«Սրսկել են այն դեղը, որը չպետք է սրսկեին». «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանն անտիբիոտիկներից ալերգիա է ունեցել
Երեկ «Շենգավիթ» ԲԿ-ում 30-ամյա ծննդկան է մահացել: 168.am-ի հետ զրույցում ծննդկանի՝ Սեդայի ընկերուհին՝ Արփինե Մարգարյանը, պատմեց, որ սա նրա առաջին հղիությունն է եղել: Երեկ առավոտյան տարել են հիվանդանոց, որ ծննդաբերի, ամեն բան կարգին է եղել:
«40 շաբաթն արդեն լրացել էր, 41-ի մեջ էր արդեն: Սիրունյան Աշոտի մոտ էր հաշվառված: Գնացել է, որ արհեստական ցավեր տան, քանի որ չի սկսվում բնական գործընթացը, որ ծննդաբերությունը սկսվի: Ցավերը սկսվել են, առավոտից ամեն ինչ նորմալ է եղել: Մենք անդադար կապի մեջ ենք եղել, մեսինջերով խոսել ենք, որ ամեն ինչ նորմալ է գնում: Մինչև ժամը 6-7-ը, երբ Սեդան գրեց, որ էլ հնարավոր չի, ահավոր են ցավերը, և այլն: Դրանից հետո իր հետ կապը կորում է»,- պատմեց Արփինեն:
Մահացած ծննդկանի ընկերուհու խոսքով՝ մինչև ժամը 12-ն իրենց բոլոր զանգերին ի պատասխան՝ հայտնում էին, որ վիճակը ստաբիլ է, ամեն ինչ նորմալ է: Արդեն ժամը 12-ին ծննդկանի բուժող բժիշկը՝ Աշոտ Սիրունյանը, զանգում է Սեդայի ամուսնուն:
«Սիրունյանը զանգում է ամուսնուն, ասում է՝ այսինչ դեղից Ձեր կինն ալերգիա ունի՞, թե՞ չէ, ի՞նչ խնդիր ունի: Սեդան ուներ ալերգիա անտիբիոտիկներից, ինչի մասին քաջ տեղյակ է եղել Սիրունյանը, քանի որ իր բուժող բժիշկն է եղել մինչև հղիանալը: Մի անգամ մահից է պրծել Սեդան, որովհետև սովորական անտիբիոտիկից իր թոքերը ջուր են լցվում, ինքն ընկնում է ռեակցիայի մեջ: Մի անգամ նման դաժան դեպք եղել է, իրեն կարողացել են փրկել: Այդ դեղի մասին և՛ Սիրունյանն է տեղյակ եղել, հազար անգամ ասել են, և՛ իր թերթիկի մեջ «բոլդ» տառերով գրված է, որ ինքը էդ դեղերից ունի մահացու ալերգիա: Իրենք բռնում են, առանց նայելու՝ էդ դեղը սրսկում են: Ինչի արդյունքում՝ սրտի կանգ է լինում իր մոտ, թոքերը ջուր են լցվում, երիկամներն ատկազ են անում»,- ասաց ծննդկանի ընկերուհին:
Արփինեն ասաց, որ այդ ամբողջ ընթացքում հարազատները ներքևում սպասելիս են եղել: Հեռախոսազրույցից հետո ամուսինը և հարազատները փորձել են վերև բարձրանալ, սակայն չի հաջողվել:
«Այս մասին մենք մինչև գիշերը ժամը 3-4-ը չենք իմանում: Մեզ ոչ մեկը չի բարեհաճում ասի՝ էդ երեխեն ծնվե՞լ ա, մայրը ռեանիմացիայո՞ւմ ա, ի՞նչ վիճակում է, ոչ մեկը մեր զանգերին չի պատասխանում: Փորձում ենք մտնել ներս, ախրաննիկները, ոստիկանները շարված՝ ռեակցիա չեն տալիս: Ստացվեց այնպես, որ ժամը 5-ին մոտ փորձեցին ոստիկանների պատը ճեղքեն, անցնեն առաջ հարազատները: Նոր բարեհաճեցին ամուսնուն կանչել վերև և ցույց տալ, որ Սեդան մահացել ա: Սրսկել են այն դեղը, որը չպետք է սրսկեին, ամուսինը գոռացել ա՝ բա ո՞նց, Դուք գիտեիք, իր բժիշկն եք, Դուք գիտեիք, որ ինքն էդ դեղից ալերգիա ունի, ինչ վիճակում ա հայտնվում, Դուք անկետայի մեջ գրել եք, որ ինքն այդ դեղից վատանում է, Դուք եք օգնել, որ նա հղիանա: Էդ նույն դեղը սկսկելով՝ իրեն հասցրել են մահվան»,- պատմեց Արփինեն:
Ծննդկանի ընկերուհու խոսքով՝ Սեդան աղջիկ է ունեցել, երեխան նորմալ վիճակում է: Հայրն առավոտյան շորեր ու արհեստական կեր է տարել երեխային:
Մեր հարցին, թե գուցե ինչ-որ լուրջ խնդի՞ր է եղել, որ որոշել են այդ դեղը ներարկել, Արփինեն պատասխանեց, որ իրենց ոչինչ չեն ասել, իրենք ոչինչ չգիտեն:
«Դիակը հապշտապ փորձում են հիվանդանոցից հանել, կատարել դիահերձում՝ առանց ոստիկանների, առանց քննիչների, ամեն դեպքում մահ է գրանցվել, որ մաքրեն իրենց հետքերը, Աշոտ Սիրունյանն էլի կարողանա «պլստա» էս ամեն ինչից: Մենք չգիտենք՝ մեր աղջիկը երեխան ունեցել է բնակա՞ն, թե՞ կեսարյան ճանապարհով, պատկերացրեք, թե ի՞նչ կարգի անտեղյակ ենք, չեն բարեհաճել ասել, թե ո՞նց ա ծննդաբերել: Մենք միայն այն գիտենք, որ ինքը խոստովանել է, որ իրենք էդ դեղը տվել են՝ առանց կարդալու անկետան, առանց նայելու պատմությունը, որ մահացու խնդրի առաջ կարար կանգներ»:
Արփինեն նաև նշեց, որ գիշերը ժամը 2-ին իրենց հիվանդանոցից ուղարկել են դեղ գնելու, դեղը գնել ու բերել են:
«Հիվանդանոցը մեզ՝ հարազատներին, ուղարկում է էսինչ ապտեկայից դեղ բերելու, որ տան, որպեսզի թոքերից ջուրը դուրս գա: Գնում, բերում ենք, բայց Սեդան այդ ժամանակ արդեն չի եղել, մեզ չեն ասել, անընդհատ ասում էին՝ ստաբիլ է վիճակը»,- ասաց ծննդկանի ընկերուհին:
168.am-ը կապ հաստատեց նաև «Շենգավիթ» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բադալյանի հետ, ով ասաց, որ ավելի ուշ իրենք ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն կտարածեն:
«Միայն կարող եմ ասել, որ բժիշկներն ամեն ինչ արել են, որ փրկեն ծննդկանի կյանքը: Մեր տնօրինությունն իր ցավակցություններն է հայտնում ծննդկանի ընտանիքին»,- ասաց Բադալյանը: