ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ անդամներ՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան:

«Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիևի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և Թուրքիայի դեմ լայն ռազմական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար»,-ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:

Հարձակումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և իր աջակիցները ավելի քան 100 000 նամակ են ուղարկել Սպիտակ տուն, մասնավորապես, հորդորելով դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժել ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիային:

Ստորև ներկայացնում ենք հայկական կողմին քաջալերող և աջակցող Կոնգրեսականների հայտարարությունները, միաժամանակ փաստելով, որ մինչ օրս ամերիկյան որևէ օրենսդիր չի պաշտպանել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին:

Ռոբերտ Մենենդեզ, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

«Ես խստորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը՝ ագրեսիայի ևս մեկ այլ գործողություն, որն աջակցվում է Թուրքիայի կողմից: Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության աջակցությունը Ադրբեջանին և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ներգրավվի հրադադարի ռեժիմի հաստատման խնդրում»:

ԱՄՆ Սենատոր Էդ Մըրքի

«Ես սատարում եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Թուրքիան ռազմական օգնությամբ և սադրիչ հայտարարություններով աջակցում է Ադրբեջանին Հայաստանի դեմ։ Դրանք խաթարում են միջնորդական ջանքերը: ԱՄՆ-ը պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»:

Սենատոր Ջեք Ռիդ, Սենատի Զինված ուժերի հանձնաժողով

«Հայերն իրավունք ունեն պաշտպանվելու, երբ նրանք ենթարկվում են հարձակման:  Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի և հայկական զորքերի միջև ծանր մարտերի սրմամբ: Ես զսպվածության և անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կոչ եմ անում ՝ կանխելու քաղաքացիական անձանց հետագա վնասները: Նախագահ Թրամփը պետք է հետամուտ լինի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և հնարավոր դարձնի վեճի խաղաղ կարգավորումը: Բացի այդ, տարածաշրջանի բոլոր երկրները պետք է աշխատեն այս ճգնաժամը մեղմելու ուղղությամբ և չփորձեն բորբոքել լարվածությունը»:

ԱՄՆ Սենատոր Քորի Բուքեր

«Հուլիսին սենատոր Մենենդեզը և ես կոչ արեցինք Թրամփի վարչակազմին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին, և ես կրկին կոչ եմ անում վարչակազմին դադարեցնել այդ օգնությունը: Թուրքիան խրախուսում և հնարավորություն է տալիս տարածաշրջանում այս բռնություններին, այն պետք է դադարեցվի»:

ԱՄՆ կոնգրեսական Դոն Բեյեր

«Եթե իրականում տարածված են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից խոցվել է հայկական գրոհիչ, ապա դա վտանգավոր սրացում է: ԱՄՆ-ն մեր ուժերի ներածին չափով պետք է ամեն ինչ անի բռնությունները դադարեցնելու համար: Մենք պետք է դեմ լինենք Լեռնային Ղարաբաղում ագրեսիվ միջոցառումներին և խաղաղություն հաստատենք »:

ԱՄՆ կոնգրեսական Թոնի Քարդենաս

«Ես սատարում եմ Հայաստանի ժողովրդին` հաշվի առնելով վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի երկայնքով ձեռնարկված ագրեսիայի գործողությունները: Այս անիմաստ բռնությունը վտանգի տակ է դնում անմեղ քաղաքացիական անձանց կյանքը: Պետք է ձեռնարկվեն դեէսկալացիոն քայլեր ՝ կյանքի հետագա կորուստները կանխելու համար: Ես կոչ եմ անում նվիրվել դիվանագիտական մոտեցմանը` հետագա ցանկացած բռնություն կանխելու համար»:

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չու

«Ժամանակն է, որ ԱՄՆ-ը դադարեցնի հայերի դեմ Ադրբեջանի բռնության ֆինանսավորումը: Կիրակի օրը վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա հարձակումը պարզապես վերջին դեպքն էր այս տարվա ամռանն ադրբեջանական անկանխատեսելի ագրեսիայի, որն այժմ հանգեցրել է առնվազն 30 զոհի և ավելի քան 100 վիրավորի: Իմ սիրտը կոտրվում է այս հարձակումներից ահաբեկված Լեռնային Ղարաբաղի անմեղ ժողովրդի համար, և հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Բայց ԱՄՆ-ը կարող է շատ ավելին անել, քան պարզապես կողքից դիտելը: Մենք ունենք դերակատարություն այս հակամարտության դադարեցման գործում: «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի անվտանգության աջակցությունը Ադրբեջանին, քանի դեռ նրանք չեն համաձայնվել հրադադարի հաստատմանը և չեն պարտավորվում պահպանել այն: Այս նախագահի օրոք ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող օգնությունը 2016-2017 թվականների մոտ 3 միլիոն դոլարից 2018-2019-ին հասել է մոտ 100 միլիոն դոլարի: Ֆինանսավորման այս ահռելի չափաբաժինը հնարավորություն տվեց Ադրբեջանին ազատել այլ ռեսուրսներ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա հարձակվելու համար, ինչպես բազմիցս տեսել ենք այս ամառ: Այդ է պատճառը, որ բացի Ադրբեջանին անվտանգության օգնության դադարեցման կոչից, ես նաև FY2020 House-ի կողմից ընդունված Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում (NDAA) ներառեցի առաջարկներ, ներառյալ կրակոցների ֆիքսման հնարավորություն, միջազգային դիտորդների աճ և շփման գծի երկայնքով դիպուկահարների, ծանր զենքերի և նոր սպառազինությունների տեղակայման բացառում: Ի մեծ հիասթափությունս, այնուամենայնիվ, Սենատը հեռացրեց այս առաջարկները, և այժմ մենք տեսնում ենք դրա հետևանքները: Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, ի վիճակի է հարձակվել ինչպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա, այնպես էլ մերժել իրենց սեփական պատասխանատվությունը: Այս ագրեսիան չի կարող շարունակվել: ԱՄՆ-ը պետք է անհապաղ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, մեր Պետդեպարտամենտը պետք է քայլեր ձեռնարկի ՝ կյանքեր փրկելու համար ՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել հարձակումն ու ուժի կիրառումը, ինչպես նաև պետք է նախազգուշացնի Թուրքիային՝ զենք կամ մարտիկներ չուղարկել Ադրբեջանի ագրեսիային նպաստելու համար»:

ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Քիքիլին

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը օդ-երկիր հրթիռային հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու բնակիչներին, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սա Հայաստանի հյուսիսային սահմանի նկատմամբ 2020-ի հուլիսին սկսված ագրեսիայի շարունակությունն է, երբ Ադրբեջանի իշխանությունները սպառնացին հրթիռակոծել Հայաստանում՝ Երևանի մերձակայքում գտնվող Մեծամորի ատոմակայանը: Այս առավոտյան հարձակումը հերթական անգամ ցույց է տալիս Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բացահայտ անտեսումը: Թուրքիայի նախագահի և Պաշտպանության նախարարի վերջին գործողությունները՝ կապված ադրբեջանցի զինվորներին նահատակ անվանելու հետ, կրոնական և ազգայնական արտահայտություններով խոսելով այն աջակցության մասին, որը Անկարան կարող է տալ և զգուշացնել Հայաստանին ՝ «կրակի հետ չխաղալ», անհանգստացնող են: Ես խստորեն դատապարտում եմ հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների բազմակի սրումը»:

ԱՄՆ կոնգրեսական Քաթերինե Քլարկ

«Ադրբեջանի անդրդվելի և շարունակական հարձակումները Արցախի վրա դատապարտելի են և պետք է դատապարտվեն ամենախիստ արտահայտությամբ: Այս ագրեսիայի գործողություններն արդեն կյանքեր են խլել և տեղի են ունեցել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը խախտելուց ընդամենը երկու ամիս անց: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին հատկացվող բոլոր ռազմական օգնությունները և Մինսկի խմբի մյուս անդամների հետ աշխատի խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար»։

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստա

«Ադրբեջանը հասկացրեց, որ չի հարգում հրադադարի մասին համաձայնագիրը, քանի որ շարունակում է բռնությունն ընտրել՝ խաղաղության ուղղությամբ առաջընթացի փոխարեն: Ադրբեջանը շարունակում է վառել այս կրակը ՝ չճանաչելով Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մինչդեռ Թուրքիան օգնում է Ադրբեջանին՝ թույլ տալով այդ ագրեսիան: Ես դատապարտում եմ Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունները և պատրաստ եմ աջակցել հայ ժողովրդին: Ես բոլոր կողմերին կոչ եմ անում վերադառնալ բանակցությունների սեղան ՝ խաղաղ լուծման հասնելու համար»:

ԱՄՆ կոնգրեսական ԹՋ Քոքս

«Արցախի մայրաքաղաքի վրա Ադրբեջանի անհիմն հարձակումներն արդեն կյանքեր են խլել: Այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը: Մենք պետք է համերաշխ լինենք Արցախի հայ համայնքներին և ամենախիստ կերպով դատապարտենք Ադրբեջանի թշնամանքը »:

ԱՄՆ կոնգրեսական Ջեյս Քրոու

«Ես դատապարտում եմ ադրբեջանական հարձակումները Արցախի վրա և կոչ անում անհապաղ դադարեցնել բռնությունները: Բացի այդ, Թուրքիան պետք է դադարեցնի ադրբեջանական հարձակման բոլոր աջակցություններն ու հնարավորությունները: ԱՄՆ-ը պետք է աշխատի Մինսկի խմբի մեր գործընկերների հետ`հրադադար հաստատելու համար, որն ապահովում է տարածաշրջանում կայուն խաղաղություն։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Էլիոթ Էնգել, Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

«Ես խորապես մտահոգված և անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում սրվող բռնություններով և մարդկային ողբերգական կորուստներով: Ես կոչ եմ անում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին հստակ քայլեր ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու, ռազմական գործողությունները դադարեցնելու և շփման գծի տարածքը զավթելուց զերծ պահելու համար: Յուրաքանչյուր երկիր պետք է վերահաստատի իր նվիրվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին: Երկխոսությունը, ոչ թե բռնությունը, տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղություն հաստատելու միակ միջոցն է: Բացի այդ, մտահոգիչ է արտաքին գործող դերակատարների ազդեցությունը, ինչպիսին է Թուրքիան, անխոհեմ խառնվելով հակամարտությանը: Միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա խաղաղ գործընթացին: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները չպետք է հանդուրժեն, որ Թուրքիան խաթարի խաղաղ գործընթացը և բորբոքի հակամարտությունը, որը արդեն զարգանում է դեպի կտրուկ սրացում»:

ԱՄՆ կոնգրեսական Ջոշ Գոթեյմեր

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումները տարածաշրջանում: Ադրբեջանը պետք է պատասխան տա իր ագրեսիվ գործողությունների համար, որոնք խաթարում են խաղաղությունը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ը պետք է առաջ գնա հրադադարի ռեժիմի ձևավորման և հակամարտության կանխման գործում՝ մինչ այս վտանգավոր իրավիճակի հետագա սրումը»։

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Լանգեվին

«Հաղորդվում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ուժերը հարձակումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղում: Զարգացումները մտահոգիչ են, քանի որ դրանք սպառնում են տարածաշրջանում կայունությանը: Ես կոչ եմ անում դադարեցնել հարձակողական գործողությունները, որոնք վտանգում են խաղաղ բնակիչներին, և դուրս բերել ադրբեջանական ուժերը»:

ԱՄՆ կոնգրեսական Բրենդա Լոուրենս

«Ես խորապես անհանգստացած եմ ռազմական գործողությունների բռնկմամբ և Լեռնային Ղարաբաղում մարդկային ողբերգական կորուստներով: Պետք է ձեռնարկվեն կոնկրետ քայլեր Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրումը կանխելու և բանակցությունները վերսկսելու ուղղությամբ: Այս հակամարտությունը պետք է լուծվի ոչ թե բռնության, այլ երկխոսության միջոցով»:

ԱՄՆ կոնգրեսական Սյուզի Լի

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումները Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի դեմ: Ադրբեջանը պետք է լիցքաթափի իրավիճակը և վերականգնի հրադադարի ռեժիմը: Եվ ամենակարևորը, ԱՄՆ-ը պետք է աշխատի Ադրբեջանի և Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար»:

ԱՄՆ կոնգրեսական Քարոլին Մալոնի

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա: Անհրաժեշտ է, որ Թրամփի վարչակազմը դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին և աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Բաքվին խաղաղության սեղանի շուրջ վերադարձնելու համար»:

 ԱՄՆ կոնգրեսական Դեվին Նյունս, Կոնգրեսի հետաքննության հանձնաժողով

«Հայերը վաղուց Լեռնային Ղարաբաղում են, հազարավոր տարիներ ի վեր: Ադրբեջանցիները հավակնություններ ունեն դրա նկատմամբ. կարծում եմ, որ այս տարածաշրջանի մասին մարդկանց մեծ մասը գիտի, որ Արևմտյան Հայաստանը չկա, այժմ Թուրքիայի մի մասն է, և սա այն փոքր տարածքներից մեկն է, որը գտնվում է Հայաստանի արևելյան կողմում: Հայաստանը երկար տարիներ հակամարտության մեջ է, և հանգստյան օրերին թուրքերը, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցն են, ադրբեջանցիներին և հայերին բախման մեջ են ներքաշել: »

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանք Փալոն, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ

«Ամիսներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելացրել են իրենց մարտական հռետորաբանության և սադրիչ գործողությունների օգտագործումը Արցախի և Հայաստանի նկատմամբ: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հետևողականորեն կոչ է անում՝ Պետդեպարտամենտի կողմից վճռական քայլեր ձեռնարկել այս վտանգավոր իրավիճակն կանխելու համար և ագրեսորներին` Ադրբեջանին և Թուրքիային, պատասխանատվության ենթարկելու՝ իրենց ապակայունացնող գործողությունների համար: Միացյալ Նահանգները կարևոր դեր ունի այս բռնությունը կասեցնելու գործում, և մենք պետք է արագ և վճռականորեն գործենք՝ կասեցնելու համար ագրեսիայի ռազմատենչ ցուցադրումը և ագրեսորներին՝ Ադրբեջանին և Թուրքիային, պատասխանատվության ենթարկելու իրենց ապակայունացնող գործողությունների համար»:

ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչես, Հետաքննության հանձնաժողովի նախագահ

«Մեկ գիշերվա ընթացքում Ադրբեջանն անցավ վերջին տարիների ամենամեծ գրոհին Արցախի վրա, և վաղ տեղեկությունները վկայում են, որ զգալի զոհեր են եղել: Միացյալ Նահանգները պետք է շտապ աշխատի Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ խաղաղությունը վերականգնելու և հետագա սրացումները կանխելու համար, որոնք ավելի շատ կյանքեր կվտանգեն: Այս հարձակումը տեղի է ունենում միջազգային սահմանի երկայնքով՝ Հայաստանի հետ լուրջ ռազմական բախումներից մի քանի ամիս անց: Ես օրենսդրական առաջարկություն եմ ներկայացրել, ինչն ԱՄՆ հետախուզական մարմիններից կպահանջի գնահատել, թե ով է նախաձեռնել այս և այլ փոխհրաձգությունները, ինչը անհրաժեշտ քայլ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»:

ԱՄՆ կոնգրեսական Բռեդ Շերման

«Իմ ընտանիքի և կրոնակիցների համար անհանգստացած եմ՝ կապված վերջերս Արցախի վրա ադրբեջանական հարձակումների հետ: Մենք պետք է դատապարտենք այս ագրեսիան և հորդորենք Բաքվին դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները և վերադառնալ խաղաղության սեղան: Մենք պետք է դադարեցնենք ռազմական օգնությունը Ադրբեջանին և հորդորենք Թուրքիային՝ ձեռնպահ մնալ զենք կամ մարտիկներ ուղարկելուց»:

ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուս

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա և Թուրքիայի աջակցությունն այս ագրեսիային: ԱՄՆ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը և հորդորի Թուրքիային դադարեցնել զենք ու մարտիկներ ուղարկել Ադրբեջան»։

ԱՄՆ կոնգրեսական Լորի Թրահան

«Լեռնային Ղարաբաղի տարածքում երեք օր անընդմեջ ադրբեջանական ագրեսիայի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են: Տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան բորբոքում է այս հակամարտության բոցը, որն արդեն տասնյակ մարդկանց կյանքեր է խլել և հարյուրավոր մարդկանց վտանգել, վրդովեցնում է: Պետդեպարտամենտը պետք է լուրջ միջամտություն ունենա՝ կյանքեր փրկելու համար և անմիջապես վերջ տալու բռնություններին»:

Տեսանյութեր

Լրահոս