Բաժիններ՝

«Նման ստերով հիմնականում խաբում են Պողոս զանգվածին, որոնք ուղեղի գործակից չունեն». Տնտեսագետ

Վերջերս «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ի պատասխան 168.am-ի հարցման՝ տեղեկացրել էին, որ մինչև տարվա վերջ ընկերությունում 1000 աշխատակից ազատվելու է աշխատանքից. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից»,- նշել էին ընկերությունից։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Հայաստանում գազի սակագինը բարձրացել էր, որոշ բացառություններով՝ անապահով խավին վաճառվող գազի գինը մնացել էր նույնը՝ 1 խմ-ն՝ 100 դրամ, իսկ շարքային սպառողների համար՝ 1 խմ-ն՝ 139 դրամ:

139 դրամ են վճարում նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց ամսական մինչև 10 000 խմ սպառած գազի դիմաց, ավելին սպառելու դեպքում յուրաքանչյուր 1000 խմ-ի համար վճարում են 255.91դոլար:

168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով գազի սակագնի բարձրացմանը, նշեց՝ ասել, թե գազի սակագնի բարձրացումն էականորեն ազդել է շարքային քաղաքացու սոցիալական վիճակի վրա՝ կնշանակի, որ գրեթե ոչինչ չի ասել։

«Գիտեք, ամենատարբեր տեղերում, գործունեության տարբեր ոլորտներում նախատեսված են կրճատումներ, քանի որ ֆինանսական այն ռեսուրսները, որոնք տվյալ գործի համար պետք է գնան աշխատավարձի վարձրատրության՝ չկան։ Իսկ ինչո՞ւ փող չկա, որովհետև աշխատանք չկա, տնտեսությունը կոլապսային վիճակում է, չնայած ամենաբարձր մակարդակով ասում են, իբրև մեր երկրում սոցիալական և տնտեսական կոլապս չկա։ Իհարկե, մենք գիտենք, որ այդ ասածներն իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում։ Այս պարագայում ոչ միայն այդ 1000 հոգին կկրճատվեն, այլ ամենատարբեր ոլորտներում նույնը կլինի։ Բոլոր տեղերում անհասկանալի վիճակ է, թե՛ կրթական համակարգում, թե՛ բարձրագույն կրթական համակարգում, մշակույթի մասին էլ չեմ խոսում։ Այս բոլորի պարագայում պարզ է, չէ՞, որ փոքր իսկ սակագնային բարձրացումն արդեն լրացուցիչ բեռ է բնակիչների վրա»,- ասաց Վարդան Բոստանջյանը։

Տնտեսագետի խոսքով՝ երկար ժամանակ ռուսական կողմի հետ հայկական կողմը բանակցությունների մեջ էր, սակայն չհաջողվեց պահպանել գազի նախկին սակագինը։

«Հայկական կողմն ի՞նչ կողմ է, որևէ մեկը նրա կարծիքն այսօր հաշվի չի առնում։ Ըստ էության, այսօր մենք արտաքին քաղաքականություն չունենք, ինչը պայմանավորված է կառավարման համակարգով, այստեղ կառավարում տեղի չի ունենում։ Հիմա «սուտի-մուտի» ծրագրեր են բերում, մինչև 2050 թվականն ինչ-որ ռազմավարություն ներկայացնում, այսինքն՝ ո՞ւմ են խաբում, հասարակությա՞նը։ Բոլոր դեպքերում այս ամենն իմանում են արտաքին աշխարհում և ըստ այդմ իրականացնում իրենց քայլերը։ Հիմա տեսեք՝ տարրական տարածաշրջանային հարցերն ում հետ ասես՝ քննարկվում է, բացի Հայաստանից։ Ուրեմն՝ այս բոլորի պարագայում մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը որակում եմ խիստ ճգնաժամային, որի պարագայում հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքների»,- շեշտեց Վ. Բոստանջյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, որ Հայաստանում աշխատատեղերի ավելացում կա, Վարդան Բոստանջյանը նշեց, որ վաղուց դադարել է նման տեղեկատվությունների հավատալ կամ մեկնաբանել։

«2,5 տարի ես շարունակ լսում եմ այն մասին, որ մեզ մոտ հիմա ներդրումների պայթյուն կլինի, իրար հերթ չեն տա, այնքան են գալու, որ ընկնեն իրար ոտքի տակ, այսինքն՝ սուտն այնքան շատ է, որ ամոթ է վերստին վերադառնալ նման բաների։ Չեմ հասկանում՝ հասարակությանը, մեր քաղաքացիներին հիմարի տեղ են դրել, իբր ի՞նչ։ Նման ստերով հիմնականում խաբում են Պողոս զանգվածին, որոնք ուղեղի գործակից չունեն, այս ամբողջ 2,5 տարին ըստ էության հենված է դրա վրա»,- եզրափակեց Վարդան Բոստանջյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս