Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն անհանգստացած է Ղարաբաղյան գոտում լարման կապակցությամբ
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսված և շատ լուրջ լարման կապակցությամբ, ինչն առաջացել է Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից հետո՝ հանգեցնելով բազմաթիվ զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, և դա կարող է սադրել լայնածավալ զինված հակամարտություն տարածաշրջանում։
«Ես ցավում եմ կյանքերի ողբերգական կորստի համար, անկեղծ ցավակցություն եմ հայտնում վշտահար ընտանիքներին և աղոթում վիրավորների առողջացման համար»,- ասել է Սաուկան: «Այս արյունահեղությունը դադարեցնելու համար ԵՀԽ-ն կոչ է անում բոլոր մարտիկներին անմիջապես հրաժարվել հետագա ռազմական գործողություններից և վերադառնալ երկխոսության և բանակցությունների սեղան»: Սաուկան նաև կոչ է արել Մինսկի խմբին հրատապ նախաձեռնություններով հանդես գալ ԵԱՀԿ հովանու ներքո այս երկարատև չլուծված հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթացի համար:
«Ինձ անհանգստացնում է Թուրքիայի կառավարության ագրեսիվ պարտիզանական դիրքորոշումը, որը որպես Մինսկի խմբի անդամ՝ պետք է պահպանի չեզոք, այլ ոչ թե՝ հակառակորդի դիրքորոշում», – նման կարծիք է հայտնել Սաուկան՝ հավելելով, որ դիմում է ԵՀԽ անդամ եկեղեցիներին Մինսկի խմբի անդամ երկրների շարքում և կոչ անում համագործակցել իրենց կառավարությունների հետ` այս հաղորդագրությունը փոխանցելու համար և խրախուսելու տարածաշրջանում խաղաղության հաստատման համար հրատապ և կայուն դիվանագիտական ջանքերը:
Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն հայտարարել է իր հերթին, որ հակամարտությունը «բոլորիս կոչ է անում պաշտպանել մեր ազգի իրավունքները, մեր սուրբ հողը, մեր ապագան և մեր ազգային արժանապատվությունը»: Գարեգին Բ-ն կոչ արեց ժողովրդին միավորվել և բոլոր քաղաքական ուժերին՝ մի կողմ դնել իրենց տարաձայնությունները՝ հանուն հայրենիքի անհրաժեշտ պաշտպանության:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն էլ իր հաղորդագրության մեջ նշել է․ «Աշխարհը պետք է իմանա, որ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայերի արյունով, աղոթքներով և հոգիներով ձևավորված երկիր է… Ավելին, միջազգային օրենքների և կանոնակարգերի համաձայն, իր ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի»: