«Դադարեք զբաղվել ավազակությամբ, խաբեությամբ, դիտարկել պետական պաշտոնյայի աթոռը՝ որպես կողոպուտի աղբյուր». Տիգրան Սարուխանյան

Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Համբուրգի համալսարանի այցելու գիտաշխատող, ցեղասպանագետ Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես հաղթե՞լ։ Այս հարցն ունի պարզունակ պատասխան՝ աշխատանքով և բանականությամբ, սառը գլխով, բայց անշեղ նպատակի ձգտումով։ Նպատակը պետք է դառնա՝ ոչ թե թանկարժեք հեռախոսը, մեքենան ու հագուստը, պետական պաշտոնը չպետք է դիտվի որպես հարսանալու և թալանի աղբյուր։

Ընդ որում, ամենածանր աշխատանքը գիտակից ու աշխատասեր ազգերի մոտ պետական պաշտոնյայի աշխատանքն է։ Առավոտյան աշխատանքի գնալիս աշխարհը երկու անգամ ավերած, բայց պարտված գերմանական պաշտոնյան անգամ իրավունք էլ չունի մտածել։ Նրա փոխարեն մտածում է հավերժական շարժիչը՝ գերմանական անպարտելի վարչական ողջ ապարատը կառավարող օրենսդրությունը։ Մեքենայի վերածված պաշտոնյան օր ու գիշեր աշխատում է, կառուցում տնտեսությունը, որն օր օրի ավելի հզորանալով, ստրկացնում է հարևաններին ու աշխարհը։ Պետական միջոցների աննպատակ վատնումն, ընդ որում, իսպառ բացառվում է, քանի որ անգամ ժամանակակից տեխնոլոգիաները օժտել են վերադասին կարողությամբ հայտնաբերել ոչ նպատակային օգտագործված մեկ էջ թղթի վատնումը։ Այդ մեկ էջ թղթի աննպատակ վատնումը կարող է պատճառ հանդիսանալ արհմիությունների, վերահսկիչ մարմինների և ղեկավարության հետ ժամեր տևող քննարկումների, որի արդյունքում քաղաքացիական ծառայողը կարող է գրավոր նկատողություն ստանալ։ Կրկնվելու դեպքում՝ հեռացվել։ Ցանկացած քաղաքացիական ծառայող ունի իր անձնական գործը, որի մեջ նշվում են թերությունները, հակումները, անգամ՝ հիվանդությունները։ Այդ գործերը երբեք չեն ոչնչանում։

Նրանք կարող են բացվել տասնյակ տարիներ անց, երբ պետական կառավարման ապարատում հանկարծ ցանկություն հայտնեն աշխատել նախկին աշխատակցի ժառանգները։ Կարճ ասած գենետիկորեն է որոշվում, ով է ավազակ, խաբեբա, հարբեցող և ծույլ։

Տրամաբանական է, որ ավազակի և գողի սերունդն անգամ, դաստիարակություն ստանալով տանը, անհավանական է, որ կդառնա գործի ու աշխատանքի նվիրյալ։ Նույն կերպ է կառուցվում բանակը, ոստիկանությունը, անվտանգությունն ու պետական ցանկացած կառույց, որից կախված է պետության կենսունակությունն ու զարգացումը։

Հարցնում են, ինչ անել, որ Հայաստանը վերադառնա զարգացման ուղղի և բանակը այլևս երբեք չպարտվի։ Պատասխանը պարզ է՝ դադարեք զբաղվել ավազակությամբ, խաբեությամբ, դիտարկել պետական պաշտոնյայի աթոռը՝ որպես կողոպուտի աղբյուր։ Ստեղծեք պրոֆեսիոնալ բանակ, որը պետք է կռվի ոչ թե զգացմունքներով, այլ սառը գլխով և մարտունակ զենքով։ Երբ զինվորականը վերածվի սառնասիրտ ծառայողի՝ կուշտ ստամոքսով ու անհրաժեշտ զինամիջոցներով, մենք այլևս չենք վերապրի այն դժբախտությունը, որին արժանացանք՝ 2020թ․։

Հավատացնում եմ, ցանկացած պարտություն ավելի թանկ արժե, քան հաղթանակը։ Իսկ հաղթանակները տրվում են աշխատանքի շնորհիվ՝ այլ ոչ թե պոպուլիզմի և կողոպուտի։

Հրաժարվեք ռոմանտիզմից և վերադարձեք բանական իրականություն»:

Տեսանյութեր

Լրահոս