ չեն տա երկիրը կառավարի փողոցից եկած կիսագրագետ պոպուլիստը։ Մեր հարևան Իրանը, որը մինչև իսլամական հեղափոխությունը լուրջ ժողովրդավարական ավանդույթներ չուներ, գնաց այլ ճանապարհով։ Որպեսզի, այսպես կոչված, «ժողովրդավարական» ճանապարհով  որևէ արկածախնդիր չգա իշխանության և երկիրը քարուքանդ չանի, ընտրություններին մասնակցող նախագահի թեկնածուները պետք է արժանանան Հոգևոր առաջնորդի հավանությանը։ Այո, այն, թվում է, թե ավելի բացահայտ «սահմանափակում» է  ժողովրդավարության, քան ԱՄՆ-ի առավել քողարկված տարբերակը, բայց այն նույնպես արգելակ է որևէ  արկածախնդրի՝ հնարավոր  իշխանությանը հասնելու ճանապարհին։ Այլ երկրներում նույնպես գործում են նման մեխանիզմներ (բանակը, հոգևորականությունը, ազնվականությունը), և այլն, որ հաճախ անվանվում է «խորքային» պետություն։ Կարևորը, որ ժողովուրդը չի կասկածում իր ընտրության մեջ, չնայած ոչ բոլորը կարող են մասնակցել ընրություններին։ Բա՞, հարգելի «գերազանցիկներ»։

Իսկ այդ խորքային պետությունը կամ քաղաքական վերնախավը կարող է ժողովրդի կողմից ընտրված, բայց հակապետական արկածախնդիր ղեկավարին պաշտոնանկ անել, այո, հեղաշրջում իրականացնել՝ հանուն պետության փրկության։

Այսպիսով, ժողովրդավարությունը ոչ միայն ընտրություններն են, երկրի պետական  համակարգը, այլև,  այո՛, քաղաքական վերնախավի պատասխանատվության հարցը։

Ցավոք, անկախ Հայաստանում ոչ միայն չստեղծվեցին նորմալ պետական կառույցներ, քաղաքական համակարգ, ինչպես նաև պետական մտածողությամբ քաղաքական վերնախավ։ Վերնախավ, որը ոչ թե կզբաղվեր միմյանց ատելով և վարկաբեկելով, այլ արտաքուստ, բայց և անկեղծ քաղաքական մրցակցությամբ, բայց և առանց փոխադարձ թշնամանքի, ներքին  համագործակցությամբ, մեկը մյուսին իշխանության  սահուն, ազատ ընտրությունների միջոցով փոխանցմամբ, որպեսզի որևէ արկածախնդիր չհասներ իշխանության։

Անունով «ժողովրդավարական», բայց իրականում՝ պետական մտածողությունից զուրկ նորանկախ, կամ չկայացած պետություններում, ինչպիսիք են Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, ձևավորված ոչ քաղաքական, այլ իշխանական «վերնախավը» միայն մտածում է իր իշխանությունը պահելու մասին։ Նախկինում հաճախ եմ լսել Հայաստանի քաղաքական գործիչներից, որոնք «արդարացրել» են ընտրակեղծիքները․ «Բայց դու պատկերացնո՞ւմ  ես, որ իշխանության գար․․․»։ Եվ, հավանաբար, «ճիշտ» էին ասում, տեսանք․․․

Բայց, ի տարբերություն, կայացած երկրների, ուր ժողովուրդն ընտրում է արդեն «ընտրվածների» միջից և գոհ ու երջանիկ է, որ մասնակցում է երկրի կառավարմանը, մեզ  մոտ, հակառակը, բոլորս, տեսնելով համատարած կեղծիքները, կատաղում  և պատրաստ ենք ընտրել ցանկացած պոպուլիստի, կամ նրա կոչով հեղափոխութուն անել։ Արդյունքում, այսպիսի չկայացած պետություններում հեղափոխություններն անխուսափելի են, որոնք էլ ուղեկցվում են  էլչիբեյների, գամսախուրդիաների, սահակաշվիլիների, զելենսկիների, փաշինյանների իշխանության գալով, տարածքների կորուստներով, պետականությունը վտանգելով։

Հարց․ եթե հրաշքով այս մղձավանջը հաղթահարենք, արդյոք խելքի կգա՞նք և վերջապես կստեղծե՞նք հստակ, գործուն պետական, քաղաքական համակարգեր, իր՝ այո, քաղաքական, պետական մտածողությամբ վերնախավով։ Կասկածում եմ․․․

Ավետիք Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս