
«Գործող գործազուրկ» տերմինը ավելի լավատեսական է, պողոսիկների համար ավելի հաճելի, քան «հարկադիր պարապուրդ» դժբախտ ու դժգույն տերմինը. Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պաշտոնական թվաբանության հնարք-տրյուկները
Մեր իշխանությունների ամենասիրելի թեման աշխատատեղերն են: Ավելի ճիշտ դրանց քանակական աճը:
Պաշտոնական վիճակագրությունը 2020թ. առաջին եռամսյակի աշխատատեղերի տվյալը հրապարակելիս նշում է, որ նրանցից «33.6 հազար մարդ գտնվել է հարկադիր պարապուրդում», իսկ երկրորդ եռամսյակի համար նշվում է «50.1 հազար մարդ գտնվել է հարկադիր պարապուրդում»:
Ասեք, որ զգլխիչ է: Աշխատատեղերի կրճատման փաստը պարզ արձանագրելու փոխարեն պաշտոնական վիճակագրությունը «հարկադիր պարապուրդ» տերմինն է կիրառում:
Որպես պոեզիայի սիրահար, առաջարկում են օգտագործել «գործող գործազուրկ» տերմինը: Օգտագործել ու արձանագրել, որ 2020-ի առաջին եռամսյակում աշխատանք ունեցող համարվողներից 33.6 հազար մարդ «գործող գործազուրկ» է, իսկ երկրորդ եռամսյակում 50.1 հազար մարդ է «գործող գործազուրկ»:
Ակնհայտ է, որ «գործող գործազուրկ» տերմինը ավելի կրեատիվ, ավելի լավատեսական է, պողոսիկների համար ավելի հաճելի, քան «հարկադիր պարապուրդ» դժբախտ ու դժգույն տերմինը»: