Հայ ժողովուրդ, դե, ընտրություն կատարիր. սա է քո ընտրածն ու ընտրելիքը

«Ինչի՞ խաբեց մեզ, որ չէր կարողանալու երկիր կառավարել, ինչի՞ մեզ էս վիճակի մեջ դրեց»,- սա հռետորական հարցադրում չէ, սա ցուցարարների արդար պահանջն է հետհեղափոխական Հայաստանում: «Երկու տարի առաջ էս մարդիկ տաղավարները փակել` էս նույն հրապարակում Նիկոլի հետ հեղափոխություն էին անում, հիմա Նիկոլն արհամարհում է էս մարդկանց»,- սա արդեն խաբվածի, քցվածի մեղադրանք է՝ դարձյալ հետհեղափոխական Հայաստանում:

Այսքանով չի սահմանափակվում մեր օրը, որ քիչումիչ անհանգստանալով` մի կողմ դնենք: Երբ լրահոսին ենք հետևում, պարզապես գլխապտույտ ենք զգում. ուղեղն ընդունակ չէ միանգամից այսքան նեգատիվ ինֆորմացիա ընդունել ու տեղավորել, որ մեր մեկ օրն է: Քաղաքում` քաղաքային կյանքից քաղաքավարի քցվածներ, մարզերում` գյուղական կյանքից գյուղավարի խաբվածներ. բարոյապես ու քաղաքականապես խաբվածներ ու սոցիալապես քցվածներ: Ինչպես ասում են` փոշման մնացածներ: Անկառավարվող երկիրն անկառավարելի է դարձել: Սա բառախաղ չէ, այն է` ինչի մեջ մենք ապրում ենք, մեր այսօրն է ու վաղը, որն ավելի բարձիթողի է լինելու:

Իսկ այս հեղեղումին անհաղորդ ու անտարբեր, որ կարծես ուրիշ մեկի գործունեության հետևանքով ուրիշ մի երկրում կատարվող իրավիճակ է, երկրի վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է անում.

«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.

Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:

Անուն նշված չէ գրառման մեջ, սակայն քոմենթներից ուղղակիորեն հասկանում ենք, որ թիրախը Գագիկ Ծառուկյանն է:

Կարճ ժամանակ անց կամ գրեթե առանց ժամանակ կորցնելու ԲՀԿ առաջնորդի ֆեյսբության էջում տեղադրվում է հետևյալը. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Դարձյալ քոմենթագիրներն իրենց վրա են վերցնում մտածելու և, ենթադրաբար, թիրախը գտնելու հոգսը: Որ սա պատասխան գրառում էր` ուղղակի ասված Նիկոլ Փաշինյանին:

Առաջինը վարչապետն է, երկրորդը՝ այդ ճանապարհին կանգնածը` վարչապետ դառնալ ձգտողը: Սա է մեր բուռն իրականությունը` այս երկու մարդիկ կամ գործիչները: Մեկը, ըստ գրառման՝ խելագար, մյուսը, դարձյալ ըստ գրառման՝ բռնաբարող:

Հայ ժողովուրդ, դե, ընտրություն կատարիր. սա է քո ընտրածն ու ընտրելիքը: Ողբերգություն` Շեքսպիրի մոտիվներո՞վ, դրամա` Շիլլերի հայացքո՞վ, չէ՛, թշվառություն` մեր Հայաստանի իրացմամբ:

Սրանք հերթով գալիս, իրենց բաժին խաբեությունը խաբում են, իրենց մաղի վրայինը մաղում են, տրտինգ տալով պար են գալիս ու գնում են, արանքում ժողովուրդն է մնում խեղճ ու կրակ, նորից խաբված, դարձյալ քցված: Ժողովուրդը տասնամյակներ շարունակ ամեն ինչ արել է, որ մի քիչ լավ ապրի, հոգսը թեթև լինի, պարզապես մարդ զգա իրեն, չեմ ասում` հպարտ քաղաքացի: Բայց այսօր, քան երբևէ, կախված է բանկերից ու վարկերից: Հարկ ու տուրքն է բարձրանում, խաղողի համար ցածր գին են առաջարկում մթերողները, իսկ մարզպետարանի աշխատակիցը, փչացող բանջարեղենի համար որպես արդյունավետ լուծում, գյուղացուն առաջարկում է, որ չվաճառվող բիբարը պատռի, չորացնի, չիր սարքի:

Օրերով մնացած ու արևից ճմրթված պտուղն ու բանջարեղենը թափված է ասֆալտին կամ խճի վրա, ուղղակի շան ոտի հետ է գնում, շուկայի շներն են քայլում վրայով: Այդ անպետքության վերածվածը գյուղացու բարիքն է, միակ եկամուտը, որով պիտի ապրի: Գյուղացին հարցնում է` նախկինում վրացին էր գալիս տանում, հիմա ի՞նչ եղավ: Հիմա կարանտին է` մինչև տարին կփոխվի, այս տարի հույս չունենաս, որ լավ ես ապրելու, հողի մշակ: Իսկ մինչ այդ արտակարգ դրություն էր 6 ամիս անընդմեջ: Որովհետև մեր իշխանություններն ամեն ինչ արեցին, կամ ոչինչ չարեցին, որպեսզի կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թվով տարածաշրջանում առաջատար դառնանք: Վրացուն ապրանքը ձրի էլ տաս` քո երկիր մտնողը չի: Իսկ ներսում` առիթից օգտվելով, գին են գցում, և դա ոչ ոք չի վերահսկում: Չե՞ն ուզում, պարզապես չեն կարողանում, անճարակ են, չգիտեն` ի՞նչ անեն և ինչպե՞ս անեն:

Որովհետև Արսեն Ջուլֆալակյանը գալիս և օրենսդիր մարմնի անդամ է դառնում: Արսեն ջան, դու հրաշալի մարզիկ ես, ոչ թե Ազգային ժողովը, այլ մրցագորգն է քո տեղը, որտեղ դու քեզ հրաշալի ես զգում, քանի որ քո տեղում ես: Հիմա դու դասալիք ես քո ասպարեզում, իսկ դասալիքը չի կարող հավատարիմ լինել, և լքում ես սուզվելու վտանգ ներկայացնող նավի ճռճռացող տախտակամածը, որովհետև դասալիք ես: Չգիտեն` ի՞նչ անեն և ինչպե՞ս անեն, որովհետև Նիկոլի դերասան աներձագն է դառնում պատգամավոր, որովհետև Նիկոլի եղբորորդին է դառնում պատգամավոր, որովհետև Նիկոլի քավորն է… ո՞ր մեկն ասեմ, մարդ ամաչում է, քանի որ քննվողը պետության կառավարումն է, խոսքը պետության և պետության ղեկավարի մասին է:

Եթե նախկիններից մեկն այդպես վարվեր` դրսևորելով բարեկամակենցաղ վարքագիծ, ոչ միայն մատի փաթաթան կսարքեինք, այլև դեռ չբացված կրկեսում էինք խաղացնելու նման դեկավարին: Բայց այս դեպքում ժողովուրդն ասում է` ոչինչ, մեր Նիկոլն է, թող անի: Ժողովուրդ ջան, եթե մեր Նիկոլն է, թող անի, ուրեմն դու էլ այդպես պետք է ապրես` արածի համեմատականով:

Այս տխուր խճանկարի ֆոնին ընդգծվում է վարչապետի հոգեկան առողջության և վարչապետ դառնալ ձգտողի բարոյական նկարագրի մրցամարտը՝ որպես երկիրը ճգնաժամից հանելու լուծում: Նման դեպքում կամ մեկին պետք է նայես, կամ մյուսին, բայց լավագույն միջոցը հայացքդ խոնարհել կամ թաքցնելն է մնում: Որովհետև, եթե բարձրացնես, կհանդիպես վարչապետի ֆեյսբուքյան էջում արված երկարաշունչ ու ընդարձակ գրառում-ճառին: Զարմանք կտրած մտածում ես՝ մարդ ինչքա՞ն պարապ պետք է լինի, որ այդքան գրի: Եթե հայտնվում ես մի տեղ և չգիտես՝ ինչ անես, բնականաբար, ազատ ժամանակ շատ ես ունենում, քանի որ անելու բան չունես: Սա էլ է դուխ, ձախողվելու համար էլ պետք է դուխ ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս