«Անթույլատրելի էր «Հաղթելու ենք» վեհ գաղափարը դարձնել ամենօրյա․ այդ մարդիկ, որոնք դա արեցին, կա՛մ անում էին դիտավորյալ, կա՛մ առանց հասկանալու». Ռուբեն Աղուզումցյան

Պատերազմի ավարտից հետո հայ հասարակության տարբեր շերտերի մոտ հոգեբանական պատկերը տարբեր է, սակայն կան ընդհանուր հարցեր, որոնք բնորոշ են բոլոր շերտերին, և այդ ընդհանուր հարցերից մեկն այն է, որ մենք տասնամյակներով սովոր էինք հաղթելու, բայց այս պատերազմից հետո պարտվեցինք. դրա տված զգացողությունը բոլորի մոտ ընդհանրական է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով հետպատերազմյան Հայաստանում տիրող հոգեբանական վիճակին, ասաց հոգեբան, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը։

«Նախքան պատերազմը գտնվում էինք հաղթողի դերում։ 1994 թվականից սկսած` մենք սովոր էինք, որ հաղթող ենք։ Դրանից առաջ էլ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, դարձյալ հաղթել էինք, բայց այդ հաղթանակն ընդհանրական էր, 1994 թվականի հաղթանակը՝ միայն մերը։ Բոլորիս դա շատ ոգևորեց, ինչի հետևանքով մենք մի քիչ էլ կտրվեցինք իրականությունից՝ զարգացման տեսակետից։ Դա շատ լավ երևաց այս պատերազմում։ Սրան զուգահեռ, սակայն, կար նաև մեկ այլ զարմանալի երևույթ` կապված այն հերոս տղաների հետ, որոնք կռվեցին մինչև վերջ։ Այդ ինչ հերոսներ էին նրանք, բոլորովին մի ուրիշ ֆենոմեն են և, հավանաբար, հասարակության զարգացման օրինաչափություններից մեկն է նման սերունդ ունենալը, և գուցե նաև դրա համար էր, որ մենք պատրաստ չէինք, որ կա նաև պարտություն»,- ասաց հոգեբանը՝ նշելով, որ այսպիսի ծավալներով պարտությունը ծանր հոգեբանական հարված է հասցրել բոլորիս Հայաստանում և սփյուռքում, սակայն, ինչպես յուրաքանչյուր պատերազմից հետո է վերելք տեղի ունենում՝ ինչպես Ճապոնիայում, Գերմանիայում, այնպես էլ մենք հիմա պետք է պատրաստվենք դրան ու շարունակենք պարզապես ապրել։

Ըստ հոգեբանի՝ Արցախի մեծ մասի կորստին, ունեցած մարդկային կորուստներին հայերիս արձագանքը դիտարկելուց առաջ նախ պետք է հիշել, որ հայերս ցանկացած իրողության՝ լինի դրական թե բացասական, ծայրահեղ ենք մոտենում։

«Բայց չէ՞ որ հոգեբանության մեջ ճիշտ է ոսկե միջինը, իսկ հայերիս մեջ շատ քիչ քանակով մարդիկ են այդպիսին»,- ասաց հոգեբանը՝ նշելով, որ հայերիս մեջ շատ է նաև մրցակցությունը, ինչը շատ հաճախ բերում է աղճատվածության։

«Մենք միավորվում ենք, երբ մեզ մեծ վտանգ է սպառնում։ Այո՛, հիմա էլ մեծ վտանգ է սպառնում, որ կարող է Հայաստանի պետականությունը վտանգվել, բայց պետք է համարել, որ այդ մեծ վտանգը նաև ինչ-որ տեղ չգիտակցված է, և դա իր մեջ պարունակում է երևակայական տարր, որովհետև իրականության մեջ արդեն ստեղծված են հակազդող համակարգեր, որոնք մեզ թույլ կտան վերածնունդ ապրել։ Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպե՞ս պետք է անել, որ վերածնունդ ապրենք»,- ասաց հոգեբանը։

Հարցին, թե ինչպե՞ս կարող է վերածննդի մասին մտածել ազգի մասնիկ համարվող այն որոտանցին, որին իր տունը լքելու համար ժամկետ է սահմանել ադրբեջանցին, Ռուբեն Աղուզումցյանը պատասխանեց, որ խնդիրը շատ ծանր է, բայց այստեղ էլ պետք է հասկանալ, որ նման խնդիր եղել է նաև որոշ ժամանակ առաջ ադրբեջանցիների մոտ։

«Միառժամանակ առաջ նույն իրավիճակը եղել է մեր հակառակորդի մոտ, երբ Արցախն առաջարկեց ինքնուրույնություն, և շատ ադրբեջանցիներ, որոնք ապրում էին այդ տարածքներում, թողեցին-գնացին։ Աստեղ խնդրին պետք է նայել բազմակողմանի և այստեղ պետական կառույցների խնդիրն է՝ ապահովել մեր հայրենակիցների կյանքը»,- ասաց պրոֆեսորը։

Ինչ վերաբերում է այս պատերազմում մեր կրած պարտության հետևանքները հաղթահարելու խնդրին՝ պրոֆեսորը դրա համար կարևորեց երեք հանգամանք։

«Առաջինը պետք է մեծ ուշադություն դարձնել դաստիարակությանը, որի հիմքը ընտանիքն է, որտեղ երեխան մինչև 6 տարեկանը ձեռք է բերում անձնային հատկությունների 50-60 տոկոսը։ Երկրորդ կարևոր գործոնը կրթության փոփոխությունն է, որտեղ փոփոխությունը բերելու է ազգի մտածողության և վարվելաձևի փոփոխության։ Երրորդ գործոնը պետական կառավարման համակարգի փոփոխությունն է, որտեղ պետք է անպայման մտցնել հոգեբանական ընտրության համակարգ, և մարդիկ պետք է նշանակվեն այն պաշտոնին, որի համար անհաժեշտ հատկություններ ունեն»,- ասաց նա։

Ամփոփելով խոսքը՝ Ռուբեն Աղուզումցյանը նշեց, որ կարիք կա մարդկային հարաբերությունների խիստ վերարժևորման, առավելևս՝ պատերազմի ավարտից հետո, որպեսզի չդառնանք անտարբեր, ինչը հանդիսանալու է հիմք՝ ստեղծված վիճակի հաղթահարման։

«Որովհետև անտարբերությունն ամենալավ ձևն է, որպեսզի կառավարիչն անի այն, ինչ ուզում է, և ոչ թե՝ ինչ պետք է։ Պետք է առաջ նայել, սա է զարգացման ճանապարհը՝ առավելևս՝ այն իրավիճակում, որում մենք գտնվում ենք։ Մենք՝ հայերս, շատ խելամիտ ենք, շատ արագ կարող ենք վերականգնվել, միայն պետք է լինի ընդհանուր գաղափար։ Ցավոք, այդ ընդհանուր գաղափարը միայն բառերով է ասվում ու շատ հաճախ դառնում ամենօրյա մի բան. օրինակ՝ անթույլատրելի էր «Հաղթելու ենք» վեհ գաղափարը դարձնել ամենօրյա, չթողեցին, որ այն վեհ մնա, իսկ այդ մարդիկ, որոնք դա արեցին, կամ անում էին դիտավորյալ, կամ՝ առանց հասկանալու»,- ասաց պրոֆեսոր Աղուզումցյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս