Ղրղզստանի նախագահի գտնվելու վայրը հայտնի չէ
Ղրղզստանի նախագահ Սոորոն Ժեենբեկովի եւ վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովի գտնվելու վայրը հայտնի չէ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է երկրի Անվտանգության խորհրդի փոխղեկավար Օմուրբեկ Սուվանալիեւը:
Նա հավելել է, որ անվտանգության նկատառումներով որոշում է ընդունվել՝ փակել սահմանը: Սուվանալիեւի խոսքով՝ երկրի առաջին դեմքերը հանրությանը չեն երեւացել բողոքի ակցիաներն սկսվելուց ի վեր:
Համացանցում հրապարակվել է նախագահի մի քանի ուղերձներ, բայց թե որտեղ են դրանք ձայնագրվել, հայտնի չէ:
«Պաշտոնատար անձինք, որոնք լքել են աշխատատեղերը, գտնվում են գաղտնի վայրերում: Ստույգ ասել, թե որտեղ՝ մենք չենք կարող, նրանցից շատերը թաքնվում են: Նրանց մի մասը, ինչպես Բորոնովը, վստահեցնում է, որ հեռավար են աշխատում եւ հրաժարական չեն տվել:
Նման ռեւանշիստները բավականին շատ են, ինչը կարող է մեծ բախուների հանգեցնել»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Սուվանալիեւը հավելել է, որ երկրում քաղաքական իրադրությունը մնում է լարված: «Քաղաքական կուսակցությունները չեն կարողանում պայմանավորվել: Մենք ուժային բլոկների հետ բոլոր միջոցները ձեռնարկում ենք, որպեսզի բախումներ թույլ չտանք: Կուսակցությունները պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն իրադրությունը չապակայունանալու համար»,-ասել է ԱԽ-ի փոխղեկավարը:
Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փորձել են թափանցել խորհրդարանի շենք:
Բախումները Բիշքեկում շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտվա կողմերը բողոքի մասնակիցները գրավել են խորհրդարանի շենքը, որտեղ նաեւ տեղակայված է նախագահի գրասենյակը: Հոկտեմբերի 6-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել էին հոկտեմբերի 4-ին: Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բուժօգնության է դիմել ավելի քան հազար մարդ, մեկ մարդ ստացած վնասվածքներից մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: