«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մինչև տարվա վերջ նախատեսված է 1000 աշխատողների կրճատում
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սեպտեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դիմել է
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ուսումնասիրություններ կատարելու համար։
«Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցներ (ըստ էության՝ հսկիչներ և այլք) ազատվում են աշխատանքից, այնինչ, ըստ տեղեկատվության աղբյուրի, վերջերս է նույն ընկերության աշխատակիցների աշխատավարձերը կրճատվել 20%-ով։
Պարզ չէ, թե ինչն է նման մասշտաբային կադրային և վարձատրության կրճատումների պատճառը, սակայն ակնհայտ է, որ ներկայիս սոցիալական ծանր պայմաններում այդքան քաղաքացու՝ առանց աշխատանք թողնելու ամենաբացասական հետևանքներն առաջնահերթ կրելու են այդ անձանց ընտանիքները, այնուհետև՝ պետությունը։
Հանձնաժողովի նախագահին խնդրել եմ իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու համար ընկերությունում կադրային և աշխատավարձային վերոնշյալ կրճատումների պատճառներն ու գործընթացի օրինականությունը»,- գրել էր Էդմոն Մարուքյանը։
Գրառումը կատարելու օրը ՀԾԿՀ-ից 168.am-ին փոխանցել էին, որ Է. Մարուքյանի գրությունը ստացել են, և նրա բոլոր հարցերին կտրվի պատասխան:
168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ ճշտելու, թե քանի՞ աշխատակից է կրճատվել, որքանո՞վ է կրճատվել ընկերության աշխատակիցների աշխատավարձը, և ո՞րն է դրա պատճառը:
Մեր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից նշել են. «Տեղեկացնում ենք, որ նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար: Գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
ՀՀ ՀԾԿՀ 19.06.2020թ. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են Ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից:
Որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ ս.թ. հուլիսի 19-ից, առկա է փաստացի թվաքանակով: Ընկերության աշխատողների աշխատավարձի գումարային փաստացի չափի և սպառողներին վաճառվող բնական գազի սակագնով նախատեսված աշխատակազմի աշխատավարձի մասով ֆինանսական միջոցների (գումարների) անհավասարակշռություն և, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ տնտեսական պայմանների փոփոխման հիմքով նվազեցնել Ընկերության բոլոր աշխատողների աշխատանքի էական պայման հանդիսացող աշխատանքի վարձատրության չափը 20%-ով»: