«Ջավախահայերը նման ակցիայով փորձում են Վրաստանի իշխանություններին ցույց տալ, որ մենակ չեն թողնում հայրենիքում ապրող իրենց եղբայրներին». Վրացագետ
Երեկ մի խումբ ջավախահայեր, ի նշան բողոքի՝ Կարզախ գյուղի հատվածում փակել էին վրաց-թուրքական սահմանը՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով բացել հայ-վրացական սահմանը, որպեսզի կարողանան իրենց հումանիտար օգնությունը հասցնել Արցախ։ Այս պահին ջավախահայերը բացել են սահմանը, պայմանով, եթե Վրաստանի իշխանությունները չբացեն հայ-վրացական սահմանը, պատրաստվում են կրկին փակել։
168.am-ի հետ զրույցում վրացագետ Ալիկ Էրոյանցն ասաց, որ ընթացող պատերազմով պայմանավորված՝ ստեղծվել է լարված իրավիճակ, լարված իրավիճակ է նաև Վրաստանում, քանի որ այնտեղ նախընտրական շրջան է։ Հետևաբար՝ Վրաստանի տարածքում նմանատիպ գործընթացները կամ լարվածությունը կարող է որոշակիորեն ավելի խորացնել իրավիճակը՝ թեկուզ տեղում։
«Այդուհանդերձ, չեմ կարծում, որ թուրքական սահմանը ջավախահայերի կողմից փակելը կարող է բախում ստեղծել հայերի և վրացիների միջև։ Կարծում եմ՝ նման հարցերն ավելի շատ պետք է կարգավորվի օրենքի դաշտում, այդպես էլ կա, Վրաստանն ունի իր օրենքները։ Սա իրավական կարգավորման խնդիր է, իսկ մյուս կողմից՝ ոգևորիչ է և մեծ հպարտություն է առաջացնում այն հանգամանքը, որ մեր հայրենակիցներն իրենց կամքն են դրսևորում և, բնականաբար, ամեն կերպ փորձում են իրենց աջակցությունն ուղղել Հայաստան ու Արցախ։ Այլ հարց է, որ ջավախահայերը նման ակցիայով փորձում են Վրաստանի իշխանություններին ցույց տալ, որ մենակ չեն թողնում հայրենիքում ապրող իրենց եղբայրներին և անելու են ամեն ինչ, որպեսզի օր առաջ լինեն նրանց կողքին։ Այլ հարց է, թե սրան ինչպես կարձագանքեն Վրաստանի իշխանությունները, որքանով տեղյակ եմ՝ ջավախահայերի առաջին ընդվզման ժամանակ թույլատրել էին բեռների տեղափոխումը։ Սակայն մինչև այժմ այդ լարվածությունը պահպանվում է։ Ընդհանուր առմամբ, մեր հայրենակիցների պահանջն արդարացի է, քանի որ լուրեր են տարածվում, որ Վրաստանի տարածքով Թուրքիան Ադրբեջան է տեղափոխում զինտեխնիկա»,- ասաց վրացագետը։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Վրաստանի պահվածքին, Ալիկ Էրոյանցը նշեց, որ, եթե դիտարկի Վրաստանի պաշտոնական մոտեցումները, ապա Վրաստանն այդտեղ պահպանում է չեզոքություն։
«Կարծում եմ՝ այստեղ առաջին հերթին չեզոքություն դրսևորելն է, քանի որ Վրաստանը բարեկամ հարևան երկիր է և բարձր մակարդակի հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Մենք պետք է հասկանանք, որ Վրաստանը նաև ոչ պակաս հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ կախվածության մեջ է գտնվում այդ երկրներից, մասնավորապես, տնտեսապես։ Բնականաբար, Վրաստանում, եթե իր շահի տեսանկյունից դիտարկելու լինենք, ձեռնտու չէ այս կամ այն կողմին պաշտպանելը կամ աջակցելը, այս մասին իրենք հայտարարել են։ Կողմնապահության որևէ դրսևորում այստեղ կարող է առաջացնել այլ խնդիրներ։ Կարծում եմ՝ մինչև վերջ, պաշտոնական հարթակում Վրաստանն այս հարցում կպահպանի իր չեզոքությունը»,- եզրափակեց վրացագետ Ալիկ Էրոյանցը։