«Ինձ այդ հանդիպման մասին ասել են հանդիպումից երկու ժամ առաջ: Ես էլ՝ մեկուսացած, ջերմում եմ և թեստ եմ հանձնել». Վազգեն Ռշտունի
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմն ու դատարանների նախագահները կառավարությունում հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ աղբյուրի՝ Փաշինյանն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին, քանի որ դատավորները մասսայաբար հրաժարվում են կատարել իշխանությունից եկող քաղաքական պատվերները՝ խուսափելու համար այդ արարքների համար նախատեսվող պատասխանատվությունից։
168.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են դատավորները մտնում կառավարության շենք:
Միևնույն ժամանակ՝ հայկական «Mediaport» ալիքը տեղեկատվություն հրապարակեց, որ մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրենց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ»։
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հանդիպման առաջարկը մերժած դատավորների թվում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։
168.am-ի հետ զրույցում Վազգեն Ռշտունին հաստատեց, որ հրավեր ստացել է, սակայն հրաժարվել է մասնակցել, քանի որ իր մայրիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, ինքն էլ ջերմություն ունի այս պահին, թեստ է հանձնել, մեկուսացած է:
Մեր հարցին, թե պատճառը միայն ա՞յդ է, որովհետև հրաժարվելու այլ պատճառ ևս նշվում է, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն ասաց, որ դա է պատճառը:
«Ճիշտն ասած, հրավերի պատճառներն էլ չգիտեմ, դրա համար այլ պատճառ հրաժարվելու չունեի»,- ասաց Վազգեն Ռշտունին:
Հարցրինք նաև, թե նորմա՞լ է արդյոք, որ վարչապետն իր մոտ է հրավիրում դատավորներին:
«Անկեղծ ասած՝ խոսակցության բնույթը չգիտեմ, չգիտեմ՝ ինչի հետ է կապված եղել քննարկումը, դատավորներից բացի, այլ մարդիկ եղե՞լ են, թե՞ ոչ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ ներկա՞ են գտնվել արդյոք այդ հանդիպմանը, թե՞ ոչ, դրա համար այս պահին կհապաղեմ ինչ-որ գնահատականններ տալ: Եթե ինչ-որ բաց հանդիպում է եղել, քննարկում՝ կապված դատական իշխանության հետ առնչվող քննարկումների հետ… Բայց հանդիպման բովանդակությունից տեղեկացված չեմ»,- նշեց Վազգեն Ռշտունին:
Դատավորն ասաց՝ կփորձի օրվա վերջում գործընկերներից տեղեկանալ, որովհետև այս պահին չի կարողանում կապ հաստատել, թե ինչի շուրջ է եղել խոսակցությունը, և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կառավարություն հրավիրել դատավորներին:
«Եթե քննարկումը վերաբերելու էր դատական իշխանության առողջացմանը… Չգիտեմ.. .Ընդ որում, ինչպես հասկացա, միայն ԲԴԽ անդամները չեն ներկա եղել, այլ նաև դատարանների նախագահները, սակայն գիտեմ, որ, օրինակ, Վարչական դատարանի նախագահը հրավիրված չի եղել: Չեմ կարող ասել՝ Վճռաբեկ դատարանի Պալատի նախագահները հրավիրված եղե՞լ են, թե՞ ոչ: Միգուցե էլի չգնացողներ կան, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել գնալ: Դրա համար չեմ հասկանում՝ ինչո՞ւ է իմ անվան շուրջ պտտվում խոսակցությունը, թե միայն ես չեմ գնացել: Ընդ որում, ինձ այդ հանդիպման մասին ասել են հանդիպումից երկու ժամ առաջ: Ես էլ՝ մեկուսացած: Բացի դրանից, տեսքս էլ այնպիսին չէր, որ գնայի այդ հանդիպմանը»,- ասաց Վազգեն Ռշտունին։