Չինաստանում ստեղծել են աշխարհում առաջին մարտարվեստի լիգան մարդակերպ ռոբոտների համար
Չինաստանի Shenzhen EngineAI Robotics ընկերությունը հայտարարել է մարդակերպ ռոբոտների համար մարտական արվեստների՝ աշխարհում առաջին լիգայի ստեղծման մասին: «Չժոնգո սինվեն» պարբերականը հաղորդել է, որ առաջնությունն ստացել է Ultimate Robot Knock-out Legend (URKL) անվանումը:
Ընկերությունն առաջարկում է օգտագործել T800 սեփական մոդելը որպես ունիվերսալ հարթակ մրցության համար: Ընդ որում, ամբողջ աշխարհից մասնակիցները կարող են մշակել իրենց պաշտպանիչ հանդերձանքը, ներդնել ալգորիթմական նորարարություններ և օգտագործել ինժեներական օպտիմալացում: Ռոբոտի վերականգնում թույլ չի տրվում:
Գրանցումից և նախնական ընտրությունից հետո URKL-ի հիմնական մրցաշարին կմասնակցի 16 թիմ՝ բաժանված չորս խմբի: Մենամարտը բաղկացած կլինի 5-րոպեանոց երեք հերթամարտից: Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը կանցնեն քառորդ եզրափակիչ: Չեմպիոնը կստանա մաքուր ոսկուց պատրաստված 10-կիլոգրամանոց գոտի՝ 10 միլիոն յուան (1,44 միլիոն դոլար) արժողությամբ:
Մրցաշարի նպատակն է բարելավել մարդակերպ ռոբոտների հիմնական հնարավորությունները, ներառյալ շարժման կառավարումը, հավասարակշռման ալգորիթմները, որոշումների կայացումը և այլ հատկություններ: EngineAI T800 ռոբոտը հանրությանը ներկայացվել է 2025 թվականի դեկտեմբերին, դրա մեկնարկային գինը կազմում է 180 000 յուան (26 000 դոլար)։ Անդրոիդի հասակը 1,73 մետր է, իսկ քաշը՝ 75 կգ:



