Բաժիններ՝

Ողբերգական դեպք՝ Երևանի կենտրոնում. 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է

Այսօր՝ մայիսի 13-ին, աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միքայել Գարանյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Օրդուխանյանը և Արկադի Գրիգորյանը:Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գևորգ Հայրապետյանը օպերատիվ տեղեկություններով պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է, Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նիկողոս Ե.-ն է: Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15-րդ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ:

Հատուկ փրկարարներ Գևորգ Դավթյանը, Էդուարդ Մանուկյանը, Վարդգես Մովսիսյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը հատուկ ճոպանների միջոցով, մեծ դժվարությամբ, վտանգելով իրենց կյանքը, տանիքից հեռացրել են վնասված վտանգավոր քարերը, ապա պարեկների, ոստիկանների ու քաղաքացիների օգնությանբ հատուկ ճոպանի միջոցով տանիքից կախված վտանգավոր քարերն ու թիթեղները իջեցրել են ցած:

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին. «Մի քանի օր առաջ, երբ հորդառատ անձրևներ սկսվեցին, շենքի տանիքի մի հատվածից ջրերը լցվում էր տները: Դիմել ենք Երևանի քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան, ու իրենք խոստացան, որ մեզ կօգնեն, ու մրցույթ էին հայտարարել ու տենդերով ինչ-որ կազմակերպություն մրցույթը շահել էր: Այսօր եկել էին և աշխատանքներ էին իրականացնում տանիքի վրա, ու որոշ ժամանակ անց ցավալի դեպքը տեղի ունեցավ. աշխատակիցը բարձրությունից ընկավ ավտոմեքենայի վրա, ու շտապօգնությունը շատ շուտ իրեն տարավ հիվանդանոց, բայց հետո իմացանք, որ մահացել է»:

Ծանուցում.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս