Հայաստանում ապրիլից Youtube-ը կմիացնի «մոնետիզացիան». Մխիթար Հայրապետյան
Ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին YouTube-ի մոնետիզացիան (դրամայնացումը) կակտիվացվի Հայաստանում: Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարության գործընկերները վերահաստատել են Google ընկերության (որին պատկանում է YouTube-ը) ավելի վաղ արած հայտարարությունը։
«Մասնավորապես Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին կակտիվացվի դրամայնացումը կամ, ինչպես ընդունված է ասել, մոնետիզացիան։ Այսինքն՝ YouTube-ի գործընկերային ծրագրի փաթեթը կակտիվացվի ՀՀ-ում»,- ասաց նա։
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ երեկ Երևանում կայացել է Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթնաժողովը, որին մասնակցել են Միացյալ Նահանգների տեխնոլոգիական խոշոր ընկերությունների տարբեր ներկայացուցիչներ։
«Firebird ընկերության ներկայացուցիչները վերահաստատեցին, որ իրենց ծրագրի՝ արհեստական բանականության տվյալային կենտրոնի երկրորդ փուլի իրագործման թույլտվությունն են ստացել Սպիտակ տնից։ Ընդհանուր ծրագրի ներդրումային արժեքը, որը դեռեւս նախորդ տարվա ամռան հայտարարվել էր 500 մլն դոլար, ըստ էության, կհասնի 4 մլրդ դոլարի»,– նշեց նա։
Նա հավելեց, որ նաև «Շիլդեյայ»-ի (Shield AI) գործընկերները հայտարարել են, որ ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքերի) մասով գործակցության նոր էջ են բացում ՀՀ-ի հետ։
Հիշեցնենք, որ որ YouTube-ի հայտարարությունում ասված է, որ գարնանից ՀՀ-ում ստեղծագործողները կարող են դրամայնացնել իրենց կոնտենտը և դառնալ ավելի քան 3 մլն մարդուց բաղկացած հանրության մի մասը, որոնք իրենց հոբբին վերածել են բիզնեսի հենց իրենց կայքում։



