Ի՞նչ հարցեր էին քննարկել Պուտինն ու Մակրոնը եռակողմ բանակցություններին ընդառաջ

Այսօր Մոսկվայում ծավալված եռակողմ Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններին ընդառաջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կրեմլը որոշ մանրամասներ էր ներկայացրել։

Հաշվի առնելով 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության կայունացումը՝ նշվել է, որ նախևառաջ այս հանդիպմանը նկատի է առնվում տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը:

Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու Ռուսաստանի ջանքերին, ինչպես նաև ընդգծվել է մարտական գործողություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության անհետաձգելի տրամադրման կարևորությունը։ Ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրությունում կարևորվում է քաղաքական լուծման անհրաժեշտությունը միջազգային համագործակցության շրջանակում:

Ուշագրավ է նաև այն, որ այսօր եռակողմ բանակցություններից առաջ արած իր ելույթում ՌԴ նախագահը նշել էր, որ Ռուսաստանը Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին:

«Մենք շարունակում ենք պարբերաբար ստուգել մեր գործողությունները գործընկերների, Մինսկի խմբի նախագահների հետ»,- ասել է նա:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արևմտյան միջնորդներն ըստ էության մեղադրեցին Ռուսաստանին իրենցից անկախ գործողությունների և Թուրքիայի հետ համագործակցելու մեջ՝ փորձելով ԵԱՀԿ ՄԽ նոր օրակարգ գծել առավելապես Արցախի կարգավիճակի հարցի շուրջ: Այս հարցում ևս կան տարաձայնություններ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան միջնորդների և ՌԴ-ի միջև, քանի որ Ռուսաստանը համարում է, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկվի ապագայում բոլոր հետևանքների վերացումից և նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի իրագործումից հետո:

168.am-ի հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ եռակողմ բանակցություններին ընդառաջ Մակրոնը, որն արտահայտում է Ղարաբաղյան հարցում արևմտյան մոտեցումը, Ռուսաստանին ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը ընթացող գործընթացների վերաբերյալ, հաշվի առնելով հանգամանքը, որ Բայդենի աշխատակազմը դեռ չի գործում և որևէ ազդեցություն չունի:

«Արևմուտքը պարզորոշ ցույց է տվել, որ ՌԴ անջատ ակտիվությունը չի գոհացնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, և ակնկալվում է, որ բոլոր կարևոր հարցերը և կարգավորումը գլոբալ լինելու է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: Սակայն ներկայումս պատկերը, թե ինչ է տեղի ունեցողը, այդքան էլ հասկանալի չէ, սա մասամբ կարգավորում է, եթե արգելափակվում են հաղորդակցությունները:

Այս փուլում հասկանում ենք, որ լուծվում են բոլոր հարցերը, բացի կարգավիճակի հստակեցումից: Ռուսաստանը ճանաչում է Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը մինչ հետագա քննարկումները, բայց երբ կսկսվեն այդ քննարկումները, բարդ է ասել և կախված է մի շարք հանգամանքներից՝ ներքին, ԱՄՆ նոր աշխատակազմի ձևավորում և ներկայիս պայմանավորվածությունների կատարում»,- ասաց վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ պասիվությունը նպաստում է, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ անորոշ ապագան երկարաձգվի:

«Կարծում եմ՝ ԵԱՀԿ ՄԽ-ն ևս հիմա չի հասկանում՝ ինչպես առաջ շարժվել, քանի որ նույնիսկ լավ պատկերացում չկա գործընթացներից:

Բնականաբար, շատ բան է կախված Ռուսաստանից և ռուս-թուրքական հարաբերություններից: Այս պահին այս ողջ գործընթացը կախված է Ռուսաստանից, և Ռուսաստանը ստացել է բացառիկ ազդեցություն, ՌԴ-ից կախված են բոլորը այս հարցում: Հարց է՝ կունենա՞ն այդքան շահագրգռվածություն՝ կառուցել նոր արդյունավետ պրոցես արևմտյան շահով, թե՞ ոչ, այնուամենայնիվ Ռուսաստանը, որը կառավարում է գործընթացները, դա պետք է արտոնի կամ թույլատրի մեծ խաղի շրջանակում: ԵԱՀԿ ՄԽ-ն անցումային փուլում է, և որևէ մեկը դեռ չի կարող ասել՝ ինչպես կվերսկսի իր աշխատանքն այդ խումբը»,- ասաց Հալբախը:

 

Տեսանյութեր

Լրահոս