«Նոր ալիքի ռեակտորներն ամերիկյան միջուկային վերածննդի դեմքն են. որոշ փորձագետներ տագնապի զանգն են հնչեցնում». CNN
Հայաստան երբևէ այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-10-ը տեղի ունեցած այցի ընթացքում Երևանում ամերիկյան և հայկական կողմերի միջև միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից և ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստանում փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու և մոդուլային ռեակտորներ բերելու վերաբերյալ հայտարարությունից հետո, երբ հանրության շրջանում մեծանում են մտավախություններն ու կասկածներն այս գործընթացի անվան տակ Մեծամորի ատոմակայանը փակելու իրական մտադրության վերաբերյալ, առավել կարևոր է դառնում հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում, այսպես ասած՝ «փոքր մոդուլային ռեակտորները» (անգլերեն հապավումը՝ SMR), և ինչ նվաճումներ ունի Միացյալ Նահանգները քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացման ոլորտում։
CNN-ը «նոր ալիքի» միջուկային ռեակտորների թեմային նվիրված հոդվածում պատմում է ԱՄՆ Միչիգանի նահանգում՝ Միչիգան լճի ափին գտնվող և 2022 թվականին շահագործումից դուրս բերված Պալիսեյդսի ատոմակայանի մասին, որն այժմ վերածնվում է Ֆլորիդայում տեղակայված Holtec ընկերության ջանքերով։
Ինչպես գրում է հոդվածի հեղինակ Լորա Փեդիսոնը՝ դա ոչ միայն նշանավորելու է առաջին դեպքը, երբ ԱՄՆ-ում վերագործարկվում է փակված ատոմակայանը, այլև, եթե ամեն ինչ գնա ըստ պլանի, ապա Պալիսեյդսը նաև կլինի մեծ ճեղքում ատոմային էներգետիկայի ոլորտում՝ դառնալով ամերիկյան առաջին ատոմակայանը, որտեղ տեղադրվում են կոմերցիոն «փոքր մոդուլային ռեակտորներ»։
Ըստ CNN-ի՝ այս առաջադեմ միջուկային ռեակտորները, որոնք հայտնի են՝ որպես SMR-ներ, նման են մինի ատոմակայանների, բայց գովազդվում են՝ որպես ավելի էժան, անվտանգ, ավելի արագ կառուցվող և ավելի հեշտ ֆինանսավորվող, քան ավանդական ատոմակայանները, և աղմուկը դրանց շուրջ գնալով մեծանում է։
«Դրանց գրավչությունը շատ պարզ է՝ ավելի առատ, մաքուր էներգիա ստանալու հեռանկար, որը կարող է աշխատել 24/7 ռեժիմով։ Դրանք կատվախոտի դեր են խաղում տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք փնտրում են էներգիայի հուսալի աղբյուրներ՝ իրենց տվյալների կենտրոնների անհավանական ծարավը հագեցնելու համար, որոնք էլ, իրենց հերթին, ինչպես սպասվում է, աճելու են երկրաչափական պրոգրեսիայով՝ արհեստական բանականության զարգացմանը զուգընթաց: Գումարը հոսում է խոշոր տեխնոլոգիական ընկերություններից և Թրամփի վարչակազմից»,- նշում է ամերիկյան լրատվամիջոցը։

«SMR-ներն այս պահին բարենպաստ վիճակում են։ Նրանք գտնվում են այս կատարյալ հողի վրա, որտեղ կան բազմաթիվ հրաշալի գաղափարներ… և նրանք ունեն շատ խոստումնալից ապագա ու մեծ ներուժ»,- CNN-ին ասել է Միչիգանի համալսարանի էներգետիկ համակարգերի և կլիմայի դոցենտ Մայքլ Քրեյգը։
Ըստ CNN-ի, սակայն, իրականությունը, ինչպես միշտ, ավելի խճճված է, և փորձագետները զգուշավորության կոչեր են անում։ Մասնագետները զգուշացնում են, որ SMR-ների ընդհանուր արժեքը կարող է ավելի ցածր լինել, քան ավանդական էլեկտրակայանների, բայց դրանք, միևնույն է, շատ թանկ են, ինչը նշանակում է, որ նրանց արտադրած էլեկտրաէներգիայի գինը շատ ավելի բարձր կլինի, քան քամու, արևային կամ գազի էներգիայի գինը։ Դրանք նաև երկար ժամանակ են պահանջում տեղադրելու և գործարկելու համար։ CNN-ը նշում է, որ ամբողջ աշխարհում կա ընդամենը երեք գործող SMR, և դրանցից ոչ մեկը Միացյալ Նահանգներում չէ։ Մեկը Ռուսաստանում է՝ Սիբիրի ծովափնյա ափերին գտնվող բեռնանավի վրա, իսկ մյուս երկուսը՝ Չինաստանում։
«Առաջադեմ միջուկային էներգիան «Վերադարձ դեպի ապագա»-ի ժանրի պատմություն է։ 1950-ական և 1960-ական թթ․ Միացյալ Նահանգներն ուներ տասնյակ փոքր ռեակտորներ, և դրանք բոլորն էլ աշխատում էին տնտեսապես ոչ շահավետ, ուստի ձգտելով ծավալների խնայողության՝ ծախսերը և էլեկտրաէներգիայի գինը նվազեցնելու նպատակով՝ արդյունաբերությունը մեծ թափ ստացավ»,- CNN-ին ասել է միջուկային ինժեներ և անկախ խորհրդատու Նիք Թուրանը։
Ըստ CNN-ի՝ միջուկային էներգիան, սակայն, բնույթով բարդ տեխնոլոգիա է, և ապացուցված է, որ պատվերով պատրաստված մեգանախագծերի կառուցումը դժվար է։
«Ժամկետները հետաձգվեցին, ծախսերը կտրուկ աճեցին, և միջուկային էներգիան լճացավ Միացյալ Նահանգներում՝ չկարողանալով մրցակցել էժան ճեղքված գազի հետ»,- գրում է CNN-ը։
Թե արդյո՞ք արդարացված է SMR-ների շուրջ այս աժիոտաժը, անգլերեն ժամանակակից տերմինով ասած՝ «հայփը», ըստ CNN-ի՝ պարզ կդառնա միայն դրանց կառուցումից հետո, իսկ դրա համար մրցավազքը դեռ նոր է սկսվում։



