Աշունը՝ որպես հանճարեղ ոճիր

Տնտեսությամբ հետաքրքրվողների սպասումն այս պարագային առանձնակի էր: Մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը 2020թ․ հոկտեմբերին ներկայացնող հաշվետվությունը պատերազմի հետքը պիտի ունենար: Բայց այս հաշվետվությունը ևս ընդգծեց մի քանի բան, որ հայտնի էր ի սկզբանե: Նախ՝ այն, որ տնտեսությունն էական որևէ փոփոխություն չի կրել:

Գործող իշխանությունները պատերազմով պայմանավորված՝ որևէ հրահանգ-պատվեր-գործառույթ չեն ձևակերպել տնտեսության առաջ: Իսկ տնտեսությունը, որպես իներցիոն համակարգ, հարահոսով շարունակել է իր կյանքը: Առանձնահատուկ ոչինչ չկա: Տնտեսական ակտիվության ցածր ցուցանիշն ընդամենը 0.1 կետով է նվազել սեպտեմբերին արձանագրվածից:

Արդյունաբերությունը պահպանել է 0.5 տոկոսանոց աճը (սա ևս լրացուցիչ ապացույց է, որ արդյունաբերության ոլորտում մոբիլիզացիա հիշեցնող որևէ գործառույթ չի կատարվել):
Շինարարության անկումը նախորդ տարվա համեմատ պահպանվել է (13.3 տոկոսով): Մի փոքր աճել է ավտոմոբիլային բեռնափոխադրումների ցուցանիշը: Բայց 1.7 տոկոսանոց աճը լուրջ չես համարի: Հատկապես պատերազմական իրավիճակում: Բեռնափոխադրումների մյուս (երկաթուղային, օդային) տեսակները տնտեսության (կապ, արտաքին ու ներքին առևտուր, ծառայություններ և այլն) մյուս ճյուղերի նման կրճատվել են: Այլ կերպ ասած, տնտեսության վրա պատերազմի հետևանքը՝ վերակառուցում, արդյունավետության աճ, նկատելի չեն: Բայց պետք չէ հապշտապ եզրակացնել, որ տնտեսության մասին տվյալներն իրական գործընթացներ չեն արձանագրում: Տնտեսական վիճակագրությունը միշտ էր արձանագրում գործընթացներ, որոնք ավելի ուշ են նկատելի դառնում:

Օրինակ, արտաքին առևտրի տվյալներում նշվում է, որ այս տարվա ցորենի ու ալյուրի ներմուծումների ծավալն առայժմ համադրելի է նախորդ տարվա ցուցանիշների հետ:
2019թ․ ներմուծվել է 252.3 հազար տոննա ցորեն: Իսկ այս տարվա 10 ամիսների ցուցանիշն արդեն մոտ 240 հազար տոննա է: Անցած տարի ներմուծվել է 22.6 հազար տոննա ալյուր։ Այս տարվա 10 ամիսներին՝ արդեն 11.6 հազար տոննա: Ինչո՞ւ եմ առաջարկում ուշադրություն դարձնել ցորեն-ալյուր ապրանքատեսակների քանակի վրա՝ հարցը պարզ պատասխան ունի: Ցանկացած պետություն (ազգ, ժողովուրդ) հիմնական սննդատեսակ համարվող հացամթերքի սպառման որոշակի կայուն չափաբաժիններ ունի: Բայց այդ չափաբաժինների մեջ կարող են լինել կառուցվածքային փոփոխություններ: Կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են պարզ սպառողի ֆինանսական եկամուտներով:

Բավարար եկամուտների առկայության դեպքում մարդը հացամթերքի մի մասը սպառում է հրուշակեղենի, մակարոնեղենի, ապա՝ հացի տեսքով: Սպառողի եկամուտների կրճատմանը զուգահեռ՝ նախ՝ կրճատվում է հրուշակեղեն-քաղցրավենիքների սպառումը: Դրանք դառնում են անմատչելի ճոխություն: Այս էտապում ավելանում է մակարոնեղենի ու հացի սպառումը: Այս միտումները նկարագրված են տնտեսական ճգնաժամն ուսումնասիրող սոցիոլոգիական հետազոտություններով: Դրանց օրինակներ կարելի է գտնել անգամ 90-ականների մեր սոցիոլոգների հրապարակում-հետազոտություններում:

Հիմա տեսնենք, թե այս ապրանքների արտադրության ինչ տվյալներ է արձանագրել 2020-ի հոկտեմբերյան սոցիալ-տնտեսական վիճակ-տեղեկատվությունը: Մշակող արդյունաբերության տվյալների խմբում նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հրուշակեղենի արտադրության ծավալը կազմել է 82.9 տոկոս: Այսինքն՝ կրճատվել է 17.1 տոկոսով: Փոխարենը՝ էական աճ է արձանագրվել մակարոնեղենի արտադրության ոլորտում:

Անցած տարվա համեմատ աճը 20 տոկոս է: Ավելին, համարյա համադրելի չափով աճել է նաև ալյուրի արտադրությունը՝ 17.7 տոկոսով: Բնակչության եկամուտների ու, հետևաբար՝ նաև ծախսերի կրճատման վիճակագրական շատ տվյալներ կան: Օրինակ, այն, որ բնակչության հաշվին կատարվող շինարարությունների ծավալն այս տարի նախորդի համեմատ կրճատվել է 34.9 տոկոսով: Բայց հացամթերքի արտադրության-սպառման կառուցվածքում կատարվող փոփոխությունները չի կարելի համավարակով բացատրել։ Ինչպես դա կարելի է անել նույն շինարարության ոլորտում: Այստեղ աղքատության ցուցիչներն ավելի նկատվող են:

Ուստի կարելի է ավելացնել․ «Ես չեմ վախեցնում, ես վախենում եմ»:
Վախենում եմ, որովհետև կարծես այս աշնան մասին է գրել Չարենցը.

Աշունը, ախ, այնպես անցավ
Եվ ցնցող և ծանր, ինչպես
Հանճարեղ ոճիր, կամ հանցանք:

Տեսանյութեր

Լրահոս