Ինչո՞ւ ՊՆ-ն վերջին պատերազմի ընթացքում զոհերի և անհետ կորածների թիվը չի հայտնում
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը:
168.am-ը դեկտեմբերի 30-ին ևս նման հարցադրմամբ գրավոր հարցում է ուղարկել ՊՆ-ին: Մենք նաև խնդրել ենք տրամադրել վերջին պատերազմից հետո զոհերի, վիրավորների, անհետ կորածների և գերիների իրական թիվը: Պաշտպանական գերատեսչությունից մեր հարցմանը դեռ չեն պատասխանել, սակայն արդեն պարզ է ստացվելիք գրության բովանդակությունը:
Այստեղ, թերևս, տեղին է ՊՆ-ին հիշեցնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը:
Նշված օրենքի «Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելուն ենթակա տեղեկությունները» վերտառությամբ հոդված 9-ում ռազմական բնագավառին վերաբերող հատվածում ասվում է հետևյալը.
«Պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները.
- Ռազմական բնագավառում`
ա) զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին.
բ) ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին.
գ) հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին.
ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին»:
Փաստաբան Սեդրակ Ասատրյանն ֆեյսբուքյան իր էջում ՊՆ-ին և ՊՆ Վաղարշակ Հարությունյանին հիշեցնելով վերը նշված օրենքի համապատասխան հոդվածի մասին՝ նշել է. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի համապատասխան հոդվածն է, որով օրենսդիրը սահմանել է ռազմական բնագավառում պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունները:
Ժամանակին աստիճանազրկված, իսկ պատերազմի ընթացքում Փաշինյանին դավադիր խորհուրդներ տված գեներալը, ով հավանաբար իր առաջադրանքը «ճշգիրտ կատարելու» համար նշանակվել է ՊՆ, գուցե մեզ ցույց տա, որ օրենքի որ մասով է սահմանվում վերը պահանջված տեղեկության պետական գաղտնիքի շարքին դասվելու հանգամանքը»:
Բանակի քաղաքականացումը լեգիտիմացնող Վաղարշակ Հարությունյանը, իհարկե, այս հարցին չի պատասխանի, իսկ հարցը պարզ է՝ որևէ կերպ պատերազմի ավարտից հետո զոհերի, վիրավորների, անհետ կորածների և գերիների թիվը չի կարող լինել պետական գաղտնիք, առավելևս՝ սպառնալ երկրի անվտանգությանը, ինչի մասին 168.am-ի հետ զրույցում հաստատեց նաև «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Այդ հոդվածում որևէ բան չկա զոհերի, գերիների կամ անհետ կորածների թվի մասին։ Այսինքն, օրենքի տեսակետից պետական կամ ծառայողական գաղտնիք չկա այստեղ։ Տրամաբանության տեսակետից էլ պարզ չէ՝ օրինակ, գերիների թիվը ում համար է գաղտնիք։ Թշնամին չգիտի՞, թե քանի հայ զինծառայող է իր ձեռքում։ Ստացվում է, որ ՊՆ-ն այդ թիվը գաղտնի է պահում միայն Հայաստանի բնակչությունից, այլ ոչ՝ թշնամուց։ Բուն ռազմական գործողությունների ժամանակ գուցե իմաստ ունի ուշացումով հայտնել մեծաքանակ կորուստների մասին, որպեսզի թշնամին տեղեկություններ չստանա այս կամ այն ստորաբաժանման կրած կորուստների և, հետևաբար, դրա մարտունակության մասին։ Բայց ռազմական ակտիվ գործողությունների ավարտից մոտ 2 ամիս է անցել։ Այսինքն, կորուստները չհայտնելու օգտին այս փաստարկն էլ վաղուց արդեն արդիական չէ»,- նշեց նա:
Կարեն Վրթանեսյանը հավելեց, որ Razm.info-ն համակարգված ձևով գրանցում է հայկական և ադրբեջանական կողմերի կորուստները 2013 թվականից, և վստահաբար պնդում է, որ այս հարցում այսպիսի անբարոյական մոտեցում երբևէ չի դրսևորվել Հայաստանի պետական կառույցների կողմից։
«Չեն հայտնել ծառայության հետ կապ չունեցող մահերի վերաբերյալ: (ենթադրենք, պայմանագրային զինծառայող է զոհվել ավտովթարում, արձակուրդի ժամանակ, կամ սպա է մահացել սրտի կաթվածից՝ գիշերը տանը քնած): 7 տարում 3 մարտական կորուստ գիտենք, որոնց մասին հրապարակայնորեն չի հայտնվել, 3-ն էլ թշնամու թիկունքում գործողությունների ժամանակ զոհված, և տրամաբանական է, որ այդ մասին տեղեկությունները բացեիբաց չէին հայտնի: Մնացած բոլոր դեպքերում մարտական կորուստների մասին միշտ էլ տարբեր պաշտոնական խողովակներով հայտնել են, եթե ոչ՝ միանգամից, ապա՝ գոնե շաբաթների ընթացքում: Ինչ վերաբերում է ՊՆ-ի վերջին ամիսների աշխատանքին ընդհանրապես, ապա մանավանդ հոկտեմբերի երկրորդ կեսից սկսած ՊՆ-ի աշխատանքը տեղեկատվական ոլորտում համարում եմ լրիվ տապալված։ Երբեք չէի մտածի, որ ստիպված կլինեմ մի օր արձանագրել, որ Ադրբեջանի ՊՆ-ն այս պահին ավելի թափանցիկ է աշխատում, քան ՀՀ ՊՆ-ն: Այն դեպքում, որ նախկինում միշտ հակառակն է եղել»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Եվ, իսկապես, ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն միշտ ասել են, որ հայկական կողմը զոհերի իրական թիվը չի թաքցնում՝ ի տարբերություն Ադրբեջանի: Նման խնդիր չի եղել 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին և դրա հետ կապված:
Մասնավորապես, շատ չանցած ԱՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչություններից հայտնեցին, որ 2016-ի ապրիլի 2-5-ը հայկական կողմը տվեց 75 զոհ (63 զինծառայող, 12 պահեստազորային), 121 վիրավոր, շարքից դուրս եկավ 14 տանկ (որից 6-ը վերականգնվեց և նորից վերադարձվեց շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա:
Փաստենք, որ հակամարտող կողմերը կորուստներ ունեցան նաև ակտիվ մարտական գործողություններին հաջորդած հրաձգային, հրթիռահրետանային և զրահատանկային փոխհրաձգությունների ընթացքում:
Ըստ այդմ՝ ապրիլի 6-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվեց ևս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային:
Թե ինչու է այսօր ՊՆ-ն փորձում թաքցնել սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի, վիրավորների, անհետ կորածների թիվը, մնում է միայն ենթադրությունններ անել՝ կամ ՊՆ-ն չի տիրապետում մեր կորուստների իրական թվին, կամ դիտմամբ է լռում՝ փորձելով փրկել գերագույն գլխավոր հրամանատարին:
«Նույնիսկ, եթե օբյեկտիվ պատճառներով հստակ թվեր չկան (օրինակ՝ պարզ չէ, թե անհետ կորածներից քանիսն են զոհված, քանիսը՝ գերի), կարելի էր գոնե մոտավոր թվեր հրապարակել։ Ըստ այդմ՝ կարծում եմ, որ խնդիրը ոչ թե չտիրապետելն է, այլ ժողովրդից ինֆորմացիան թաքցնելը»,- մեր դիտարկմանն արձագանքեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Ի դեպ, ըստ մեր ունեցած տվյալների՝ 1988-1994 թվականներին Արցախյան ճակատում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանահատվածում ծավալված մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը տվել է 5420 զոհ: