«Մինսկի խմբի ձևաչափի պահպանումն առաջին հերթին բխում է հայկական կողմի շահերից, ձեռնտու է նաև Ռուսաստանին». արաբագետ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Իրանը նախկինում Արցախի հակամարտության հետ կապված ակտիվ ջանքեր իրականացրել է, որը հաջողության չի հասել։ Իրանի կողմից իրականացվող վերջին փորձերն էլ պայմանավորված են իրավիճակային զարգացումներով և հետապնդում են մի քանի խնդիրներ։
«Այստեղ առաջին հերթին իրանական շահն է, որովհետև Իրանը տարածաշրջանային երկիր է, և այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախյան ճակատում, դրա առանձին բաղադրիչներ ուղղակիորեն անդրադառնում են Իրանի շահերին։ Նույն ահաբեկչական սպառնալիքի ակտիվացումն Իրանի սահմաններին, ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի համակողմանի աջակցությունը Ադրբեջանին, որը գրեթե ամբողջական կախվածության մեջ է գցել ադրբեջանական վարչակարգին Թուրքիայի իշխանություններից, որոշակի անկայունության կամ իրավիճակի թեժացման հնարավորություններ Իրանի տարածքում, և այլն։ Այսինքն՝ մի շարք գործողություններ, որոնք Իրանին մղում են ավելի առարկայական դերակատարում իրականացնել։ Իրանական առարկայական գործողությունները հիմնականում երկու հարթությունում են՝ ռազմական և քաղաքական, որն առարկայացվում է ռազմական գործողությունների սահմանին իրանական կողմում ռազմական տեխնիկայի և կոնտինգենտի տեղակայմամբ»,- նշեց Արմեն Պետրոսյանը։
Անդրադառնալով Արցախի հիմնախնդրի հետ կապված՝ Իրանի կողմից ներկայացրած մոտեցումներին, արաբագետն ասաց, որ այդ քայլով Իրանը ցանկանում է ցույց տալ, որ Մինսկի խմբի ձևաչափից դուրս, տարածաշրջանային որևէ ձևաչափի նախաձեռնման պարագայում, անթույլատրելի և անընդունելի է Իրանի շահերի անտեսումը։
«Նույն սիրիական հակամարտության տրամաբանության մեջ Աստանայի ձևաչափը եռակողմ էր, որում ներգրավված էին Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ Հիմա Թուրքիայի գործողություններն ու քայլերը, որոնց տրամաբանությունը նաև բխում է պատերազմական գործողություններում նրա անմիջական ներգրավմամբ, որոշակի բաղադրիչներ ունի նաև դիվանագիտական հարթությունում։ Թուրքիայի կողմից հատկապես Ռուսաստանի հետ խնդրի առանձին քննարկումները և այլընտրանքային ձևաչափի առաջքաշումը՝ Անկարա-Մոսկվա, ակնհայտորեն դուրս է թողնում Իրանին նույն սիրիական սցենարով այլընտրանքային ձևաչափի ձևավորման հնարավոր գործընթացից։ Նման ակտիվացմամբ Իրանը մեսիջ է հղում հատկապես Անկարային, որ, եթե նպատակ կա, կամ փորձ է արվում Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ՝ այլ ձևաչափ ստեղծելու, ապա պետք է հաշվի առնեն նաև Իրանի շահերը»,- հավելեց նա։
Արաբագետի բնորոշմամբ՝ տարածաշրջանում կան ընդհանուր շահեր, որոնք բխում են Ռուսաստանի և Իրանի շահերից, օրինակ, ահաբեկչական սպառնալիքի խնդիրը, որն ուղղակիորեն սպառնում է երկու երկրներին էլ։ Միևնույն ժամանակ տարածաշրջանում Իրանը որոշակի մրցակցություն ունի Ռուսաստանի հետ, օրինակ, հայկական էներգետիկ շուկայում երկու երկրներն էլ համարվում են մրցակիցներ։
Հարցին՝ հաշվի առնելով տեղի ունեցող գործընթացները, իրատեսակա՞ն է, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է փոփոխվել, Արմեն Պետրոսյանը պատասխանեց, որ առաջին հերթին հայկական կողմի շահերից է բխում, որ Մինսկի խմբի ձևաչափը որևէ փոփոխության չենթարկվի։
«Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ամեն կերպ չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և ձևավորել բանակցային նոր ֆորմատ, որը կզբաղվի հակամարտության կարգավորմամբ։ Մինսկի խմբի ձևաչափի տրամաբանությունը ենթադրում է աշխարհաքաղաքական և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք առանցքային դերակատարների ուղղակի ներգրավում այս հակամարտության մեջ։ Մենք տեսնում ենք, որ վերջին ռազմական գործողությունների հետ կապված՝ հակամարտության մեջ ներգրավված և Մինսկի խմբի անդամ հանդիսացող բոլոր երկրներն արձանագրել են այն կարևոր իրողությունները, որոնք առկա են պատերազմական գործողություններում, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախյան պատերազմում օգտագործում են ահաբեկիչներ և հրադադարի երեք պայմանավորվածությունները խախտել են։
Մինսկի խմբի ձևաչափի պահպանումն առաջին հերթին բխում է հայկական կողմի շահերից, և որևէ կերպ չպետք է թույլ տան, որպեսզի այն փոփոխվի։ Նշեմ, որ այս ձևաչափի պահպանումը ձեռնտու է նաև Ռուսաստանին, որն իր պաշտոնական բոլոր հայտարարություններում բացառել է ձևաչափի որևէ փոփոխություն»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:
Հանդիպման ընթացքում Իրանի փոխարտգործնախարար Արաղչին ներկայացրել էր Իրանի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել էր, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն: Զոհրաբ Մնացականյանը նաև տեղեկացրել էր հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին։