Բաժիններ՝

Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

Գազայի հատվածի առողջապահական իշխանությունները նախազգուշացրել են բուժհաստատությունների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին՝ իսրայելական մշտական ​​հրետակոծությունների պայմաններում վառելիքի մատակարարումների բացակայության պատճառով: Այս մասին ասվում է Գազայի առողջապահական գերատեսչության հայտարարության մեջ։

«Մի քանի ժամ է մնում մինչև Գազայի հատվածում առողջապահության համակարգի ամբողջական կոլապսը՝ հիվանդանոցներում գեներատորների աշխատանքի, շտապօգնության մեքենաների և բուժաշխատողների տեղափոխման համար անհրաժեշտ վառելիքի մատակարարումների բացակայության հետևանքով», – հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Մայիսի 7-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) ցամաքային ուժերը հակաահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով մտել են Ռաֆահ քաղաք, իսկ իսրայելական տանկերը Գազայի հատվածի կողմից օպերատիվ վերահսկողություն են հաստատել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» հսկիչ անցակետի նկատմամբ։ Նախքան պլանավորված ռազմական գործողությունը ԻՊԲ-ն Ռաֆահի արևելյան մասի բնակիչներին հրահանգել էր տարհանվել։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Իսրայելի վերջին տվյալների՝ Գազայի հատվածում դեռ մնում է 128 պատանդ, 36 պատանդ մահացել է։

Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը գերազանցել է 35 000-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս