Նիկոլ Փաշինյանի պայքարը միշտ եղել է «ընդդեմ», ոչ թե՝ «հանուն»
Նոյեմբերի 27–ին Նիկոլ Փաշինյանը հերթական հեռուստաուղերձն էր կազմակերպել: Կարդացի: Եվ միտքս եկավ 1999 թվականին Նիկոլ Փաշինյանի «Օրագրի»՝ Վազգեն Սարգսյանին «նվիրած» մի հոդվածի հետևյալ տողերը.
«Վազգեն Սարգսյանին մեղադրելու են երեխաների, 18 տարեկան, սպանության համար, նրանց խեղված ճակատագրի, նրանց վիրավորված արժանապատվության համար: Ու դեռ հարց է՝ կհասցնի՞ արդյոք մեր սուպերնախարարը Ազգային ժողովի պատգամավոր դառնալ, կհասցնե՞ն արդյոք քննարկել նրա մեղավորության հարցը, կհասցնի՞ Վազգեն Սարգսյանը արտասանել իր բաժին «ղալաթ եմ արելը»: Սրանք հարցեր են, իսկ «Հայլուրը» վրեժ է ուզելու, արյուն: Թշվառ ու անտեր հայրենիքում, իհարկե, հեշտ է սուպերնախարար լինելը: Բայց թշվառ ու անտեր հայրենիքին երբեմն պետք են սուպերնախարարներ: Այնպիսիք, որ «ղալաթ եմ արելը» արտասանում են ոչ թե որպես խոստովանություն, այլ որպես վճիռ»:
Այլ հարց է, որ այս տողերը ոչ բանակի հանդեպ սիրուց են, ոչ էլ զինվորի նկատմամբ սրտացավությունից, ոչ էլ նրանց կյանքերն ու ճակատագիրը խեղումից փրկելու անհագ ցանկությունից, այլ բանակ ստեղծած Վազգեն Սարգսյանի նկատմամբ ատելությունից: Որովհետև Նիկոլ Փաշինյանի պայքարը միշտ եղել է «ընդդեմ», ոչ թե «հանուն»՝ լինի «Օրագրի», «Հայկական Ժամանակի» էջերում, մարտիմեկյան հրապարակներում, հետմարտիմեկյան Ազգային ժողովում, և թե 2018-ի թավշյա հեղափոխական քայլերթում և հետհեղափոխական վարչապետական աթոռին: Որովհետև Նիկոլ Փաշինյանը միշտ ատել է բանակը, զինվորականներին, խորքային պատճառները հայտնի չեն:
Երբ մի երիտասարդ աղջիկ կամ կին համատարած բոլոր տղամարդկանց ատում է, սկսում ես մտածել՝ երևի վատ հայր է ունեցել, կամ դեռահասության, երիտասարդության տարիներին կյանքում ցավոտ դեպք է տեղի ունեցել, որը հետք է թողել:
Նիկոլ Փաշինյանը բանակում չի ծառայել, որ ծառայության տարիներին, այսպես ասած, վատ հրամանատարը նեղած լիներ, և դա բանակին ու զինվորականներին ատելու պատճառ դառնար: Մարդն առանց լուրջ կրթության, գիտելիքների, առանց երկրում ունեցած լրջագույն ներդրման և միայն իրեն հատուկ ճարպկությամբ՝ դարձել է պատգամավոր, հետո՝ վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար, բայց ատում է հայրենիքը և մարդկանց:
Գուցե դժվար մանկությո՞ւնն է պատճառը: Գուցե: Բայց այս դեպքում առավելևս պիտի պարտական լինել հայրենիքին և մարդկանց, որ պաշտպանել են քեզ, մեծացրել, փոխել շորերդ ու դարձրել երկրի ղեկավար: Իսկ ի՞նչ արեցիր դու, Նիկոլ: Անշնորհակալ որդու պես, սակավ միջոցներով քեզ լավ պահած հորդ՝ հայրենիքիդ, մաս-մաս արեցիր ու հանձնեցիր օտարի խնամակալությանը: Եվ հիմա արդեն մոտ ենք, Նիկոլ, քո նկարագրած, քո ուղեղում արմատացած թշվառ ու անտեր հայրենիքի կերպարին, որովհետև երևի հեշտ է լինել սուպերվարչապետ, երբ հայրենիքդ թշվառ է ու անտեր, բանակիդ և գեներալիդ էլ չեն վստահում: Միակ սուպերը դու ես ու դու: Հեշտ է, երբ էլ չեն տալիս Օնիկ Գասպարյանի անունը և գրում՝ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ, որովհետև կարողացար հասնել նրան, որ երբեմնի հաղթող և պաշտելի զինվորականներին էլ չվստահեն: Գրիշա Խաչատուրովի անունն էլ չեն տալիս, որովհետև հուլիսյան հաղթանակների օրերում չենք, և ոչինչ, որ այս պարտության մեջ գեներալ Խաչատուրովի մատը խառը չէ:
Պատերազմի օրերին և դրանից հետո, Նիկո՛լ, ամեն ինչ արեցիր, որ բանակը բարոյազրկվի, թուլանա, որ բանակի հզոր գեներալները դառնան ժողովրդի «աչքի փուշը», որ ժողովուրդը բանակին չվստահի, որ ժողովուրդը բանակով իր թիկունքը չպնդացնի, որովհետև հուլիսյան օրերին Օնիկ Գասպարյանին, Գրիշա Խաչատուրովին, բանակին ուղղված փառաբանությունները չէիր կարող մարսել:
Միայն գերագույնին… Եվ ոչինչ, որ Վազգենին «առաջադրածդ մեղադրանքից» տարիներ հետո քեզ են մեղադրում 18 տարեկան զինվորների «սպանության» համար, նրանց խեղված ճակատագրի, նրանց վիրավորված արժանապատվության՝ հայրենիքում, որովհետև հողին թափված նրանց արյունը թարմ-թարմ լերդացել է, որ շատ տեղ չգրավի, որովհետև հայրենիքը դարձրել ես մի ոտնաչափ, և դեռ մտածում ես՝ «մտնելու» տեղ կա: Եվ հիմա այնքան մոտ է թվում Վազգենի մարգարեությունը՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով:
Կար ժամանակ, որ զգուշացումը, թե «Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում», այնքան հեռու էր թվում: Այս միտքը հետո 2014-ին լսեցի Մեհրաբի զորամասում, երբ զրուցում էի «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանի հետ, այն ժամանակ նա այս զորամասում էր ծառայություն իրականացնում:
«Երևանում է պայթելու վտանգը»,- զգուշացրեց:
Ավելի ուշ պարզվեց, որ գնդապետը նկատի է ունեցել իշխանափոխությունը, դրա հետևանքով պատերազմը, նախիջևանյան թևում թշնամական բարելավումները, երբ տարածաշրջանի խաղացողները Նախիջևանին կարող են քաշել պատերազմի մեջ, հետագայում՝ ազատագրեն, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհն այդտեղով անցնի, և երկաթուղին աշխատի: Իսկ, օրինակ, եթե ՌԴ-ի պլանների մեջ չի մտնում սա, ուրեմն չի բացառվում, որ Թուրքիան փորձի զորք մտցնել Հայաստան։
«Ես գտնում եմ, որ մենք այսօր կառավարվում ենք մութ ուժերի կողմից, որի անունն է փող, մասոնական շարժումներ, արտաքին ուժեր: Երկրի կործանման հարցն է դրված։ Այդ խնդիրը միշտ էլ եղել է, ուղղակի հիմա ակտիվացել է, որովհետև հիմա չենք կարող ասել, որ զուտ ռուսական տիրույթում ենք։ Մենք չգիտենք՝ ում տիրույթում ենք։ Այն ժամանակ բուն ռուսական տիրույթում ենք եղել, մարդիկ չեն կարողացել ակտիվորեն իրենց գործողությունները ծավալել։ Հիմա հասել ենք այն բանին, որ այդ տիրույթից դուրս ենք եկել, ընկել ենք մի կատլավանի մեջ՝ չգիտենք՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»,- շարունակել էր Գրիգորյանը մեկ տարի առաջ ինձ հետ ունեցած զրույցում:
Մենք կորցրել ենք Արցախը, ՀՀ տարածքից ինչ-որ բան, մեծ հաշվով: Եվ սա մի մարդու մեղքով, որն ընդդիմադիր եղած ժամանակ հայտարարում էր՝ ժողովուրդ, նախկին իշխանությունները պատերազմով են վախեցնում ձեզ, որ իրենց աթոռը պահեն:
Գուցե կա այստեղ ճշմարտության հատիկ: Մյուս կողմից, վախ կա, որ փրկում է կործանումից, աստվածաշնչյան լեզվով ասած՝ «սուրբ երկյուղ»: Եվ ժողովրդի մի հատված, չնայած դժգոհությանը, ինչ-որ ժամանակ համաձայն էր, որ իշխանություն չփոխվի, որպեսզի կայունությունը չխաթարվի և շարունակվի անպտուղ բանակցային գործընթացը: Իսկ դժգոհության պատճառներում նաև ժողովրդի մեղքի բաժինը կա. ընտրակաշառքով ընտրության են գնացել, հարմարվել և լռել: Սա այլ թեմա է:
Եվ ահա պատերազմից չվախենալ սկսեց ժողովուրդը, հեղափոխություն արեց, հետո սկսեց հավատալ Ալիևի ողջամտությանը և ՀՀ-ի ժողովրդավար լինելու զորությանը: Ու պատերազմի վտանգը պայթեց, երբ պատրաստ չէինք, և պատերազմով «չվախեցնողի» թեթև ձեռքով կորցրեցինք Արցախը, ՀՀ-ի անվտանգային հատվածներ, մեր ինքնիշխանությունը, երկիրը սարքեցինք որբի գլուխ, և հիմա ով հասնի՝ խուզում է: Բայց, ցավոք, այս վտանգը, որը դեռ պայթելու տեղ ունի, շատերի ուղեղներում դեռ չի պայթել, մեր փողոցները կիսադատարկ են, ժողովուրդը չի ուզում զսպել Երևանում պատերազմի վտանգի հնարավոր պայթյունը: Երբեմնի հաղթանակած գեներալները լուռ են զոհասեղանին մորթվելու պատրաստ գառան նման:
Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ մի կերպ չի պատրաստվում արտասանել իր բաժին «ղալաթ եմ արելը», թեկուզ՝ որպես խոստովանություն, և, իր լեզվով ասած՝ հարց է՝ կհասցնի՞…
Մինչդեռ Փաշինյանի այդքան ատելի Վազգեն Սարգսյանն իր ինչ-ինչ սխալների համար «Միասնություն» դաշինքի տրամաբանության մեջ հասցրեց ասել իր բաժին «ղալաթ եմ արելը»՝ որպես խոստովանություն և վճիռ, որը չմարսվեց…