Բաժիններ՝

«Աշխատատեղերի թիվն ավելանում է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով հակաճգնաժամային միջոցառումներին՝ նշեց, որ առաջին հակաճգնաժամային միջոցառումը ժամանակի ընթացքում որոշակի փոփոխության են ենթարկել։ Ծրագիրը վերափոխել են ընկերության կապիտալում նոր ներդրում անելու ծրագրի։

«Այդ պայմաններում, երբ ընկերությունը որոշակի ներդրում էր անում, տարբեր ներդրումների չափով վարկային ռեսուրսներին հասանելիություն էր ստանում»,- ասաց վարչապետը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ներկայացնելով ծրագրի արդյունքները՝ ասաց, որ հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը երեկվա դրությամբ կազմում է շուրջ 119 մլրդ։

«Ըստ էության, մենք այդ չափով վարկային պորտֆել սուբսիդավորելու ենք, որը, կարծում եմ, էական է։ Բայց շատ կարևոր է այն կանոնները, որը մենք սահմանեցինք հունիսի 12-ին, համաձայն որի՝ 50, 100 և ավելի, ինչպես նաև 25 մլն դրամով սեփականատիրոջ կողմից կապիտալի համալրելու դեպքում տվեցինք սուբսիդավորման ավելի բարենպաստ պայմաններ։ Երեկվա դրությամբ հայտերի քանակը 32 է, 28-ը բավարարված է, որի ծավալով մենք կսուբսիդավորենք 8 մլրդ դրամի համարժեք վարկային պորտֆել։ Սակայն այստեղ ավելի կարևոր է, որ շուրջ 3 մլրդ-ի ներդրում է կատարվել սեփականատերերի կողմից։ Սա սկիզբն է, որովհետև այս տիպի կանոնների իմպլեմենտացման ժամանակաշրջանն ավելի երկար է, բայց 3 ամսվա համար, կարծում եմ՝ բավականին լավ դինամիկա ունենք»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Շարունակելով թեման՝ վարչապետը նշեց, որ, ըստ էության, այդ գումարն ընկերություններն օգտագործում են հումքի, սարքավորումների ձեռքբերման, աշխատավարձերի, հարկերի վճարման համար։

«Այս կարգի ներդրումներն օգնում են, որպեսզի աշխատատեղերը չփակվեն։ 2020-ի օգոստոսին, 2019-ի նկատմամբ, ամբողջ երկրում աշխատավարձի ֆոնդն ավելի է եղել 10 մլրդ 974 մլն դրամով կամ 9․6 տոկոսով, սակայն հուլիսի նկատմամբ պակաս է եղել 2 մլրդ 663 մլն դրամով, որը պետք է վերլուծել ու հասկանալ, թե ինչի հետ է կապված։ Իսկ մեկ մարդու միջին աշխատավարձն  այս տարվա օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ավելին է եղել 13 հազար 671 դրամով։ Սրանք, իհարկե, թվեր են, որոնք պետք է վերլուծել ու հասկանալ, սակայն պետք է արձանագրել, որ աշխատատեղերի թիվն ավելանում է։ Իհարկե, սա էլ է մի երևույթ, որը նույնպես պետք է վերլուծության ենթարկվի, բայց այս ավելացումն առնվազն վատ չէ, այսինքն՝ սա մեզ հետաքրքրում է նաև ընդհանուր սոցիալական վիճակի գնահատման առումով։ Առնվազն վատ չէ, որ աշխատատեղերն ավելանում են»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս