«Մոսկվան արցունքներին չի հավատում», դրա համար էլ պետք է դատավորների «վախը բռնել»
Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի կողմից խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, թվում էր, թե հայ հասարակությունը տեսել է ամեն ինչ, սակայն նա ամեն օր վարքագծային ու կառավարման հմտության բացակայության այնպիսի ցածր նշաձողեր է սահմանում, որ յուրաքանչյուր օր մտածում ես՝ այսօ՞ր ինչ է անելու:
Հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանը հասարակությանը մոլորեցնելու 3 փորձեր կատարեց, երբ հերթական անգամ ցանկանում էր բոլորին համոզել, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից, բայց երեկ առավոտյան և կեսօրին նա գերազանցեց անգամ ինքն իրեն:
Նախ՝ առավոտյան իր ֆեյսբուքյան գրառմամբ ինքնախոստովանական ցուցմունք տվեց առ այն, որ ինքն է իրավապահ համակարգին հրահանգներ տվել ու տալիս. Այլ հարց է, թե հիմա դրանք ինչ չափով են կատարվում:
«Պարզվեց՝ հարցը Ռ. Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ խոստովանելով, որ դատախազությունը գործում է իր հրահանգներով:
Գրառումների բովանդակային մյուս ասպեկտներին չենք անդրադառնում, բայց երբ դու ՌԴ նախագահի մասին, այն նախագահի, որ մեկ տասնամյակից ավելի ղեկավարում է Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր տողատակերն անգամ անգիր գիտի, ասում ես, որ Շուշիի խնդրից լավ տեղեկացված չէ, դու պետք է չզարմանաս, որ Մոսկվան քո առջև փակում է իր դռները:
Բայց դա չի նշանակում, որ փոխարենը՝ մերժվածի ողջ զայրույթդ պետք է թափես ցուցարար երիտասարդների վրա ու մեկին տասը ոստիկանական բիրտ ուժեր դուրս բերես նրանց դեմ, որովհետև այն, ինչ երեկոյան տեսանք քաղաքի կենտրոնական հատվածներում, դուրս էր երևակայության սահմաններից:
Չենք էլ ուզում խոսենք այն մասին, որ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փաշինյանական անզուսպ մղումը նրա չեղած վարկանիշի համար անհասանելի բարձունքներ է ապահովում, այլապես չէր ասի՝ «Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել և դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ», կամ՝ «Արցախի պաշտոնաթող նախագահները, սակայն, իմ համաձայնությունից հետո ևս մեկ հարց բարձրացրին. ասացին, որ անհրաժեշտ է, որ ես միջնորդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ նա ընդունի Լ. Տեր-Պետրոսյանին և Ռ. Քոչարյանին՝ որպես հատուկ բանագնացներ»:
Վերջին միտքը, ի դեպ, համացանցում անեկդոտների համար ներշնչանքի աղբյուր է դարձել: Մարդիկ գրում էին, թե երևի Նիկոլ Փաշինյանն է միջնորդել, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորի ՀՀ երկրորդ նախագահի տարեդարձը, կամ էլ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ է Ռոբերտ Քոչարյանը դարձել ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն իր աննախադեպ քայլերի թիվը ևս մեկով ավելացրեց՝ կառավարության շենք կանչելով դատարանների նախագահներին ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներին:
Ճիշտ է, հետագայում պարզվեց, որ, այնուամենայնիվ, եղել են դատավորներ, ովքեր մերժել են հրավերը տարբեր պատճառներով, ոմանք էլ մամուլից էին իմացել այդ հանդիպման մասին:
Ըստ մամուլի հրապարակումների՝ Փաշինյանն իր մոտ էր կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին, քանի որ դատավորները մասսայաբար հրաժարվում են կատարել իշխանությունից եկող քաղաքական պատվերները՝ խուսափելու համար այդ արարքների համար նախատեսվող պատասխանատվությունից։
168.am-ի տեսախցիկը, ի դեպ, ֆիքսել էր, թե ինչպես են դատավորները մտնում կառավարության շենք:
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ով հրավեր ստացած, բայց այդ հանդիպմանը չմասնակցած դատավորներից մեկն էր, մեզ հետ զրույցում ասաց, որ հրաժարվել է մասնակցել, քանի որ իր մայրիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ինքն էլ ջերմություն ունի այս պահին, թեստ է հանձնել, մեկուսացած է:
Իսկ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ մեզ ասաց, որ ինքը մամուլից է տեղեկացել այդ հանդիպման մասին:
Այո, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ԲԴԽ անդամը, այն դեպքում, երբ ԲԴԽ-ից 4 հոգի՝ Անի Մխիթարյան, Սերգեյ Չիչոյան, Վիգեն Քոչարյան և Լիպարիտ Մելիքջանյան, մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, մամուլից է տեղեկանում, որ նման հանդիպում է եղել:
Գրիգոր Բեքմեզյանն ասաց նաև, որ դեռևս քննարկում չի ունեցել գործընկերների հետ և չգիտի հանդիպման բովանդակությունը:
Հանդիպման բովանդակության մասին, սակայն, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, երբ կոնկրետ օրինակներով ցույց տվեց, թե ինչո՞ւ է իր մոտ հավաքել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, այդ թվում՝ նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ոստիկանության պետ Վահե Ղազարյանին:
«2020թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցան իրադարձություններ, և ըստ էության նաև հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի նախագահի դեմ: Այս գործերով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 50 անձի, որոնցից խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ 42 անձի պարագայում միջնորդություն է ներկայացվել դատարան, և դրանցից մերժվել է 20-ը, բավարարվել է 18-ը, և Ազգային ժողովի նախագահի հարձակման գործով կալանավորված է 2 անձ, և մեկ անձի կալանավորումը մերժվել է»,- խոսքի սկզբում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա ասաց, որ հիմնական հարցը հետևյալն է, թե իրենց գնահատականը ո՞րն է, թե ինչքանո՞վ է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին:
«Եվ եթե ներկաներս պատշաճ ենք համարում, դա ի գիտություն ընդունենք, եթե ի գիտություն չենք ընդունում, հասկանանք, թե ի՞նչն է խնդիրը, և ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ տարակուսելով ըստ էության, թե ինչո՞ւ համարժեք չեն մեղադրանքը ներկայացվածների ու կալանավորվածների թվերը:
Ե՞րբ հասկացաք, թե ո՞ւր եք ընկել, ու ինչո՞ւ են ձեզ կանչել, հարգելի դատարանների նախագահներ և ԲԴԽ 4 անդամներ, երբ ձեզ ասացին՝ ինչո՞ւ բոլորին չեք կալանավորել, թե՞ ավելի ուշ, երբ ձեր մտքերի հետ միայնակ մնացիք:
Դուք չէիք կարող չհասկանալ, թե ձեզ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կանչել կառավարություն և պետք է հաստատ իմանայիք, որ գոնե թե տեսախցիկներն անջատելուց հետո ձեզ հետ բոլորովին այլ բնույթի խոսակցություն է վարվելու, չնայած դա արեցին բացահայտորեն՝ բոլորիդ հստակորեն ցույց տալով ու հասկացնելով, որ թաքցնելու բան չունեն, և այո, ձեզ կանչել են, որ ասեն՝ ինչ անեք:
Եվ հիմա, որքան էլ արդարանաք, թե չգիտեիք՝ ինչի համար են կանչել, և հենց որ իմացել եք, թույլ չեք տվել, որ այդ բովանդակությամբ քննարկումը շարունակվի, իզուր է: Նույնիսկ, եթե հրապարակային հայտարարություն տարածեք դրա վերաբերյալ, շատ բան չի փոխելու:
Ձեր անձնական ընտրությամբ դուք ցույց տվեցիք, որ ձեզ կարելի է ասել՝ ինչ, երբ ու ինչպես անեք: