Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հանդիպի իր հավատարիմ օլիգարխներին, միևնույն է՝ առաջիկայում մեզ սպասվում է շատ ավելի խորը տնտեսական ճգնաժամ

Արցախը հանձնելուց և Հայաստանը անդունդի եզրին կանգնեցնելուց հետո, Նիկոլ Փաշինյանն այնպես է իրեն պահում, կարծես ոչինչ էլ չի եղել։ Սկսել է կառավարության կազմը փոխել, նոր նախարարներին ներկայացնել, իրեն հավատարիմ օլիգարխների հետ հանդիպել, գործարաններ այցելել, խոհրդակցություններ ու կառավարության նիստեր անցկացնել, հանձնարարություններ տալ, և այդպես շարունակ։ Այդպիսով նա փորձում է տպավորություն ստեղծել, թե կառավարությունը բնականոն հունով աշխատում է։

Բայց մոռանում է, որ ինքն ու իր կառավարությունն արդեն վաղուց կորցրել են հասարակական վստահությունը, և որևէ մեկն այլևս լուրջ չի կարող ընդունել այն իշխանությանը, որը երկիրը տարել է կապիտուլյացիայի։ Նման իշխանությունը, հեռանալուց բացի, այլ բան չունի անելու։

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հանդիպի իր հավատարիմ օլիգարխներին և հայտարարի ինչ-որ ծրագրեր քննարկելու մասին, դրանից Հայաստանի տնտեսության վիճակը չի բարելավվելու, կամ գործարար մթնոլորտը չի լավանալու։ Շատ ու շատ գործարարներ նախկինում էլ չէին վստահում, հիմա առավել ևս չեն վստահելու այս կառավարությանը, և պետք չէ իմիտացիաներ անել։ 2,5 տարի իմիտացիաներով ենք շարժել, որ այս օրի ենք հասել։

Միամտություն է կարծել, որ վաղը, նույնիսկ նրանք, ովքեր դարձել են Նիկոլ Փաշինյանի սրտի գործարարներ, ներդրումներ կանեն Հայաստանի տնտեսության մեջ։ Եթե նրանք ներդրումներ անող լինեին, հիմա վաղուց արած կլինեին։ Իսկ եթե չեն արել, նշանակում է, սրանցից հետո առավել ևս չեն անելու։

Զարմանալի չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ մինչև հիմա էլ իրականացվող ներդրումների ծավալները շատ փոքր են։ Մինչդեռ իշխանության գալուց Նիկոլ Փաշինյանը ներդրումային բում էր խոստանում մարդկանց, ովքեր հույս ու հավատով սպասում էին նրա իշխանությանը։

Այդպես էլ ներդրումային բում չտեսանք։ Այսուհետ ընդհանրապես չենք տեսնելու, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է կառավարության ղեկավարումը։

Իրենց պոպուլիզմի ձեռքը կրակն ընկած իշխանությունները 2,5 տարի այնպես ոչնչացրեցին երկրի ներդրումային միջավայրը, որ գալու փոխարեն՝ ներդրողները հեռացան Հայաստանից։ Հիմա ինչի՞ եք սպասում։

Սպասել, որ այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, ներդրումներ կլինեն Հայաստանում, քանի դեռ այս իշխանություններն են որոշում երկրի ապագան, նշանակում է՝ ոչինչ չտեսնել ու ոչինչ չհասկանալ տնտեսությունից։ Իշխանությունը վստահություն չունի, այդ թվում՝ ինչպես ներսում, այնպես էլ՝ դրսում։

Այդ պայմաններում կարևոր չէ, թե Նիկոլ Փաշինյանն ում հետ կհանդիպի, ուր կգնա կամ ինչ հարցեր կքննարկի։ Դրանից գործարար մթնոլորտը չի լավանա, գործարարության վերաբերմունքը տնտեսական միջավայրի նկատմամբ չի փոխվի, որովհետև ապագայի նկատմամբ հավատ չկա։ Այս իշխանությունն ի վիճակի չէ վերականգնել այդ հավատը։

Վաղը-մյուս օրը բախվելու ենք շատ ավելի լուրջ խնդիրների՝ գործազրկություն, աղքատության խորացում, սոցիալական դժվարություններ ու հիասթափություն։ Սկսվելու է արտագաղթի նոր ու շատ ավելի հզոր ալիք։

Այսօր էլ շատերը սպասում են՝ ճանապարհները բացվեն, որպեսզի հեռանան Հայաստանից, որովհետև զրկվել են ոչ միայն ապրուստ վաստակելու հնարավորությունից, այլև կանգնել անվտանգության ու անպաշտպանության հետ կապված խնդիրների առաջ։

Եթե քաղաքացին իրեն անվտանգ չի զգում իր երկրում, ինչպե՞ս կարող է զգալ գործարարը, ով կորցնելու մեծ բան ունի։ Էլ չասենք՝ դրսի ներդրողը։

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները Հայաստանի տնտեսության մեջ վերջին 2,5 տարում միայն կրճատվել են։ Դժվար չէ պատկերացնել, թե այսուհետ ինչ է լինելու։

Հույսը ներքին ներդրողների վրա դնելն անմտություն է։ Ներքին տնտեսական միջավայրում գուցե ֆինանսական միջոցներ կան, բայց դրանք չեն վերածվում ներդրումների, որովհետև կապիտալն իրեն Հայաստանում պաշտպանված չի զգում։

Գործունեության կարճ ժամանակահատվածում իշխանություններն  իրենց քաղաքական նպատակների համար տակն ու վրա արեցին ներդրումային ամբողջ միջավայրը։ Բանկային գաղտնիք էին փոխում, ապօրինի գույքի բռնագանձման այնպիսի մեխանիզմներ էին սահմանում, որ որևէ մեկը չէր կարող իրեն ապահովագրված զգալ հետագա խնդիրներից։

Արդյունքը պետք է լիներ այն, ինչ եղավ. տնտեսությունը զրկվել է ներդրումային կապիտալից։

Ոչ մեկի սիրուն աչքերի համար գործարարը ներդրումներ չի անի։ Պետք է սպասել, որ սկսված ներդրումներն էլ հիմա սառեցվելու են։ Ու դա լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ չկա հավատ երկրի ապագայի նկատմամբ։

Սա նշանակում է, որ առաջիկայում մեզ սպասվում է շատ ավելի խորը տնտեսական ճգնաժամ, քան հիմա ունենք։

Ճգնաժամի նախանշաններ են սկսում նկատվել նաև ֆինանսական համակարգում։

Խոսքը պետական ֆինանսների մասին չէ։ Պետական ֆինանսներն արդեն վաղուց ռոմանսներ են պարում։ Դեռ երեկ պետական բյուջեն արդեն փողի լուրջ կարիք ուներ, բայց ունենալու է նաև վաղը, ու, եթե պարտք չվերցնենք, կանգնելու ենք նույնիսկ բյուջեով նախատեսված պաշտպանված ծախսերը ժամանակին կատարելու խնդիրների առաջ։ Պարտք ենք վերցնելու, որպեսզի աշխատավարձ ու թոշակ տանք, պաշտպանության ու անվտանգության ոլորտի ծախսերը կարողանանք կատարել։

Պետք է գիտակցել, որ իրենց կարևոր նշանակությամբ հանդերձ, սրանք պարտքի հաշվին կատարվող ամենաանարդյունավետ ծախսերն են։

Բայց այլ տարբերակ չունենք, քանզի իշխանություններն այս կարճ ժամանակահատվածում այնպես են քանդել տնտեսությունն ու խառնել ամեն ինչ, որ դրական սպասելիքներ դժվար է ունենալ։

Իբր տնտեսության մեջ ու պետական ֆինանսների ոլորտում ամեն ինչ շատ լավ էր, հիմա էլ բախվում ենք ֆինանսական համակարգում ի հայտ եկող խնդիրների հետ։ Եթե ժամանակին չկանխենք այդ խնդիրները, ապա դրանք իսկապես կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։

Վստահության կորուստը ֆինանսական համակարգը կանգնեցրել է ծանր փորձության առաջ։ Առանց այդ էլ, այն, տարբեր պատճառներով, վերջին շրջանում չափազանց ծանրաբեռնվել է։ Լրացուցիչ ճնշումը, որը ի հայտ է եկել այս հատվածում, պարզապես անթույլատրելի է։ Պետք է օր առաջ համակարգը հանել այդ ճնշման տակից, եթե չենք ուզում մնալ նաև դրա փլատակների տակ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս