Թրամփը զանգահարել է Նեթանյահուին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ քննարկելու Գազայի միակ կաթոլիկ եկեղեցուն Իսրայելի հասցրած հարվածը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթին։

«Դա դրական արձագանք չէր։ Նա այսօր առավոտյան զանգահարել է վարչապետ Նեթանյահուին՝ քննարկելու Գազայի եկեղեցու վրա հարվածները», – լրագրողներին ասել է Լևիթը։

«Իսրայելցիների կողմից կաթոլիկ եկեղեցուն հարվածելը սխալ էր։ Ահա թե ինչ է վարչապետը փոխանցել նախագահին», – հավելել է Սպիտակ տան խոսնակը։

The Times of Israel-ի տեղեկացմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հուլիսի 17-ի ուշ երեկոյան հայտարարություն է տարածել, որում իր ափսոսանքն է հայտնել Գազայի միակ կաթոլիկ եկեղեցուն Իսրայելի պաշտպանության բանակի հասցրած հարվածի հետևանքով երեք խաղաղ բնակչի զոհվելու կապակցությամբ։

«Իսրայելը խորապես ցավում է, որ Գազայի Սուրբ Ընտանիք եկեղեցուն հարվածել է պատահական արկ։ Յուրաքանչյուր անմեղ կյանքի կորուստը ողբերգություն է։ Մենք կիսում ենք ընտանիքների և հավատացյալների վիշտը», – նշվել է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև շնորհակալական խոսքեր են ուղղվել Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ վերջինիս «մխիթարական խոսքերի» համար։

Ավելի վաղ Հռոմի պապը հայտարարություն էր տարածել, որում իր ափսոսանքն էր հայտնել Գազայի վրա կատարված հարվածի ժամանակ մարդկային կորուստների համար և վերահաստատել հրադադարի հույսը՝ միաժամանակ խուսափելով Իսրայելին ուղղակիորեն դատապարտելուց։

Գազայի հատվածի միակ կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ ևս ինը։

Իսրայելի բանակը միջադեպից հետո հայտարարել էր, որ հետաքննում են միջադեպը։ Իսրայելի արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031