Բաժիններ՝

Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը և մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը

Համավարակի պարագային հետաքրքիր է դիտարկել, թե ինչ է կատարվում մեր տնտեսության մեջ: Դիտարկել ու հնարավորինս համեմատել անմիջական հարևանների տնտեսական ցուցանիշներ ասածի հետ: Անմիջական հարևան ասածը, բնականաբար, Վրաստանն ու Ադրբեջանն են: Որովհետև Իրանն ու Թուրքիան տնտեսական այլ համակարգում են:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ 2020թ․ առաջին կիսամյակում 2,7 տոկոսանոց անկում է գրանցել նախորդ տարվա համեմատ: Ու այդ անկումը բացատրում է նավթի համաշխարհային գնանկմամբ: Ավելին, երկրի էկոնոմիկայի նախարարությունը «խոստանում» է, որ երկիրը 2020թ․ կավարտի 2 տոկոսանոց անկումով: Եթե, իհարկե, Brent տեսակի նավթի վաճառքը մեկ բարելի համար լինի 52 դոլար: Բայց եթե մեկ բարելի արժեքը դառնա 45 դոլար, ապա անկումը կկազմի 3.2 տոկոս: Այլապես խոսվում 2.9-4.3 տոկոսանոց անկման մասին, իհարկե՝ նույն նախարարության անունից, բայց առանց հաշվարկների ներկայացման: Այս բոլոր հաշվարկները որոշակի իմաստով անիրական են: Առասպելական առումով անիրական: Որովհետև տնտեսության մասին առանձին տվյալները բոլորովին այլ թվեր են «հուշում»: Օրինակ այն, որ ադրբեջանական մարդատար փոխադրումները տարվա առաջին կիսամյակին նվազել են 32.2 տոկոսով։ Մեր պարագային նվազման թիվն ավելի բարձր է՝ 57.7 տոկոս: Մյուս անտրամաբանական թիվն այն է, որ ադրբեջանական տնտեսության մեջ ծառայությունների ոլորտը նախորդ տարի կազմել է ՀՆԱ 55 տոկոսը։ Այն այս տարի կրճատվելով կազմել է մոտ 24 տոկոս ու համապատասխան անկման չի հասցրել մակրոտնտեսական մյուս ցուցանիշները: Եվրոպական «թվաբանության» մոտենալու ձգտումը միևնույն է չի թաքցնում վիճակագրական անիմաստ թվերը: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը «կանխատեսում» է, որ տնտեսության թվերը կախված են նավթի գներից: Օրինակ, եթե Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց լինի 52 դոլար, ապա ՀՆԱ-ն կկրճատվի՝ կազմելով 2 տոկոս նախորդ տարվա համեմատ: Իսկ եթե կազմի 45 դոլար, ապա անկումը կլինի 3.2 տոկոս:

Այս համարյա անիրական թվաբանության համեմատ մեր ու Վրաստանի թվերը համարյա համադրելի-համեմատելի են: Օրինակ այն, որ համավարակի հետևանքով շինարարության ոլորտը Վրաստանում արձանագրել է 24.54 տոկոսանոց անկում, իսկ մեր պարագային թիվը համարյա նույնն է՝ 24.6 տոկոս: Հասարակական սննդի ու գիշարակացի վրաց ոլորտի անկման ցուցանիշը 2020թ․ առաջին կիսամյակի համար 40 տոկոս է: Իսկ մեր վիճակագրության պարագային՝ 46.7 տոկոս: Մշակույթի, զվարճությունների, հանգստի ոլորտում վրաց անկումը 24 տոկոս է: Մեր պարագայում թիվն ավելի «սրսուռ» է՝ 31,5: Նման թվաբանության դեպքում անհասկանալի է մնում, թե ինչու է Վրաստանի տնտեսությունը ամենամեծ անկումն արձանագրել տարածաշրջանում: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ վրաց տնտեսությունը (կամ ավելի ստույգ՝ երկրի ՀՆԱ-ն) կրճատվել է 12.3 տոկոսով: Նման թիվ հարևան երկրներից ոչ մեկը չի «հրապարակում»: Հնարավոր է նաև այն պատճառով, որ 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում մեր գյուղատնտեսության պաշտոնական աճը կազմել է 1.7 տոկոս: Իսկ վրաց պաշտոնական թիվը 4.7 տոկոս է: Բայց սրան զուգահեռ վրացական թվերը բազում ոլորտներում զիջում են մեր պաշտոնական «թվաբանությանը»: Օրինակ, բացի գյուղատնտեսությունից Վրաստանում աճ են արձանագրել հանքարդյունաբերության թվերը՝ 6.4 տոկոսի չափով: Բայց դա համեմատելի չէ մեր հանքարդյունաբերության 24.3 տոկոսանոց աճի հետ:

Ադրբեջանը «համավարակային» թվերի անկում համարյա չի «ցուցադրում»: Անկման մասին այս երկրի վիճակագիրները գրում են առանց հստակության՝ ակնարկելով, որ 2021թ․ վերջին քառորդում կհասցնեն վերականգնել անհաջող 2020թ․ տվյալ-արդյունքները: Սակայն, անիմաստ «լավատեսության» առումով նրանք ավելի մոտ են մեր իշխանամետ տեսաբաններին, քան վրաց մասնագետները:

Արա Գալոյան

politeconomy.org

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս