
Առեւտրատնտեսական անցուղի՞, թե՞ հարատեւ պատերազմ

Ն. Փաշինյանն ուզում է ընտրություններին ընդառաջ ամեն գնով վերցնել կախարդական թուղթը եւ այն թափահարել ժողովրդի աչքին՝ որպես խաղաղության հաղթաթուղթ: Ասենք՝ այդ հարցում նա մենակ չէ. Թուրքիան, Ադրբեջանը, Եվրոպայի շահագրգիռ մասը եւ Մ. Նահանգներն ու Իսրայելն էլ են ուզում, սակայն ոչ թե թուղթ, այլ՝ անցուղի, ճանապարհ, միջանցք, սեփական տարածք ու ռազմահետախուզական հենակետ:
Սրանց մեջ նորեկը վերջին պահին գնացք բարձրացած Մ. Նահանգներն է, որը Անկարայում իր դեսպանի միջոցով առաջարկելու պես պահանջեց, թրամփյան ոճին համահունչ, 100 տարով տարածք-անցուղին իրենց վարձակալության, ավելի ճշգրիտ՝ լիզինգի տալ:
Ճիշտ է, Փաշինյանի համհարզներից մեկը չհապաղեց հայտարարել, որ Հայաստանը պատրաստ չէ որեւէ մեկին վարձակալության տալ իր սուվերեն տարածքը, սակայն փորձը ցույց է տալիս, որ նրա շեֆը, որպես հայտնի փողասեր, այս պարագայում էլ պարզապես բարձրացնում է գործարքի գինը: Ասվածին որպես ապացույց պետք է մտաբերել Աբու Դաբիում Իլհամի հետ հինգժամանոց հանդիպումից հետո Երեւանում արած նրա խաղացկուն հայտարարությունը հանդիպման վերաբերյալ՝ «հնարավոր է տարբերակներ գտնել», «գործընթացը շարունակվում է», «հավանաբար լինեն նոր հանդիպումներ» եւայլն, եւայլն: Նա մոռանում է, որ ի դեմս Թրամփի Ամերիկան ունի առեւտրականի կարծր բնավորությամբ նախագահ, որը բնավ չի սիրում իր առաջարկը մերժողներին, նաեւ՝ սեւթեւեթողներին: Թրամփը որեւէ պահի կարող է, օրինակ, իր մոտ կանչել, oval office-ում իր կողքին նստեցնել Նիկոլին (ի դեպ՝ վերջինիս մե՜ծ երազանքը), սակայն հարցը լուծել «մեր ձեւով»:
Հիշենք նաեւ, որ Ամերիկան մեծ փորձ ունի եւ հնարավորություններ նման հարցերում, պատմական փորձ: Դեռեւս 123 տարի առաջ, երբ տարբեր պատճառներով ձգձգվում էր Պանամայի արհեստական ջրանցքի կառուցման ծրագիրը, Վաշինգտոնն էր կտրուկ միջամտողը, որպեսզի շարունակվեն աշխատանքները, եւ զուգահեռաբար, 1902 թ.ին, Կոլումբիայից փաստորեն խլեց Պանաման՝ արհեստական հեղաշրջմամբ անկախություն «շնորհելով» այդ երկրամասին: Մինչեւ այսօր, անզոր Կոլումբիան,- որի դրոշի գույները, ի դեպ, նույնական են մերինի հետ,- պահանջում է իրենից անջատված տարածքի վերակցումը իր ինքնիշխան երկրին, մինչդեռ Թրամփը, բոլորովին անհոգ՝ շարունակում է բարձրացնել Պանամայի նեղուցից օգտվող երկրների Ամերիկային վճարվող տուրքերը…
Դժվար չէ պատկերացնել, որ ամերիկյան առաջարկը իրականություն դառնալուց հետո աշխարհաքաղաքական,- արդեն ուղիղ իմաստով,- ի՜նչ պատկեր կստանա մեր տարածաշրջանը, Հարավային Կովկասը մասնավորապես, հակընդդեմ ի՞նչ կեցվածքներ կառաջանան, ընդհուպ՝ ի՞նչ գործողություններ, հակամարտություններ կձեռնարկվեն, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի եւ Իրանի հակազդեցությունը, նաեւ հեռավոր Չինաստանի, որի առեւտրատնտեսական հեռահար ծրագիրը՝ «մետաքսի ճանապարհը», բզիկ-բզիկ կդառնա, միաժամանակ փուլ կգան տարածաշրջանը առեւտրատնտեսական դրախտ դարձնելու, Կասպիցը Սեւ ծովին, Սեւ ծովը Միջերկրականի արեւելյան ավազանի նավահանգիստներին կապելու երազանքները: (Այս մասին կարդալ 2-րդ էջում մեր հայտնի իրանագետի ուշագրավ հոդվածը):
Այդպես է լինում, երբ խաղից դուրս են թողնվում տարածաշրջանի գլխավոր խաղացողներին, այս պարագայում՝ 200 տարի Հարավային Կովկասում իր կամքը թելադրած Ռուսաստանը, 4000 տարի պետական ներկայություն եւ դրացնություն ունեցող Իրանը: Վերջինը քանիցս է բարձրաձայնել իր դիրքորոշումը, իսկ Մոսկվան թեեւ լուռ է պաշտոնապես, սակայն նրա քարոզչական մեքենան օրն ի բուն սպառնալիքներ է տեղում Բաքվի գլխին, իսկ ռուս մասնագետները նույնիսկ հաշվում են, թե ռուսական բանակը քանի՞ ժամում կարող է Թաթարստանից հարձակումով գրավել Ադրբեջանի մայրաքաղաքը: Չեն լռում նաեւ ռուս քաղաքական վերլուծաբանները, որոնք իրավացիորեն քննադատում, պախարակում են իրենց իշխանությանը, որ թույլ տվեց հանձնել Արցախը թուրքերին, ինչը խախտեց հակակշիռների օրենքը:
Իսկ ի՞նչ ենք շահելու մենք: Ոչինչ, կամ գրեթե ոչինչ, եթե չհաշվենք Նիկոլի թուղթը: Թուղթ՝ Մեղրիի, ամբողջ Սյունիքի՛ դիմաց: Մեր երկիրը «կշահի» նաեւ հարատեւ կռիվ մեր սահմաններում ու մեր գլխավերեւում:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ