«Կարծում եմ՝ գերտերությունները հետևում են իրադարձությունների զարգացմանը և ինչ-որ մի փուլում կփորձեն իրենց ազդեցությունն օգտագործել». Սուրեն Սարգսյան

«Այն, ինչը ես տեսնում եմ,  հետևյալն է՝ մեր համայնքները տարբեր երկրներում բավականին ակտիվ աշխատում են և աշխատում են իրենց պետությունների ղեկավարության, օրենսդիրների հետ։ Արդեն աշխատում են համայնքի առանձին անհատներ և թե լոբբիստական կառույցներ։ Մեր լոբբիստները բավականին ակտիվ աշխատում են օրենսդիրի և գործադիրի հետ»,- 168.am հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ համայնքը ակտիվ ու մոբիլիզացված աշխատում է, նույնը նաև տեղի է ունենում սոցիալական ցանցերում, որտեղ, Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ առավելություններ կան ադրբեջանցիների նկատմամբ, քանի որ տեղի սոցիալական ցանցերը փակ են, և ամբողջ դաշտը բաց է հայ օգտատերերի համար, որպեսզի կարողանան իրենց մեսիջները հասցնել միջազգային հանրությանը։

«Կարծում եմ՝ սա արդեն մեր հանրային կամ ժողովրդական դիվանագիտության համար ստեղծում է լրացուցիչ հնարավորություներ։ Ինչ վերաբերում է պետական հիմնարկներին, ապա որքանով կարող ենք հետևել տեղեկություններին, նրանք ակտիվ կապի մեջ են իրենց գործընկերների հետ, արտգործնախարարությունը կարծես թե ակտիվ կապի մեջ է տարբեր պետությունների համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ։ Կարծես թե համատարած ֆրոնտում՝ թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտական դաշտում համակարգված աշխատանք տանում է։ Սա այն է, ինչ կարող ենք այս պահի դրությամբ ֆիքսել»,- հավելեց նա։

Ըստ նրա, տարածաշրջանում ցանկացած լարում մտահոգում է գերտերություններին, ովքեր տարածաշրջանում ունեն շահեր։

«Միացյալ Նահանգները շահեր ունի այս տարածաշրջանում, և լարումը չի բխում նրա շահերից։ Այլ բան է, որ այստեղ մեկ ներգրավված կողմ կա՝ ի դեմս Թուրքիայի, որն ինքնուրույն խաղացող է, և նրա վրա ճնշում գործադրելը բավականին դժվար է՝ նույնիսկ այնպիսի պետությունների համար, ինչպիսին է Միացյալ Նահանգները և Ռուսաստանը։ Բնականաբար, այստեղ շահեր ունեն բոլորը, և բոլորի շահերն են այս տարածաշրջանում բախվում։ Կարծում եմ՝ գերտերությունները հետևում են իրադարձությունների զարգացմանը և ինչ-որ մի փուլում կփորձեն իրենց ազդեցությունն օգտագործել։ Բայց կրկնում եմ, քանի որ այստեղ կա թուրքական ներգրավվածություն, իրավիճակը բարդանում է»,- շեշտեց Սուրեն Սարգսյանը։

Հարցին՝ այս փուլում ի՞նչ սպասել միջազգային հանրությունից, ի՞նչ ակնկալիքներ կան. Ս. Սարգսյանը պատասխանեց, որ պետք է աշխատել, որպեսզի միջազգային հանրությունը հստակ հասկանա, թե ինչպես են այդ գործողությունները սկսվել, որն է ագրեսոր կողմը կամ կողմերը։

«Պետք է բոլորը հասկանան, որ նախահարձակ է եղել Ադրբեջանը, և դրանում կա Թուրքիայի մեծ ներգրավվածությունը, որն անվերապահորեն աջակցում է  Ադրբեջանին։ Կարծում եմ՝ սրանք հիմնական ուղերձները պետք է լինեն միջազգային հանրությանը և միջազգային խաղաղոցներին, որպեսզի իրավիճակն ավելի ճիշտ ու սթափ գնահատեն և չտրվեն լրատվական դաշտում առկա կեղծ լուրերին։ Ըստ իս, սա մեր հիմնական աշխատանքը պետք է լինի, և կարծես թե այդ ուղղությամբ էլ մենք աշխատում ենք»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս