Երևանի աշտարակի առեղծվածը՝ 17-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդի աչքերով
Ցավալիորեն պետք է նշել, որ ժամանակակից Երևանը, մեղմ ասած, հարուստ չէ պատմամշակութային կառույցներով ու կոթողներով։ Փաստ է, որ Երևանը բացառիկ է ու սիրելի զբոսաշրջիկների համար, սակայն պատմամշակութային կառույցների տեսանկյունից զբոսաշրջիկներին ու ճանապարհորդներին առավել շատ հետաքրքրում են Երևանից դուրս բնակավայրերն ու քաղաքները։ Այնտեղ դեռ շարունակում է կանգուն մնալ հարուստ պատմությունը։ Իսկ այստեղ կարծես թե ոչինչ չի մնացել երբեմնի հարուստ պատմությունից։ Դա անցյալում էր, երբ եվրոպացի հայտնի ճանապարհորդներն այս տարածաշրջանով անցնելիս իրենց պարտքն էին համարում մտնել Հայաստան, Երևան և գրի առնել այն ամենը, հետաքրքիրն ու բարձրարժեքը, որ տեսել են մեր հայրենիքում։ 17-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը բացառիկ տեղեկություններ հայտնեց աշխարհին Արևելյան Հայաստանի մասին։ Ընդհանրապես Շարդենը համարվում է իր ժամանակի ամենամեծ ճանապարհորդներից մեկը։ Նրա 10 հատորանոց աշխատությունը նոր լույս սփռեց այն վայրերի վրա, որտեղ նա այցելել էր, տեսել, նկարագրել և վերլուծել։
1671 թվականին Շարդենը Կ․ Պոլսից ճանապարհ է ընկնում դեպի Վրաստան, Արևելյան Հայաստան և Պարսկաստան։ Ճանապարհորդության ժամանակ տեսածը Շարդենը գրի առավ։ Նրա աշխատության ամբողջական, լրացված տարբերակը լույս տեսավ 1711 թվականին Ամստերդամում։ Միայն 1902 թվականին այդ գիրքը թարգմանվեց ռուսերենով։ Շարդենը լինում է Արտաշատում, Էջմիածնում, Երևանում։ Նա հատկապես մեծ ակնածանքով է խոսում Հայոց սրբավայրերի մասին․ «Երևանից երեք մղոն հեռավորության վրա է գտնվում Երեք եկեղեցիների նշանավոր վանքը՝ հայ քրիստոնյաների սրբություն սրբոցը, եթե ես համարձակվեմ այսպես կոչել այն, որին նրանք վերաբերվում են առանձնակի բարեպաշտությամբ»։ Նա լինում է նաև Խոր Վիրապում, մեծ ակնածանքով խոսում վանքի ու Արարատ լեռան մասին։ Այս ամենի կողքին հետաքրքրական է նաև Շարդենի տեսած Երևան քաղաքը։ Դա բացառիկ է, քանի որ Շարդենը Երևանի մասին նկարագրություններում խոսում է մի բացառիկ աշտարակի մասին։
«Ճարտարապետական տեսակետից առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացրել մի հին աշտարակ, որի կառուցման թվականը և նպատակը մեզ առայժմ անհայտ է: Շարդենը հաղորդում է, որ այն գտնվում էր եպիսկոպոսի աթոռանիստի մոտ, կառուցվել են հին ժամանակներում, սրբատաշ քարով, արտաքին կողմում ուներ հայերեն տառեր հիշեցնող տառերով գրված արձանագրություններ, որ անընթեռնելի է եղել նաև հայերի համար: Նա գրում է, որ այդ աշտարակը հին է, ունի բոլորովին յուրահատուկ ճարտարապետություն, և դրա շուրջը փռված են ընդարձակ ավերակներ: Աշտարակի և դրա մոտակայքում ընկած ավերակների նկարագրությունը կատարելուց հետո Շարդենը գալիս է այն եզրակացության, որ այստեղ եղել է վանք, որի կոմպլեքսի կենտրոնական մասում բարձրացել է իր ասած աշտարակը: Հետագա ճանապարհորդներն ու հեղինակներն արդեն վկայում են, որ Շարդենի հիշատակած աշտարակը գոյություն չուներ:
Նրանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել իմանալ դրա ճշգրիտ տեղը: Ղ. Ինճիճյանը` օգտվելով Շարդենի նկարագրությունից, այն տեղադրում է ս. Սարգիս եկեղեցու մոտակայքում, իսկ Հովհաննես Շահխաթունյանցը` Ձորագյուղի եկեղեցու դիմաց, Հրազդանի բարձրադիր աջ ափին: Վերջինս իր ենթադրությունը հիմնավորում է նրանով, որ Հրազդանի ձախ ափի այդ հատվածում հին ավերակների հետքեր իր ապրած ժամանակներում ամենևին չեն նշմարվել: Ընդհակառակը, գետի աջ ափին այդպիսի մի կառուցվածքի մնացորդներ իրենից 30 տարի առաջ տակավին գոյություն են ունեցել, բայց հետագայում ոչնչացվել ու վերացվել են՝ դրանց տեղում այգի տնկելու պատճառով: Հ. Շահխաթունյանցի ենթադրությունն ավելի հավանական է, Շարդենի և Տուռնեֆորի տեսած այդ աշտարակը, որի միայն նկարն է հասել մեզ, ամենայն հավանականությամբ, գտնվում է Հրազդանի աջ ափին, Ձորագյուղի դիմաց»: (Հատված` Թ.Խ. Հակոբյանի «Երևանի պատմությունը» գրքից, Երևան, 1969 թվական, էջ 273-274):
Հետագայում Շարդենի պատմության ու նկարագրության հիման վրա կատարվել են շատ վերլուծություններ և ուսումնասիրություններ։ Մասնավորապես՝ մի շարք մասնագետներ փորձում էին հասկանալ, թե ի վերջո դա ի՞նչ աշտարակ է եղել և ի՞նչ նպատակով է ծառայել։ Կան տեսակետներ, որ այդ աշտարակը կառուցվել է գիտական նպատակով։ տեսակետներ կան, որ դա եղել է դամբարան կամ աստղադիտարան։ Նշվում է նաև, որ աշտարակը օգտագործվել է ռազմական՝ պաշտպանական նպատակով։ Այս տարբերակների կողքին հետաքրքիր տեսակետ և վերլուծություն է ներկայացրել նաև պատմական գիտությունների թեկնածու Արմեն Միքայելյանը, ով ենթադրում է, որ աշտարակը եղել է ջրի աշտարակ․ «Եթէ սա իրօք ջրի աշտարակ է եղել, ապա վերին մասում տեղադրված պէտք է լինէր հաստ քարերով կաղապարի մէջ դրած գնդաձեւ ջրամբարը։
Իսկապէս, գմբէթի այսպիսի զանգուածային, հաստ սրբատաշ քարերով կառուցած լինելը կարծել է տալիս, որ դրա ներսում պաշարածնիւթը (ինչ էլ որ այն լինէր) պէտք էր ամուր կաղապարել, այլապէս շինութիւնը չէր դիմանայ այդ ճնշմանը։ «Աշտարակը ներսից դատարկ էր ու մերկ». սա նոյնպէս մի տեղեկութիւն է, որի կողքով պէտք է չանցնենք։ Ջրի աշտարակների ներսում առանձնապէս ոչինչ չի լինում, միայն աստիճան` վեր բարձրանալու ու ջրամբարը խնամելու համար։ Շատ հնարաւոր է, որ ներսում մի ժամանակ փայտեայ աստիճան եղած լինէր, որը Շարդենի ժամանակ արդէն քանդված էր երեւի»։ (Նյութի աղբյուրը՝ «ԵՐԵՒԱՆԻ ԱՌԵՂԾՈՒԱԾԱՅԻՆ ԱՇՏԱՐԱԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ» հոդվածը)։ Հետաքրքրական է, որ պատմաբանը նշում է նաև աշտարակի գտնվելու մոտավոր վայրը։ Ըստ նրա՝ դա, ամենայն հավանականությամբ, պետք է լիներ ներկայիս Չարենցի դպրոցի ու Կապույտ մզկիթի միջև ընկած տարածությունում։ Պետք է ընդգծել, որ, բարեբախտաբար, Շարդենը կարողացավ հասցնել տեսնել 17-րդ դարի ծաղկուն Երևանը և մեզ փոխանցել մի շարք բացառիկ տեղեկություններ, քանի որ 1679 թվականին Երևանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։
Զ․ Շուշեցի