Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը

«Ես ունեցել եմ ընկերներ: Էյ, Դոն, գնանք ընթրելու, Օքեյ, լավ, Ռիչարդ, ես կգամ, էյ, Դոն, արի մի տեղ գնանք: Օքեյ, Լարի, ավելի ուշ կտեսնվենք Նյու Յորքի ռեստորանում… Մենք հիանալի զրույցներ ենք ունեցել, պետք չէ, որ դուք իմանաք, թե ինչի մասին էինք խոսում, դա ձեր գործը չէ: Բայց մենք անհոգ էինք»,- անցած շաբաթ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը՝ նշված օրինակների միջոցով ցույց տալով, որ բարձրագույն պետական պաշտոնում ընտրվելու պատճառով կորցրել է իր բոլոր ընկերներին։

«Հանկարծ ես դարձա ԱՄՆ-ի նախագահ… Եվ այժմ նրանք ինձ զանգահարում են. «Պարոն նախագահ, սըր, արդյոք չե՞ք ցանկանում երբևիցե հանդիպել: Ես ասում եմ. «Հանգստացի՛ր, ինձ պարզապես Դոնալդ կոչիր, դու ինձ 30 տարի գիտես»: «Շատ շնորհակալություն, պարոնք նախագահ»»,- պատմել է Թրամփը։

Դժվար է ասել՝ որքանո՞վ է Թրամփն անկեղծ իր այս խոստովանության մեջ, որքանո՞վ է այն իսկապես մարդու ու մարդկանց մասին պատմություն, և որքանո՞վ՝ քարոզչական պատում։ Բայց անկախ դրանից՝ Թրամփի ներկայացրած այս մոդելը տեղի է ունենում բոլոր երկրներում, բոլոր պետությունների ղեկավարների պարագայում։

Հարցը, գլոբալ իմաստով, այն է, թե որքանով է պետության բարձրագույն պաշտոնն ազդում անձի մարդկային որակների վրա, որքանով է պաշտոնը մարդուն ավելի մարդ, կամ հակառակը՝ հակամարդ դարձնում։ Այդ առումով Թրամփի առաջարկած մեխանիզմը լավագույն կատալիզատորներից մեկն է՝ որքանո՞վ են երկրի ղեկավարի նախկին՝ մինչպաշտոնական շրջանի ընկերները շարունակում այդպիսին մնալ նրա կյանքում, ազդո՞ւմ է արդյոք պաշտոնն ընկերության վրա, թե՞ ոչ։

Հոգեբաններն ամենատարբեր տեսությունների հղում կատարելով՝ կպնդեն, որ դա ղեկավարի դիմանկարը բնորոշող լավագույն կատալիզատորներից մեկն է։ Իսկ ինչպիսի պատկեր կստանանք թրամփյան այս մոդելը Նիկոլ Փաշինյանի պարագայում կիրառելու դեպքում։ Տխուր, չափազանց տխուր պատկեր, եթե՝ հակիրճ։

Ինչպես Թրամփի պարագայում, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի դեպքում ընկերներ չկան։ Փաշինյանին շրջապատում են ոչ թե ընկերները, այլ ենթակաները։ Անգամ նախկինում ընկեր եղածներն այսօր նրա կողքին են՝ որպես ենթականեր։ Փոխարենը, նրա նախկին իրական ընկերների զգալի մասը, ովքեր այսօր Փաշինյանի կողքին չեն, նրա կոշտ քննադատներն են։ Ըստ ամենայնի, այն պատճառով, որ չեն համաձայնել անցնել ընկերոջից ենթակա դառնալու փաշինյանական իմպերատիվի  միջով։ Նիկոլ Փաշինյանը զրկվել է ընկերներից, բայց զրկվել է սեփական, գիտացված ընտրության ու որոշման արդյունքում։ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը նախընտրել է ընկերներից, իրական ընկերներից։ Որովհետև իրական ընկերները ոչ թե քծնում են, այլ բարձրաձայնում են ճշմարտությունը, իրական ընկերները ոչ թե օգնում են էլ ավելի բարձրանալ փառամոլության կործանարար աստիճանով, այլ իջեցնում են այդ օդեղեն բարձունքից։

Բայց իրական ընկերները երկրի ղեկավարի կողքին կարող են մնալ միայն այն դեպքում, երբ նա ինքն է դա ցանկանում և ընկերությունը չի շաղկապում իշխանությանը։

Փաշինյանի դեպքում իշխանությունը վեր է ընկերությունից։ Շատերի համար դա կարող է ներկայանալ՝ որպես դրական հատկանիշ, ոմանք կարող են պնդել, որ այդպիսով Փաշինյանը չի տրվում շատ այլ ղեկավարներին բնորոշ նեպոտիզմին, բայց դա այդպես չէ, քանի որ իրականում նրա բազմաթիվ քայլեր նեպոտիզմի դասական արտահայտություններ են։ Անհատական հարթությունում, առանց իրական ընկերների ապրելու որոշումը, իհարկե, Նիկոլ Փաշինյանի անձնական գործն է, ցանկացած մարդ ինքն է ընտրում՝ ունենա՞լ իրական ընկերներ, թե՞ ոչ։ Բայց այդ խիստ անձնական երևույթը՝ որպես անձի վարքի, որպես դրա հետևանք՝ նաև նրա կայացրած որոշումների վրա ազդող գործոն, արդեն ունի հանրային ու համապետական նշանակություն։ Որովհետև անընկեր մարդու կայացրած որոշումների հիմքում ընկած է լինելու ոչ թե մարդը, այլ իշխանությունը։ Այն իշխանությունը, որը մարդու մեջ սպանում է մարդուն, ընկերոջ մեջ՝ ընկերոջը, մարդուն դարձնելով ոչ թե իշխանության տերը, այլ դրա ստրուկը։ Ճիշտ այնպիսի  ստրուկ, որին հենց Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ կոչ էր անում սպանել մարդկանց իրենց ներսում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս