Ռոլան Գոդել. Գրել դեռահասների համար եւ հայերի մասին. «Ազգ»

«Ազգը» գրում է. Ֆրանսաբնակ շվեյցարացի արձակագիր Ռոլան Գոդելը (ծնվ. 1958 թ., Ժնեւ) 15 տարուց ավելի աշխատել է լրագրության բնագավառում: 1999-ին միացել է Ժնեւի նահանգի վարչակազմին որպես հաղորդակցության պատասխանատու: Այդ ժամանակից ի վեր գրում է պատմվածքներ եւ վեպեր՝ նախատեսված դեռահաս ընթերցողների համար: 2008-ին արժանացել է «Քրոնոս» մրցանակին՝ «Միմոզա պանսիոնի փոքրիկ գաղտնիքները» գրքի համար, իսկ 2010-ին՝ «Պորկերակի կախարդը» վեպի համար՝ «Տատուլու» եւ պատանիների համար նախատեսված պատմավեպի մրցանակներին: Նրա մյուս գրքերից են «Հորս գաղտնիքը», «Պատվախնդրության իմաստը», «Վերջին ամրակետը» եւ այլն: 2016 թ. նա արժանացել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) երիտասարդական գրականության մրցանակին՝ «Ես համարձակվեցի ասել՝ ո՛չ» գրքի համար, որը բարձր է գնահատվել՝ բռնությունների դեմ իր ուժգին ուղերձի համար:

Ռոլան Գոդելը երկու երեխաների հայր է եւ ապրում է Ֆրանսիայում ու Հունաստանում:

–Հարգելի՛ Ռոլան, ձեր գրքերում դուք ուսումնասիրում եք տարբեր սոցիալական խնդիրներ եւ անդրադառնում մարդկային հարաբերություններին, զգացմունքներին ու ապրումներին: Ձեր գրականությունը հաճախ ուղղված է դեռահաս ընթերցողին: Կարո՞ղ է սա բացատրվել նրանով, որ հոգով մնում եք այդ տարիքում:

-Ճիշտ եք ասում: 67 տարեկանում էլ ես ձգտում եմ մնալ հոգով-սրտով երիտասարդ, եւ պատանիների համար վեպեր հորինելն ու գրելն ինձ անդադար վերադարձնում է իմ սեփական պատանեկությանն ու դեռահասի փորձառությանը: Դա օգնում է չդառնալ մռայլ, հիասթափված եւ սեփական ճշմարտությունների մեջ փակված ծերուկ: Ես խորապես հավատում եմ, որ պատանիները հրաշալի ունակություն ունեն բաց սրտով ընկալելու իրենց հուզող պատմությունները՝ իրենց թույլ տալով զգալ հույզերի ողջ գունապնակը: Այդպես նրանք սկսում են մտածել, զարգացնում են քննադատական միտք եւ կերտում սեփական անհատականությունը: Ավելի ուշ՝ 15-16 տարեկանից սկսած, պատանի ընթերցողները սկսում են զսպվել՝ ենթարկվելով կանխակալ մոտեցումներին, «բնավիճակներին» ու պաշտպանողական դիրքերին:

–Ձեր «Ես համարձակվեցի ասել՝ ո՛չ» մանկական վիպակը բացահայտորեն անդրադառնում է դպրոցական բռնության թեմային, ինչը հատկապես ինձ համար ցավոտ հարց է: Ի՞նչ եք կարծում, այս խնդիրը մի՞շտ է արդիական լինելու, թեեւ այսօր ուսումնական հաստատությունները, հատկապես Արեւմուտքում, կարծես փորձում են հնարավորինս նվազեցնել այն:

-Ինձ թվում է՝ այս խնդիրն այսօր ավելի արդիական է, քան երբեւէ: Նայեցե՛ք, թե ի՜նչ կոշտ ու անողորմ մարդիկ են այսօր զբաղեցնում աշխարհի ամենաբարձր քաղաքական դիրքերը՝ Թրամփ, Պուտին, Նեթանյահու, Օրբան… Նրանք բռնարարի եւ ահաբեկչի դասական կերպարներ են: Մարդիկ, որոնք ինքնահաստատվել են ուժեղի ու թույլի հարաբերության հիմքի վրա եւ կարծես հաճույք են ստանում իրենց իշխանական դիրքից: Իհարկե, եթե խորանանք հոգեբանական տեսանկյունից, կտեսնենք, որ բռնարարները հաճախ մարդիկ են, որոնք իրենց մանկության ընթացքում տառապել են եւ որոնց կյանքը մի մռայլ վրեժխնդրության պատմություն է: Ուստի սա բարդ հարց է, եւ հենց ամենավաղ տարիքում, պետք է երեխաներին զգայուն դարձնել այդ թեմայի հանդեպ:

–Բացառությամբ բռնության եւ սեռականության թեմաների՝ կան արդյո՞ք այլ սահմանափակումներ կամ սահմաններ, որոնք ձեզ համար սահմանել եք՝ գրելով դեռահասների լսարանի համար:

-Պատանեկան գրականությունն ամբողջությամբ փոխվել է վերջին երեսուն տարիների ընթացքում: Այսօր կարելի է խոսել ամեն ինչի մասին՝ մեծ ազատությամբ ու զգայունությամբ՝ մահ, բաժանում, ռասիզմ, միայնություն, նախանձ, հիասթափություն, ընտանիք, թմրանյութեր, աններդաշնակություն, հիվանդություն, ինքնասպանություն..Կարելի է անգամ անդրադառնալ բռնությանն ու սեռականությանը՝ պայմանով, որ դա արվի անկեղծ, ոչ թե շոկային եղանակով, հասանելի լինի տվյալ տարիքի ընթերցողին եւ պահպանվի համեստության ու ընթերցողի նկատմամբ հարգանքի համապատասխան չափանիշը:

–Դուք մտավորական ընտանիքից եք: Ձեր պապը՝ շվեյցարացի լեզվաբան, բանասեր եւ հայագետ Ռոբեր Գոդելը (1902-1984), Ժնեւի համալսարանի պրոֆեսոր էր: Հիշում եմ, համալսարանում նրա անունը հիշատակվում էր կառուցվածքական լեզվաբանության դասերին: Նա տիրապետում էր 16 լեզվի, այդ թվում՝ հայերենին: Ի՞նչ անձնական հիշողություններ ունեք այդ բացառիկ գիտնականից:

-Պապիկս՝ Ռոբեր Գոդելը, իսկական գիտական մտածողություն ուներ՝ Լուսավորության դարաշրջանի ոգուն համահունչ: Մեթոդիկ, խորամուխ, պահանջկոտ ինքն իր նկատմամբ, բայց նաեւ բաց՝ կասկածի եւ ինքնաքննադատության հանդեպ: Կարծում եմ՝ նրան հատկապես բնութագրական էր կալվինական բողոքականության ոգին՝ իր ազնվագույն դրսեւորումներով՝ խստապահանջ, զուսպ, բարեխիղճ, հոգեւոր եւ բանական, մեծապես կարեւորող արժանիքը եւ ճշտությունը:

Պապիկս անկեղծորեն հետաքրքրված էր մարդկանցով՝ առանց որեւէ կանխակալության: Պատկերացրե՛ք այս երիտասարդ շվեյցարացուն, որը 1920-ականներին մեկնում է Կոստանդնուպոլիս՝ Գալաթասարայի լիցեյում ֆրանսերեն դասավանդելու, այնտեղ սիրահարվում է մի երիտասարդ հայուհու՝ իմ տատիկին, եւ այնուհետեւ տարվում է հայոց լեզվով ու մշակույթով, ինչը, սակայն, նրան չի խանգարում հետագայում հրապարակելու նաեւ թուրքերենի քերականություն: Այդ ժամանակի համար դա խիստ անսովոր էր:

–Ընդունված է ասել, որ բոլոր տատիկները յուրահատուկ են, բայց հայ տատիկներն՝ առավել եւս: Ի՞նչ կասեք ձեր տատիկ Մելինե Գոդելի (ծնյալ Փափազյան) մասին:

-Իմ գերմանուհի մայրիկը եւ հայ տատիկս, որը վերապրել է աքսոր եւ ցեղասպանություն, իմ մանկության արեւն ու սերն էին: Բողոքական Ժնեւում, որտեղ զգացմունքների արտահայտությունը խիստ զուսպ էր, Մելինե տատիկս ինձ հիացնում էր իր բարձր ծիծաղով, այն ժամանակ Եվրոպայում դեռեւս անծանոթ արեւելյան խոհանոցով, իր բաց հուզականությամբ, երբեմն՝ զայրույթով, հունարեն կամ հայերեն երգերով: Հաճախ եմ հիշում, թե ինչպես էր նա ինձ ուժեղ սեղմում կրծքին՝ հաճույքից հոգոց հանելով եւ քնքուշ բառեր շշնջալով հայերեն: Դա իսկապես անմիջական փոխանակում էր. մենք միմյանց երջանկություն էինք պարգեւում:

–Հայաստանում եւ Ֆրանսիայում ես երեք անգամ պատիվ եմ ունեցել հանդիպելու ձեր հորը՝ բանաստեղծ եւ թարգմանիչ Վահե Գոդելին: Նրա դերը հայ գրականության՝ ֆրանսախոս ընթերցողին փոխանցելու գործում անվիճելի է: Ուրախ էի ձեզնինց իմանալ, որ այսօր 94 տարեկան էլ նա լավ «մարզավիճակում» է: Ո՞րն է այն գրական կամ հուզական կապը, որը ձեզ՝ որպես գրողի, միավորում է նրա հետ:

-Անձնական մակարդակում մեր կապը հիմնված է անկեղծ սիրո վրա, բայց բավական զուսպ է եւ չափավոր արտահայտվող: Կարծում եմ՝ հայրս ավելի շատ ժառանգել է պապիկիս բնավորությունը, քան տատիկիս: Նա եղել է ավանգարդ բանաստեղծ, որի գրությունները հեշտ ընկալելի չեն: Երբ երիտասարդ էի, նրա պոեզիան ինձ բավականին խորհրդավոր ու անհասանելի էր թվում: Վերահայտնագործեցի նրա գրքերը չափահաս տարիքում: Իր հերթին նա, գիտեմ, հպարտ է, որ ես գրում եմ եւ գնահատում է իմ գրական գործունեությունը: Բայց, անկեղծ ասած, չեմ կարծում, որ նա շատ բան կարդացած լինի իմ վեպերից:

–Ձեր գրական գործունեության մեջ առկա են նաեւ երկու գործեր՝ նվիրված հայոց պատմությանը՝ «Անուշի աչքերով. Հայաստան-1915» եւ «Զմյուռնիայի երգը»: Ինչպե՞ս են դրանք ընդունել ընթերցողները: Եվ արդյո՞ք այդ ցավոտ էջերից բացի հայոց պատմության կամ մշակույթի այլ կողմեր նույնպես հետաքրքրում են ձեզ:

-Տատիկիս աքսորին նվիրված պատմությունը, որը լույս է տեսել «Գալիմար» հրատարակչությամբ եւ Փարիզում արժանացել է երկու մրցանակի, արժանացել է լավ ընդունելության եւ ճանաչման: Այն հաճախ ուսումնասիրվում է Ֆրանսիայի դպրոցներում, քանի որ, որքան ինձ հայտնի է, ֆրանսերեն գրված այն սակավաթիվ պատանեկան վեպերից է, որ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը: Այս թեմայով գիրք վաճառելն ավելի դժվար է, քան դետեկտիվ կամ արկածային վեպերը, ուստի այն հիմնականում գրադարանային եւ ուսումնական նշանակության գիրք է, ո՛չ «բեսթսելեր»: Իսկ երկրորդ գիրքս պատմում է Փոքր Ասիայի հույների աղետալի փորձառության մասին 1919-1922 թվականներին: Այն մեծապես փաստագրական է. ես անձամբ այցելել եմ նկարագրված վայրերը՝ նյութեր հավաքելու նպատակով: Սա պատմավեպ է, որը հիմնականում հուզում է այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են պատմական այդ իրադարձություններով:

–Եվ վերջին հարցը՝ եղե՞լ եք Հայաստանում:

-Ո՛չ, դեռ չեմ եղել Հայաստանում, բայց դա իմ ապագա ծրագրերի մեջ է: Սակայն պետք է ասեմ, որ ինձ համար Հայաստանը այն Փոքր Ասիան է, որտեղ ծնվել ու մեծացել է իմ տատիկը, որը խոսում էր հայերեն, հունարեն ու թուրքերեն: Ես մի քանի անգամ այցելել եմ այդ տարածաշրջան, այն վայրերը, որտեղ նա երջանիկ մանկություն է ապրել աքսորից առաջ այն ժամանակ, երբ Փոքր Ասիան բազմազգ, բազմալեզու, քաղաքակիրթ, Եվրոպայի առեւտրային ու մշակութային առաջամարտիկ վայրերից էր:
Այսօր ես տարվա կեսն ապրում եմ Հունաստանում: Զավակներս մկրտված են հույն ուղղափառ եկեղեցում: Ես շարունակում եմ սովորել հունարեն եւ ինձ հարազատ եմ զգում այդ միջավայրում, որտեղ երբեմն հանդիպում եմ նաեւ սփյուռքահայերի՝ Թուրքիայից արտագաղթածների սերունդների…

–Բայց, միեւնույն է, դուք միշտ բարո՛վ համեցեք Հայաստանի Հանրապետություն…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս