Ապահովագրվող Հայաստան
Ապահովագրությունը Հայաստանում երկար պատմություն ունի: Ոլորտի ընդարձակումը կարելի է բացատրել ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման ներդրմամբ:
Վերջին տարիներին ապահովագրության ոլորտում գործում է յոթ կազմակերպություն: Ապահովագրավճարներն ամեն տարի աճում էին: Հետևաբար՝ կարելի էր խոսել ոլորտի առաջընթացի մասին: Սակայն այս տարվա տնտեսական անկումն արդեն նկատելի է նաև ապահովագրական բիզնեսի ոլորտում: Դա նկատելի է կիսամյակային տվյալների համադրմամբ: 2018թ․ առաջին կիսամյակի ապահովագրավճարների ընդհանուր ծավալը 22 մլրդ 271.6 մլն դրամ էր: Անցած տարի այն ռեկորդային ցուցանիշի հասավ՝ 26 մլրդ 462,7 մլն դրամ: Այս տարվա առաջին կիսամյակն ավելի «համեստ» է՝ 24 մլրդ 332 մլն դրամ:
Մեր ապահովագրական համակարգի տվյալներն ուսումնասիրողն իր համար անակնկալ կպարզի, որ մեզ մոտ կյանքի ապահովագրում չկա: Ապահովագրության հիմնական ուղղություն-ոլորտներն են անձնական, գույքի, պատասխանատվության և ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրությունը: 2019թ․ անձնական ապահովագրությամբ հավաքվել է ընդհանուր ապահովագրավճարների մոտ 29 տոկոսը: Գույքի ապահովագրմամբ՝ 17 տոկոսը: Պատասխանատվության ապահովագրավճարների տեսակարար կշիռը 2 տոկոս էր:
Ամենախոշորը, բնականաբար, այսպես ասած, ԱՊՊԱ՝ ավտոմեքենաների ապահովագրությունն էր՝ մոտ 49 տոկոս: Մյուս տեսակների ընդհանուր կշիռն ընդամենը 3 տոկոսի չափ էր: Ամեն տարի ապահովագրավճարների 50-55 տոկոսը «վերադարձվում» է: Վերադարձվում է՝ որպես ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքերի հատուցում: Միանգամից ասենք, որ հատուցումների ամենամեծ բաժինը հենց ավտոմեքենաների ապահովագրությանն է բաժին հասնում:
Անձնական ապահովագրության կշիռը հատուցումներում 2019-ի տվյալներով՝ մոտ 33 տոկոս է: Գույքի ապահովագրության հատուցումը՝ մոտ 6 տոկոս: Ապահովագրության մյուս ոլորտների համար ընդամենը մի տոկոսի չափ է մնում, որովհետև հատուցումների մոտ 60 տոկոսն ԱՊՊԱ-ինն է: Իսկ ԱՊՊԱ-ն այս դեպքում պաշտոնապես կոչվում է «ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն»:
Դատելով գործող ապահովագրական պայմանագրերի քանակից՝ ոլորտում ինչ-որ բան այն չէ։ Այդ պայմանագրերի քանակը տարեցտարի ավելանում էր: 2018թ․ հունվարի 1-ի դրությամբ գործող 796 հազար 123 պայմանագիր կար: Դրանց թիվը 2019-ի հունվարի 1-ի դրությամբ 826 հազար 916 էր: 2020թ․ հունվարի մեկին գործող պայմանագրերի քանակն ավելի մեծ էր՝ 976 հազար 156 հատ: Ավելի մեծ էր, բայց՝ ոչ ռեկորդային: Որովհետև ռեկորդային քանակ արձանագրվեց այս տարվա առաջին եռամսյակում՝ 997 հազար 37 հատ: Բայց երկրորդ եռամսյակում քանակը կտրուկ նվազեց՝ դառնալով 946 հազար 258: Այս թվերին համահունչ է նաև առաջին կիսամյակների ապահովագրավճարների համադրումը: Անցած տարվա առաջին կեսին ապահովագրավճարների ծավալը մոտ 26.5 մլրդ դրամ էր: Իսկ այս տարվա թիվը մի քիչ է գերազանցում 24.3 մլրդ դրամը: Համապատասխանաբար՝ նվազել է նաև ավտոապահովագրման ծավալը:
Այս փաստը համարյա չի համադրվում մայրաքաղաքային խցանումների հետ: Խցանումները հուշում են, որ ավտոմեքենաների քանակն անցած տարվա համեմատ կտրուկ ավելացել է: Բայց պարտադիր ավտոապահովագրման 2019-ի առաջին կիսամյակի մոտ 11.2 մլրդ դրամի փոխարեն՝ այս տարվա համար հայտարարվում է 10.3 մլրդ դրամ: Այն, որ հատուցումների քանակը նախորդ տարվա համեմատ պիտի նվազեր, տրամաբանորեն կանխատեսելի էր: Ապրիլ-մայիս ամիսներին կտրուկ նվազել էր երթևեկը, հետևաբար՝ նաև վթարների քանակը: Պաշտոնական վիճակագրությունը «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման» 677 դեպք է գրանցել այս տարվա հունվար-հուլիսին՝ անցած տարվա 806 դեպքի դիմաց: Այս տարի տրանսպորտային միջոցներ փախցնելու 19 դեպք է արձանագրվել՝ անցած տարվա 43-ի դիմաց: Անցած տարվա մոտ 7.1 մլրդ դրամի փոխարեն՝ այս տարվա փոխհատուցումները կազմել են մոտ 6.9 մլրդ դրամ: Բայց միևնույն է՝ անհասկանալի է մնում պարտադիր ապահովագրման թե՛ ընդհանուր գումարների, թե՛ ապահովագրական պայմանագրերի քանակի նվազման փաստը:
Մյուս կողմից՝ հիմա մոդայիկ ու համարյա «ընկալելի» է դարձել համավարակը տնտեսական կյանքի ցանկացած բացասական երևույթի պատճառ հայտարարելը: